Առա՛ջ Հայաստանի քաղաքացի, առա՛ջ Հայաստան

- in Վերլուծական
hayastan-armenia

Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Մի բան, որը այլևս այլընտրանք չուներ, որն այլևս այն նվազագույնն էր, որ անհրաժեշտ էր Հայաստանն աղետի չենթարկելու համար:

Եվ ոչ միայն աղետի չենթարկելու համար, այլ երկիրը համակած համաժողովրդական վերելքն ու զարթոնքը չբանտարկելու համար, ոտքի կանգնած քաղաքացիներին չկոտրելու համար, որը Հայաստանի գլխավոր զենքն է բոլոր իրավիճակներում և բոլոր մարտահրավերների դեմ: Միևնույն ժամանակ, հասարակության վերելքին զուգահեռ անշուշտ անհրաժեշտ է արձանագրել իշխանության մեջ ի վերջո ադեկվատության հաղթանակը:

Իհարկե Հայաստանում ծավալված աննախադեպ շարժումը հավաքեց այնպիսի թափ, որի պարագայում իշխանությանը, ըստ էության, չէր մնում այլ ելք, սակայն, մյուս կողմիցմ իրավիճակը գուցե ունի այսպես ասած՝ երկու ծայր կամ երես և անկասկած է, որ այս ամենն արդեն ուրիշ Հայաստանի դրսևորում է: Ընդ որում, ուրիշ Հայաստանը ամենևին իդեալական, անթերի, անխնդիր Հայաստանը չէ, և պետք էլ չէ մտածել այդպիսի Հայաստանի մասին, կամ ընդհանրապես այդպիսի պետության: Ուրիշ Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ խնդիրներն ու հարցերը լուծվում են պարզապես ուրիշ՝ օրենքի և իրավունքի, ազատությունների և արդար մրցակցության միջոցով: Գնո՞ւմ ենք դեպի այդ Հայաստան: Իհարկե դեռ պարզ չէ, իհարկե համաժողովրդական ցնծության ու վերելքից հետո գրեթե անխուսափելի է լինում անկումը, սակայն խնդիրը հենց այն է, որ ուրիշ Հայաստանի մեխանիզմները պետք է ապահովեն, որ անկումը լինի ընդամենը այնպիսին, ինչպիսին տոնից հետո աշխատանքային առօրյայի վերադառնալն է, որն անխուսափելի և անհրաժեշտ է հաջորդ տոներն ունենալու համար:

Ըստ այդմ, այսօր Հայաստանում տոն է՝ ոչ թե Սերժ Սարգսյանի հեռանալու, այլ դրա առիթով տոն, որն իրականում հասարակության վերելքի, ինքնավստահության, սեփական ուժերին հավատալու, հաղթանակի զգացումը վերգտնելու, պետականության զգացումը վերբեռնելու տոնն է: Ինչպե՞ս կվերադառնանք աշխատանքային առօրյա, ինչպես կկազմակերպենք աշխատանքը, ինչպես կշարունակենք ու կամրացնենք ուրիշ Հայաստանը: Դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է փնտրվեն հանրության բոլոր շերտերում, դասեր քաղելով այլևս անցնող երկու տասնամյակի կամ քառորդ դարի խորքային սխալներից, և ուժ ստանալով արցախյան շարժման երեսնամյակին ձևավորված նոր շարժման հաղթանակից ու տոնից:

Առա՛ջ Հայաստանի քաղաքացի, առա՛ջ Հայաստան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20