Այս շարժումը շատ ավելի ընդգրկուն էր, քան 88-ի շարժումը․ Նիկոլը մաշկով էլ է զգում ժողովրդին. Սամսոն Ղազարյան

cuyc tsap

«Այս շարժման և 88 թվականի շարժման նմանությունը ժողովրդի ինքնաբուխ պոռթկումն էր, միացումը շարժմանը։ Բայց այս շարժումը շատ ավելի ընդգրկուն էր, քան 88-ի շարժումը․ այսօր ամբողջ Հայաստանն է ոտքի կանգնել, Սփյուռքը, իսկ 88-ին միայն Երևանն էր»,- ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ իրենց 88 թվականին միայն մեկ անգամ հաջողվեց այդքան մարդ հավաքել, բայց մեկ է՝ վերջին օրերի հանրահավաքներն անհամեմատելի են, մոտ երկու անգամ ավելի շատ, քան իրենց ժամանակ։

Սամսոն Ղազարյանի խոսքով՝ ժողովուրդը դուրս եկավ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ բանաձև գտավ ժողովրդին փողոց հանելու համար։ Դրան էլ գումարվեցին համատարած անարդարության, կոռուպցիայի ու անօրինականության գործոնները։

«Թավշյա, ժողովրդական հեղափոխությունն այլևս փաստ է։ Աներկբա է, իրողություն։ Եվ հիմա հարկավոր է գործի վերածել այդ հաղթանակը, ոչ թե էներգիան պարպել։ Նիկոլն ինչ անում է, ճիշտ է անում։ Հրապարակը պետք է լիքը պահել, կուլիսների հետևը չմտնել ու ժողովրդի աչքի առաջ ամրագրել հաղթանակը։ Հրապարակն է պատվիրակում այդ պատասխանատվությունը նրան»,- ասաց Ղազարյանը։

Սամսոն Ղազարյանի խոսքով՝ ինքը Նիկոլ Փաշինյանին լավ է ճանաչում, Նիկոլը մաշկով էլ է զգում, թե ինչ է ուզում ժողովուրդը և ինչ է պետք ժողովրդին: «Նույնիսկ «Ղարաբաղ» կոմիտեի կազմում քիչ մարդ կար, որ այդպես՝ Նիկոլի պես կարողանում էր էքստրեմալ իրավիճակներում արագ կողմնորոշվել։ Նա պաուզա չի տալիս, նա միանգամից խնդրին լուծում է տալիս»,- ասաց Ղազարյանը։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամի խոսքով՝ այս շարժումը լավագույն դասն էր իշխանություններին, նաև հետագա բոլորին, ովքեր կգան իշխանության, նրանք միշտ պետք է հիշեն, որ հայ ժողովուրդը ունակ է ոտքի կանգնել և պաշտպանել իր իրավուքնները։ «Ձայն բազմաց, ձայն Աստծո։ Սա պատահական չի ասված»,- ասաց Ղազարյանը։

Spread the love
  • 8
    Shares