Ո՞րն է երաշխիքը, որ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները չեն դառնա ապակայունացման նոր օջախ

- in Կեղտոտ լվացք
Rus zinvor

Հայաստանում գտնվող ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կտեղակայվեն, հայտնում է «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը։ Նոր ստորաբաժանումը կհամալրվի մասնագետներով, ովքեր վերապատրաստվել են Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում։

Լուրը խիստ ուշագրավ է մի քանի ասպեկտով: Նախ` էական է հարցի իրավական բաղադրիչը. արդյո՞ք հայ-ռուսական պայմանագիրը նախատեսում է 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայումը, թե՞ դարձյալ գործ ունենք Մոսկվայի միակողմանի նախաձեռնության հետ, որի համար ստեղծվում է համապատասխան լրատվական, քարոզչական ֆոն:

Սակայն խնդիրն ավելի ուշագրավ է քաղաքական առումով: Ռուսաստանը, ըստ էության, մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում, ընդ որումռուսական ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայությունը, ըստ էության, առնչություն չունի նրա բուն գործառույթների, մանդատի հետ: Արդյո՞ք ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայության անհրաժեշտությունը թելադրված է այն մեղմ ասած, անմխիթար իրավիճակով, որը ստեղծվել է ռազմաբազայումոչ պատշաճ կառավարման հետևանքով: Առիթ ունեցել ենք քանիցս անդրադառնալ այս թեմային, որովհետև 102-րդ ռազմակայանը վաղուց անկայունության օջախ է դարձել Գյումրիում ազդելով քաղաքի քրեածին վիճակի վրա: Եթե ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ռազմաբազայի տարածքում տեղակայվում են բեսպրեդելը կանխելու նպատակով, ապա ռուսական կողմը ակամայից խոստովանում է, որ իրավիճակը լրացուցիչ վերահսկողության անհրաժեշտություն ունիըստ էության, կասկածի տակ առնելով այն հանգամանքը, որ ռազմաբազան ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Մյուս կողմից նունիսկ ռուսական մամուլը գրում է, որ Ռուսաստանի բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները հետևանք են անարդյունավետ կառավարման, ինստիտուցիոնալ կոռուպցիայի: Ո՞րն է երաշխիքը, որ այս ինստիտուցիոնալ արատների չվերացման պարագայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումները չեն դառնա ապակայունացման նոր օջախ:

Ինչպես արդեն նշեցինքռազմական ոստիկանության ստորաբաժանումները որևէ առնչություն չունեն բազայի առաքելության, այսինքն Հայաստանի անվտանգության ապահովման հետ, ինչը մտահոգություններ է ծնում, որ նրանք գուցե Հայաստանում տեղակայվում են ներքաղաքական զարգացումներին, անհրաժեշտության դեպքում միջամտելու համար: Մոսկվան բազմաթիվ անգամներ նման պաշտոնական և փորձագիտական ակնարկներ արել է` իր պարտքը համարելով հետսովետական տարածքում, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» սանձումը: Ակնհայտ է, որ նման քարոզչական կլիշեներով հող է նախապատրաստվում հարևան երկրների ներքին գործերին միջամտելու համար:

Խնդիրն ունի մեկ այլ կարևոր բաղադրիչ: Ռուսաստան-Արևմուտք հակադրության ֆոնին Ռուսաստանը տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ պատրվակներով մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանումմեր երկիրը վերածելով պոլիգոնի: Որևէ մեկը չի պնդում, որ Հայաստանի քաղաքական էլիտան պետք է չմտածված քաղաքականությամբ սրի հայ-ռուսական հարաբերությունները նոր ռիսկեր ծնելով Հայաստանի անվտանգության համար, մյուս կողմիցիշխանությունները պարտավոր են հայ-ռուսական հարաբերություններում հնարավորինս պահպանել մեր երկրի սուբյեկտությունը թույլ չտալով, որ արտաքին աշխարհում ռուսական ռազմաբազան ընկալվի որպես Հայաստանի գաղութացման ամոթալի խորհրդանիշ: