Սերժ Սարգսյանը պետք է հիմնավորի, թե ինչու չի ուզում լինել վարչապետ

Vahram Baghdasaryan

«Քաղաքականությունը խայտաբղետ է, և քաղաքական զարգացումները թելադրում են նոր պահանջներ: Քաղաքականության մեջ ամեն օր փոխվում են բաներ և ամեն գիշեր կարող են բաներ փոխվել:

Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ չպետք է ցանկություններին, հավակնություններին տուրք տալ: Ես խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Սերժ Սարգսյանը միանձնյա չէ որոշումներ կայացնում, այլ որոշում պետք է կայացնի թիմը: Յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է ունենալ իր կարծիքը, բայց որոշումը կայացնում է քաղաքական թիմը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` նկատելով, որ քննարկումներ դեռ չկան, երբ քննարկումները կկազմակերպեն, վարչապետի թեկնածուի անունը հայտնի կլինի կանոնակարգ-օրենքին համապատասխան օրերի ընթացքում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներ դեռ չի կազմակերպել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:«Քննարկումներ դեռ չունենք: Երբ կազմակերպենք այդ քննարկումները, վարչապետի մեր թեկնածուի անունը հայտնի կլինի կանոնակարգ-օրենքին համապատասխան օրերի ընթացքում»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռ սահմանադրական բարեփոխումներից առաջ հայտարարել էր, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում չի հավակնի ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոններին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ քաղաքականությունը խայտաբղետ է, և քաղաքական զարգացումները նոր պահանջներ են թելադրում: «Քաղաքականության մեջ ամեն բան կարող է փոխվել, և քաղաքականության մեջ ցանկություններին և հավակնություններին տուրք տալ պետք չէ»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Վահրամ Բաղդասարյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը որոշումները միանձնյա չի կայացնում: «Երբ մենք կքննարկենք այդ հարցը, և կլինեն թեկնածուներ, ովքեր կհրաժարվեն, և պատճառները հիմնավոր կլինեն, մենք այդ հիմնավորումները կհարգենք»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է ունենալ սեփական կարծիք և միանձնյա հայտարարություններ անել, իսկ որոշումը քաղաքական ուժն է կայացնում, որին բոլորն անխտիր պետք է ենթարկվեն: Հարցին, եթե ինքը մի բան հայտարարի, սակայն քաղաքական թիմն այլ որոշում կայացնի, պատրաստ կլինի՞ հետ կանգնել իր խոսքից և ենթարկվել թիմի որոշմանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե թիմը քաղաքական զարգացումները գնահատում է և այլ որոշում է կայացնում, ես՝ որպես պարկեշտ քաղաքական գործիչ, պարտավոր եմ ենթարկվել քաղաքական որոշումներին»:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու պարագայում ընդդիմությունը պատրաստվում է փողոցային պայքար սկսել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը խնդրեց ուշադրություն դարձնել վերջին շրջանում ընդդիմության կազմակերպած ցույցերին և հետևություններ անել: «Բացի այդ, մենք դեռ վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունենք, բայց իրենք, կարծես, առաջադրում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եթե իրենք առաջադրեն, մենք այդ հարցը կքննարկենք»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե կարո՞ղ է ՀՀԿ-ն անակնկալ մատուցել ընդդիմությանը և վարչապետի պաշտոնում առաջադրել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մեկ ուրիշ անձի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անակնկալների մի սպասեք: Մենք դեռ որոշում չունենք, իսկ  քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:  Ամեն օր բաներ են փոխվում, քաղաքական զարգացումներին համապատասխան ինչ-որ բաներ կարող են փոխվել»:

Spread the love