Որքան գումար ունեն Արմեն Սարգսյանն ու նրա կինը

- in Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին Բարձ-րաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2017 թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:

Մինչդեռ հանձնաժողովը, փետրվարի 15-ին արձագանքելով ՀԿ-ների հայտարարությանը՝ կապված Սարգսյանի հայտարարագրերում առկա խախտումների հետ, նշել էր, թե նրա՝ 2017 թ. հայտարարագիրը, օրենքին համապատասխան, ենթակա է ներկայացման մինչև ս.թ. մարտի 30-ը: Նկատենք, որ նախորդ տարիներին հայտարարագրերը Սարգսյան ամուսինները ներկայացրել էին ժամկետների խախտմամբ, Սարգսյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի տարի անց՝ 2017-ին:

Այսպես՝ Ա. Սարգսյանը 2017-ին նույնպես հայտարարագրել է միայն դրամական միջոցներ՝ 5 մլն 700 հազար եվրո, որը հարկային տարեվերջին կազմել է 5 մլն 500 հազար: Այսինքն՝ առանց աշխատավարձի դեսպան աշխատած Արմեն Սարգսյանն ընդամենը 200 հազար եվրո է ծախսել 2017-ին:

Նրա կինը՝ Նունե Սարգսյանը, հայտարարագրել է 780 հազար եվրո, որը տարեվերջում նվազել է՝ 710 հազար: Փաստորեն, Սարգսյան ամուսինների ունեցվածքը՝ դրամական միջոցների մասով, տարեցտարի «մաշվում» է, նրանց եկամտի աղբյուրներն էլ «ցամաքել» են: Եվ սա այն դեպքում, երբ Ա. Սարգսյանը մի շարք ընկերություններ ունի, որոնք գործունեություն են ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում և տարբեր երկրներում: Մասնավորապես՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղազախստանում և այլուր: Բոլոր այդ բիզնեսները, ըստ սահմանադրական պահանջի, նա պետք է հավատարմագրային կառավարման հանձնի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո»։

Spread the love