Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում իր լեգիտիմության բացը տարիների ընթացքում փորձել է լրացնել շախմատի ֆեդերացիայում կամ ԵՊՀ-ում

- in Կեղտոտ լվացք
chess shaxmat

Սերժ Սարգսյանը նախօրեին Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը` խորհրդանշական առաջին քայլն անելու համար:

Հայաստանի նման աղքատ երկրի համար մեծ շռայլություն է` պետական բյուջեից տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել միայն այն բանի համար, որ շախմատն, ըստ էության, Սերժ Սարգսյանի հոբբին է:

Համենայն դեպս, պաշտոնական լրահոսը չի հաղորդում Բեռլինում Սերժ Սարգսյանի ունեցած պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումների մասին: Google-ից վերցրած տրաֆարետային արտահայտություններով շախմատն արժևորելը կամ հայերենով ելույթը շախմատի պատասխանատու օտարազգի փոքր շրջանակի առջև, համաձայնեքորևէ կերպ չեն նպաստում Հայաստանի, նույնիսկ Սերժ Սարգսյանի անձնական հեղինակության բարձրացմանը:

Նման այցերը, ելույթները, մեծ հաշվով, կառավարման անտաղանդության ու նաևպետական առաջնահերթությունների չգիտակցման դրսևորում են: Տասնյակ հազարավոր դոլարներ ծախսելը, հեղինակավոր մրցաշարին խորհրդանշական մեկնարկ տալը կարող էին արժևորված լինել, եթե դրանք Սերժ Սարգսյանի բեռլինիյան ավելի տարողունակ պետական օրակարգի, այսպես կոչված, մարզական լրացումը լինեին: Հակառակ պարագայում որևէ կերպ արդարացված չեն պետական ծախսերը, մանավանդ, որ դրանցով միանգամայն հնարավոր էր մի դպրոց կամ մանկապարտեզ վերանորոգել կամ մի սահմանամերձ գյուղ բարեկարգել: Սակայն խնդիրն ունի ավելի խորքային ենթաշերտ:

Ավտորիտար քաղաքական մշակույթի դրսևորում է, երբ պետության ղեկավարն իր պաշտոնը համատեղում է այլ ֆունկցիաների հետ: Պետության ղեկավարի կարգավիճակն այնքան բազմաբովանդակ և բազմաշերտ օրակարգ է ենթադրում, որ իր լիազորությունների պատշաճ կատարումը Սերժ Սարգսյանը որևէ կերպ չպետք է կարողանար համատեղել շախմատի ֆեդերացիայի կամ ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնների հետ: Շախմատի կամ ԵՊՀ նկատմամբ պետական հոգածությունը կարող են և պետք է դրսևորվեն` առանց ֆեդերացիայում կամ Մայր ԲՈՒՀ-ում Սարգսյանի ֆորմալ կարգավիճակների:

Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում իր լեգիտիմության բացը տարիների ընթացքում փորձել է լրացնել շախմատի ֆեդերացիայում կամ ԵՊՀ-ում: Եթե նույնիսկ մեր հրաշալի շախմատիստները տաս անգամ անընդմեջ նվաճեն օլիմպիական չեմպիոնի կոչումը, միևնույն էդա չի կարող քողարկել Սերժ Սարգսյանի, մեղմ ասած, անարդյունավետ պետական քաղաքականությունը երկրի ղեկավարի պաշտոնում: Կամ ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ներկայությունը ոչ թե նրան ակադեմիական է դարձնում, այլ համալսարանը վերածում է «կազարմայի» խեղդելով այլակարծության և բազմակարծության որևէ դրսևորում:

Պետության ղեկավարի օրակարգն անհրաժեշտ է «բեռնաթափել» այդ կարգավիճակի հետ չառնչվող պարտականություններից, իսկ կրթությունը, գիտությունը և սպորտն` «ազատագրել» պետական կամ օլիգարխիկ «օկուպացիայից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20