Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Serj Robert

Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Մարտի 1-ի գործով իրեն հարցաքննելու միջնորդությանը, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արել է Գլխավոր դատախազությանը:

Իհարկե, մեղմ ասած, քիչ հավանական է, որ Գլխավոր դատախազությունը դրական արձագանքեր այդ միջնորդությանը, մյուս կողմից, սակայն, Քոչարյանին թերևս անհանգստացրել է այն, որ նրան հարցաքննելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, որը Մարտի 1-ի գործով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահն էր: Չի բացառվում, որ այդ հանգամանքն է ստիպել Քոչարյանին լուրջ մոտենալ Փաշինյանի միջնորդությանը և իր գրասենյակի ղեկավար Սողոմոնյանի շուրթերով խախտել տևական լռությունը:

Ընդ որում, հետաքրքիր է, որ Քոչարյանի «պոտենցիալ» հարցաքննության շուրջ աղմուկը հաջորդեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով Արցախում կազմակերպված պաշտոնական միջոցառմանը նրա մասնակցությանը, որը ինչ-որ իմաստով անսպասելի էր: Գուցե այդ մասնակցությունն էլ անհանգստացրել էր Սերժ Սարգսյանին, որը փորձեց դրանից հետո մարտիմեկյան թեմայի գեներացմամբ զգուշացնել Քոչարյանին, որ քաղաքական հավակնությունների վերականգնումը կարող է արժանանալ հարվածների: Իսկ Մարտի 1-ն անշուշտ այն գլխավոր զենքն է, հարվածային գլխավոր գործիքը, որ կարող է կիրառվել Քոչարյանի դեմ:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն է Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը: Այստեղ էլ թերևս կա տողատակ՝ հաշվի առնելով վերևում նկարագրված իրավիճակը, որ մարտիմեկյան թեմատիկայի գեներացիան կարող էր լինել Սերժ Սարգսյանի ակնարկները Ռոբերտ Քոչարյանին՝ ապրիլյան զարգացումների և իշխանության խնդրի հանգուցալուծման ներկայիս վճռորոշ, թեկուզ միջանկյալ շրջափուլին ընդառաջ: Ու քանի որ Քոչարյանը մեծ հավանականությամբ թեմայի գեներացիայի հետևում տեսնում է ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանությանը, Սերժ Սարգսյանին, ապա ընդդիմության, մասնավորապես՝ Փաշինյանի քայլը դիտարկում է դե ֆակտո որպես Սերժ Սարգսյանի շահերին ու մտադրություններին համահունչ:

Ըստ այդմ, ակնարկը, թե Փաշինյանն է Մարտի 1-ի կազմակերպիչը, մի կողմից՝ իրավիճակի գնահատման ավանդական իշխանական տրամաբանությունն է ՝ ինչպես ոչնչով չապացուցված հայտարարությունը, թե ցուցարարները ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա, մյուս կողմից էլ՝ թերևս տողատակում ուղղված է Սերժ Սարգսյանին: Քոչարյանն այդպես թերևս փորձում է ակնարկել Սարգսյանին Մարտի 1-ի պատասխանատվության նրա բաժնի մասին՝ գուցե հասկացնելով, թե հնարավոր չէ ամբողջ պատասխանատվությունը «անմնացորդ» ու «անմասն» դուրս գրել իր վրա:

Այս իրավիճակում խորհրդարանի առաջիկա քառօրյայում սպասվում է Մարտի 1-ի թեմայով «Ելք» դաշինքի պատրաստած հայտարարության նախագծի քննարկումը, որին նախորդ քառօրյայում ՀՀԿ-ն անսպասելիորեն քվեարկեց կողմ՝ հայտարարելով, թե չի խանգարի «Ելք»-ի նախագծի քննարկմանը:

Այդպիսով, առաջիկա քառօրյայում թերևս կհնչի Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին, և քննարկումների բովանդակությունից ու ՀՀԿ պատգամավորների մոտեցումներից պարզ կլինի, թե ինչպիսին է լինելու այդ պատասխանը, և Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կփակե՞ն թեման, թե՞ այն նոր է միայն վերաբացվում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20