Քրոմ ու կապար՝ Երևանի խաղահրապարակներում

- in Մամուլ
Jrvezh Yerevan

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը «Ապահով խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» նախաձեռնության թիմը Երևանի վարչական շրջանների 26 խաղահրապարակներից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակցի հետ վերցրել են հողի և ավազի 29 նմուշներ ինչպես բակային խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների անմիջական շփման հատվածներից, այնպես էլ՝ դրանց հարակից տարածքներից և ավազամաններից: Տարածքով ամենափոքր վարչական շրջաններից՝ Նուբարաշենից և Նորք–Մարաշից իրականացվել է մեկական նմուշառում, ամենամեծերից 3–5–ական, իսկ մյուսներից՝ 2–ական նմուշ:

Նմուշները լաբորատոր հետազոտության են ենթարկվել, ուսումնասիրվել են խաղահրապարակների հողի և ավազի մեջ 10 ծանր մետաղների առկայություն՝ քրոմ, վանադիում, ցինկ, արսենիում, մոլիբդեն, պղինձ, նիկել, կապար, կադմիում և սնդիկ: Արդյունքում պարզվել է, որ խաղահրապարակները և շրջակա տարածքները հագեցած են ծանր մետաղներով:

Փորձաքննության ուղարկված 29 նմուշներից 26–ում հողում քրոմի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի(ՍԹԿ) գերազանցումներ են արձանագրվել:

Քրոմի թե՛ անբավարար քանակը և թե՛ ավելցուկն օրգանզիմում խնդիրներ է առաջացնում: Առաջինի դեպքում առաջանում է շաքարախտի նման երևույթ, նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, իսկ քրոմի ավելցուկն առաջացնում է թունավորում: Բացի քրոմից, կապարի և նիկելի սահմանված չափաքանակի գերազանցումներ էլ են գրանցվել: Հետազոտված 29 նմուշներից 9–ում, որոնք վերցվել են Նոր Նորքի 1–ին զանգվածում, Քանաքեռ–Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող խաղահրապարակներից, արձանագրվել է գերազանցման 2–րդ՝ ցածր մակարդակ:

Կապարը կենդանի օրգանիզմների վրա ունեցած ազդեցությամբ պատկանում է խիստ վտանգավոր նյութերի թվին, կապարի անվտանգ չափաքանակ գոյություն չունի: Կապարի բարձր պարունակությունն առաջացնում է սակավարյունություն, նյարդային և հորմոնալ խնդիրներ: Այս մետաղի նկատմամբ շատ զգայուն են հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները:

Երևանյան միակ խաղահրապարակը, որտեղ գերազանցումներ չեն հայտնաբերվել, գտնվում է Նորք–Մարաշում, որի հարակից տարածքում, սակայն, արձանագրվել է քրոմի ՍԹԿ–ի գերազանցում»:

Spread the love