Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն ավելի խստանալու են

putin

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ խորհրդարանում հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որի համաձայն՝ «շատ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանն է կազմակերպել նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորումը»։

66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը թունավորել են Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սալսբուրի ավանում։ Բրիտանական վարկածի համաձայն՝ Սկրիպալներին թունավորել են «Նովիչոկ» տեսակի պարալիտիկ նյութով, որը Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում ստեղծել են բանակի համար։

Մեյն ասել է, որ Լոնդոնը Ռուսաստանի դեսպանից պահանջել է մինչև մարտի 13-ը հստակ պարզաբանում տալ, թե ինչ ճանապարհով բանակի համար ստեղծված թունավոր նյութը կարող էր բերվել Բրիտանիա և օգտագործվել Սկրիպալին թունավորելու համար։

«Եթե այս հարցին արժանահավատ պատասխան չտրվի, մենք տեղի ունեցածը կգնահատենք իբրև Ռուսաստանի պետության կողմից ուժի ապօրինի գործադրում Մեծ Բրիտանիայի նկատմամբ»,- հայտարարել է վարչապետը: «Մենք չենք հանդուրժի մեր հողի վրա անմեղ մարդու սպանելու փորձ»,- ասել է Մեյը։

Մի քանի ժամ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անվերապահ աջակցություն է հայտնել Լոնդոնին՝ տարակուսելով, որ Ռուսաստանը ենթադրաբար շարունակում է նման գործունեությունը Ուկրաինայում, Սիրիայում, հիմա էլ՝ Մեծ Բրիտանիայում: Թիլերսոնն աննախադեպ խիստ գնահատական է տվել՝ ասելով, թե Ռուսաստանը մնում է անպատասխանատու ուժ, որը ոտնձգություններ է կատարում այլ երկրների ինքնիշխանության և սեփական քաղաքացիների կյանքի դեմ:

Կասկածից վեր է, որ եթե պաշտոնական Լոնդոնի նախնական վարկածը հաստատվի, Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն ավելի խստանալու են՝ նպատակ ունենալով լուսանցք մղել Պուտինի ռեժիմը: Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվում է Ռուսաստանում հունիսին մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մի քանի հավաքականի մակարդակով բոյկոտելու հնարավորությունը, ինչը մեծ հարված կլինի Ռուսաստանի միջազգային և Պուտինի անձնական հեղինակությանը:

Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը ներքաշվում է միջազգային աղմկոտ անվերջանալի սկանդալների հորձանուտ՝ դրա հատակում խեղդելով կայսրության տեսլականը: Ռուսական իշխանությունը գործնականում միջազգային բանդիտի համբավ ունի. Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատան տարածքում հայտնաբերվում է կոկաինի մեծ խմբաքանակ՝ հիմքեր տալով պնդումների համար, թե Ռուսաստանի իշխանությունները բարձր մակարդակով զբաղված են թմրանյութերի մաքսանենգությամբ: Մեծ Բրիտանիայում թունավորվում է ռուսական հատուկ ծառայությունների նախկին գնդապետ՝ հիմքեր ստեղծելով պնդումների համար, որ Ռուսաստանը իր սահմաններից դուրս սպանում, ֆիզիկապես ոչնչացնում է իր համար անհաճո մարդկանց, այդ թվում՝ այլ երկրների պետական գործիչների:

Չնայած Ռուսաստանի կերպարը հայաստանցիներիս համար բացահայտվել է դեռ քսան տարի առաջ, երբ նույնիսկ մեր ռուսամետ հասարակությունը համոզվեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի արյունոտ հետքերը տանում են Մոսկվա:

Spread the love