Ո՞ւմ է այն ուղղված, ի՞նչ մեսիջ է պարունակում ԱՄՆ դեսպանի արտահայտած դժգոհությունը

- in Տնտեսական
richard Mils

Այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը մատնացույց է անում կոռուպցիան և Հայաստանի զարգացման համար դրա հետևանքները, Հայաստանի քաղաքացու, հանրության համար, անկասկած, նորություն և անակնկալ չէ:

Ավելին, այդ առումով եղել է նույնիսկ բարձրագույն շեշտադրումը՝ կոռուպցիան սպառնում է ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը: Այդուհանդերձ, անկասկած է նաև, որ ԱՄՆ դեսպանի դեպքում իրավիճակը ամենևին «արջի իմացած յոթ երգ»-ի մասին ժողովրդական ասացվածքը չէ, և եթե հնչում է ահազանգը, ապա այն ունի թերևս ամենևին ոչ տեսական բնույթ, այլ պրակտիկ դիվանագիտության տարր է:

Եվ այդ իմաստով էլ ուշագրավ է դեսպան Միլսի հերթական ահազանգը Հայաստանում կոռուպցիայի, տնտեսական անհավասար մրցակցության մասին, որը, ըստ նրա, խոչընդոտում է Հայաստան ամերիկյան ներդրումների ներգրավմանը: Դեսպանի ահազանգը հնչում է Հայաստանի իշխանության ձևավորման վճռորոշ փուլում, երբ Հայաստանն ունի պառլամենտական կառավարման մոդելի համար ընտրված ներկայացուցչական, գրեթե զուտ արարողակարգային նախագահի պաշտոնի համար կատարված ընտրություն, և կա վարչապետի թեկնածության սպասում, որը, ըստ գրեթե բոլորի, արդեն վճռած հարց է Սերժ Սարգսյանի թեկնածության մասով, բայց որի վերաբերյալ դեռևս չկա որևէ պաշտոնական հստակ հայտարարություն:

Այս իրավիճակում ԱՄՆ դեսպանը հնչեցնում է ահազանգը կոռուպցիայի վտանգավորության, ներդրումների ներգրավման համար հարուցած լուրջ խնդիրների մասին: Ո՞ւմ է այն ուղղված, ի՞նչ մեսիջ է պարունակում ԱՄՆ դեսպանի արտահայտած դժգոհությունը: Օրինակ, մի շարք մենաշնորհների դեմ պայքարը, ներկրումների ռեալ ազատականացումը վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկում էր որպես իր կառավարության ձեռքբերում, այդ հանգամանքը դնելով իր հռետորաբանության առաջնային հատվածներում: Դեսպանը փաստորեն ասում է, որ այդ ուղղությամբ իրավիճակը ոչ միայն չի ենթարկվել սկզբունքային փոփոխության, այլ նույնիսկ շարունակում է մնալ խիստ մտահոգիչ: Այլ կերպ ասած՝ դա փաստացի անվստահություն կամ հիասթափություն է Կարեն Կարապետյանի կառավարությունից, հատկապես նկատի առնելով այն, որ այդ կառավարության հետ ԱՄՆ դեսպանատունը ծրագրում էր աշխուժացնել հակակոռուպցիոն պայքարը՝ նոր ռազմավարության, նոր ստեղծվելիք կառույցի միջոցով:

Ավելին, այդ քննարկումների ֆոնին, որ ծավալվում էին դեռևս Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակման առաջին ամիսներին, դեսպան Միլսը, ցուցադրաբար, խիստ ցածր գնահատեց նրա նախորդի հետ այդ ուղղությամբ աշխատանքը, այդպիսով քարտ-բլանշ տալով Կարեն Կարապետյանին: Բայց այժմ դեսպանը հայտարարում է, որ կոռուպցիան և անհավասարությունը մնում են մտահոգիչ և խոչընդոտում են ներդրումներին: Դա գործնականում նշանակում է, որ, եթե Հովիկ Աբրահամյանին ԱՄՆ վատ գնահատեց նրա պաշտոնանկությունից հետո, ապա Կարեն Կարապետյանի աշխատանքը վատ է գնահատվում նրա պաշտոնանկությունը դեռ չավարտած: Արդյո՞ք դա նշանակում է, որ Վաշինգտոնն այդպիսով արդեն Սերժ Սարգսյանին է քարտ-բլանշ տալիս՝ Կարեն Կարապետյանին հեռացնելու և վարչապետության անցնելու հարցում, ելնելով այն իրողությունից, որ Կարապետյանը, փաստորեն, անընդունակ եղավ համակարգը փոխելու, խաղի կանոնները փոխելու հարցում:

Վերջին հաշվով, եթե անգամ խնդիրը դիտարկենք այն տեսանկյունից, որ ԱՄՆ դեսպանի գնահատականների տողատակում Սերժ Սարգսյանի խոշոր պատասխանատվության շեշտադրումն է, ակնարկը, որ նա գործնականում թույլ չտվեց Կարապետյանին աշխատել և, ըստ այդմ, նրա փոխարեն վարչապետ լինելու հեռանկարը ԱՄՆ համար այնքան էլ ողջունելի չէ, միևնույն է, իրական քաղաքականության ռեժիմում խնդիրը այստեղ ռացիոնալության դաշտում այլ լույսի ներքո է: Վերջին հաշվով, անլուրջ կլինի մտածել, որ հակասահմանադրական մեխանիզմներով ձևավորվող, վերարտադրվող և կենսագործունեություն ծավալող համակարգում հնարավոր է իշխանության «սկուտեղի վրա մատուցում» որևէ մեկից մյուսին: Ըստ այդմ, որևէ մեկը՝ լինի հանրությունը, թե լինի իշխանական որևէ թև, կամ ունակ է գտնվում վերցնել իշխանությունը, տարածել սեփական ազդեցությունն ու հաստատել խաղի իր կանոնները, կամ չի գտնվում ունակ, և ըստ այդմ, «բնական ընտրության» տրամաբանությամբ, մնում է խաղից դուրս:

Այդ համատեքստում, անկասկած է, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը «սկուտեղի վրա» չէր մատուցելու Կարեն Կարապետյանին կամ որևէ մեկին՝ ամբողջատիրական և առավել ևս չավարտված պատերազմի պայմաններում գտնվող համակարգերում չի կարող լինել այդպիսի բան, և իշխանությունը, թեկուզ համակարգի ներսում, փոխանցվում է միայն ուժեղից ուժեղին: Դա, անկասկած, լավագույն տարբերակը չէ, սակայն դա բնական տարբերակն է, իսկ իրավիճակի որևէ դրական փոփոխություն գործնականում անհնար է, եթե փոփոխության որևէ հավակնորդ անհատ, խումբ, սուբյեկտ ի զորու չէ հաշվի առնել բնական վիճակն ու չանել տրամաբանական եզրահանգումներ մարտավարության ու ռազմավարության հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20