Մերկելի չորրորդ ժամկետը Սարգսյանի համար այդ իրավիճակում

Serzh Sargsyan

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը այդ պաշտոնը ստանձնում է արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի շնորհիվ:

Իհարկե, այս անգամ Գերմանիային բավականին երկար ժամանակ պահանջվեց մեծամասնություն ձևավորելու և կառավարություն կազմելու կոալիցիոն համաձայնության համար, և այդ իմաստով կանցլերի չորրորդ ժամկետը սկզբունքորեն տարբերվում է նախորդ երեքից, սակայն, այդուհանդերձ, իրավիճակը և Սերժ Սարգսյանի շնորհավորանքը խիստ խորհրդանշական են: Եվ ոչ միայն զուտ այն ֆոնին, որ Հայաստանում էլ առաջիկա ամսի ընթացքում պետք է հանգուցալուծվի վարչապետի հարցը, այն էլ՝ կառավարման նոր մոդելի պայմաններում:

Թեև այստեղ, անշուշտ, կա հետաքրքիր հանգամանք՝ Սերժ Սարգսյանն էլ, ըստ էության, կարող է գնալ երրորդ անընդմեջ ժամկետին, իհարկե՝ առաջինը վարչապետի պաշտոնում, իսկ նախորդ երկուսը՝ նախագահի: Մերկելի չորրորդ ժամկետը Սարգսյանի համար այդ իրավիճակում, այսպես ասած, յուրօրինակ խաղաքարտ-փաստարկ է՝ այն իմաստով, որ կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում վարչապետական ժամկետներն ամենևին ժողովրդավարականության կամ հակաժողովրդավարականության ցուցիչ չեն: Ընդ որում՝ Սարգսյանն այդ փաստարկը կարող է ներկայացնել թե՛ ներսում, թե՛ դրսում:

Միևնույն ժամանակ, իհարկե, զավեշտալի կլինի համեմատել Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը Գերմանիայի խորհրդարանական կառավարման մոդելին: Թեև այս իմաստով էլ իրավիճակը խորհրդանշական է Մերկելին ուղղված շնորհավորանքի ֆոնին, քանի որ հայաստանյան մոդելի մի շարք առանցքային գործոններ վերցված են հենց գերմանական մոդելից, մասնավորապես անվտանգության խնդիրներին առնչության մասով: «Մեր երկիրն այս տարի թևակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը», ասում է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում:

Սարգսյանն անկասկած նրբորեն ակնարկում է հենց այն, որ գերմանական իրականությունն իր համար բավականին խոսուն փաստարկ է, և թերևս հենց այս մասով է Բեռլինը կամա, թե ակամա աջակցում Սերժ Սարգսյանի անցումային այս պլաններին: Ի վերջո, դրանցից հատկապես որի վրա կանգ կառնի Սարգսյանը, անշուշտ, բավական դժվար և թերևս սխալ է պնդել միանշանակ, քանի որ այստեղ անկասկած Գերմանիան փաստարկ է և աջակից, այդուհանդերձ ոչ միակ և վճռորոշ գործոն միջազգային լեգիտիմության մասով: Իսկ այդ խնդիրը Սերժ Սարգսյանի համար առավել կարևոր է, քան նույնիսկ ներքին լեգիտիմությունը:

Սակայն, խոշոր հաշվով, անհրաժեշտ է թերևս արձանագրել նաև այն, որ 2016 թվականի ապրիլի 6-ին Սերժ Սարգսյանը հենց Բեռլինում արեց քառօրյա պատերազմին առնչվող թերևս ամենաառանցքային հայտարարությունները՝ կապված «հզոր հովանավոր չունենալու», ասել է թե՝ պարկեշտ ու պարտաճանաչ դաշնակից Ռուսաստան չունենալու, 80-ականների սպառազինության և այլնի հետ, որոնք հնչեցին հենց Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում և ըստ էության՝ կարող են համարվել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար շրջադարձային իրադարձության առանցքային արձանագրումներ, որոնք, մեծ հաշվով, թերևս հանդիսացան Հայաստանի հետագա քաղաքականության, ընդհուպ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ոչ պաշտոնական հիմքը, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության «ռեսթարտը» ուղղակի տրվեց քառօրյա պատերազմից երկու օր անց Գերմանիայում, Մերկելի կողքին:

Ահա այդ իմաստով՝ չորրորդ անընդմեջ ժամկետի առումով Սարգսյանի շնորհավորանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ստանում է համալիր խորհրդանշականություն, և ոչ միայն զուտ վարչապետի խնդրի համատեքստում, այլ ըստ էության՝ Հայաստանի «չորրորդ հանրապետության»:

Spread the love