Աստանան միջազգային ամենահեղինակավոր հարթակում չի պաշտպանել իր դաշնակցի նախաձեռնությունը, իսկ Հայաստանը …

Nazarbaev

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ ուշ երեկոյան մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Նախագիծը պահանջում էր նաև դադարեցնել ագրեսիան մերձավորարևելյան պետության նկատմամբ:

Փաստաթուղթը չի ունեցել անհրաժեշտ 9 կողմ ձայները: Բանաձեւի նախագիծը պաշտպանել է երեք երկիր՝ Ռուսաստանը, Բոլիվիան և Չինաստանը: Ութ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, արտահայտվել են դեմ դրա ընդունմանը, ևս չորս երկիր՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակածային Գվինեան և Եթովպիան ձեռնպահ են եղել:

Քվեարկության պատկերը կանխատեսելի է և, մեծ հաշվով, բխում է միջազգային այսօրվա ստատուս-քվոյից: Ինտրիգայինը թերևս Ղազախստանի քվեարկությունն է. Աստանան միջազգային ամենահեղինակավոր հարթակում չի պաշտպանել իր դաշնակցի նախաձեռնությունը, այլ խոսքով` չի ցանկացել Սառը պատերազմի ռեժիմում հայտնվել Ռուսաստանի ճամբարում:

Ի դեպ, ուշագրավ է, որ ՄԱԿ-ի քվեարկությունից ընդամենը ժամեր առաջ ՀԱՊԿ Մշտական կոմիտեն հակաարևմտյան շեշտադրումներով հայտարարություն էր տարածել, և Ղազախստանը Նյու Յորքում փաստորեն հրապարակավ, ի տես աշխարհի բացահայտեց իր իրական դիրքորոշումըթերևս բացահայտելով ՀԱՊԿ ինստիտուցիոնալ չկայացվածությունը, ֆորմալությունը: Ղազախստանն իրեն պահեց ինքնիշխան երկրի կեցվածքով առաջին իսկ առիթի դեպքում ցույց տալով, որ Մոսկվայի նոմինալ դաշնակից լինելը` չի կարող խոչընդոտ լինել իր ինքնաբավ, բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացման համար: ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակից է Ղազախստանի համար, և Աստանան չի ցանկանում իր վարքագիծը ադապտացնել Սառը պատերազմի ռեժիմին, որտեղ իր կենսական շահերը զոհաբերելու է «ԱՄՆ կամ Ռուսաստան» երկընտրանքին:

Ի դեպ, Ղազախստանի նման կեցվածքը նորություն չէ և դրա ականատեսը եղել ենք նաև 2014-ին, երբ Նուրսուլթան Նազարբաևը միջազգային հարթակներում և երկկողմ հարաբերությունների ձևաչափում հրաժարվեց պաշտպանել Մոսկվայի ուկրաինական քաղաքականությունը, Ղրիմի միացումը կամ բռնակցումը Ռուսաստանին: Ուշագրավ է, որ նույն քաղաքականությունը վարեց անգամ միջազգային հանրությունից իզգոյացած Բելառուսը, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնիսկ կարողացավ օգտագործել ռուս-ուկրաինական հակամարտությունը` Մինսկը դարձնելով կարգավորման գործընթացի միջազգային բանակցությունների հիմնական կենտրոն: Ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններն, ի վերջո, ստացան Մինսկյան գործընթաց անվանումը:

Ուկրաինական ճգնաժամն առաջին գլոբալ իրադարձությունն էր, որը Մոսկվայի դեմ արևմտյան կոնսոլիդացված պատժամիջոցների առիթ դարձավ: Դեռ չորս տարի առաջ Աստանան ու Մինսկը Մոսկվային հստակ հասկացրեցին, որ իրենք նրա բլոկային դաշնակիցները չեն Արևմուտքի հետ էսկալացիայի ֆոնին:

Հիմա փաստորեն Ղազախստանը ամրագրում է իր ինքնուրույնությունը: Սակայն Ղազախստանի երեկվա քվեարկությունն ավելի խորքային անալիզի անհրաժեշտություն ունի: Այն բացահայտում է, որ Ռուսաստանի հզորությունը ընդամենը քարոզչական հնարք է, ու Մոսկվան շատ դեպքերում չի կարողանում վերահսկել վիճակն անգամ, այսպես կոչված, եվրասիական տարածքում, որտեղ գործող ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն ավելի շատ բուտաֆորիա են, քան` ընդհանրական շահերի օրակարգով գործող ինստիտուցիոնալ կառույցներ:

Ղազախստանը ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ է, սակայն միջազգային հարթակներում հակադրվում է Ռուսաստանի դիրքորոշումներին, եթե դրանք հակոտնյա են իր ազգային շահերին:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այն փաստարկները, թե իբր Ղարաբաղը «կապում» է մեր ձեռքերն ու ոտքերըշատ դեպքերում արհեստածին է, որովհետև Ղազախստանում էլ օրինակ, շատ մեծ է ռուսական էթնիկ ներկայությունը, որը Ռուսաստանի օրենսդրությամբ նույնիսկ լեգիտիմացնում է նրա մեծապաշտական քաղաքականությունը (ֆորմալ առումով` 2008-ին Ռուսաստանի բանակը Հարավային Օսեթիա մտավ իր քաղաքացիներին պաշտպանելու մոտիվով):

Սակայն վերադառնանք Հայաստանին և նկատենք, որ Մոսկվայում մեր շահերի հետ հաշվի են նստում հատկսպես այն ժամանակ, երբ Երևանի քաղաքականության մեջ ի հայտ են գալիս ինքնուրույնության բաղադրիչներ: Օրինակ2016թ-ի Ապրիլյան պատերազմից հետո հասարակական տրամադրությունների ազդեցության ներքո Հայաստանի նախագահը և իշխանության այլ պատասխանատուներ բարձրաձայնեցին Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարման անթույլատրելիության մասին, ինչից հետո Մոսկվան հարկադրված էր որոշակիորեն խմբագրել իր քաղաքականությունը տարածաշրջանում ազդեցությունը չկորցնելու համար: Նոր ստատուս-քվոն թերևս խթանեց Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը` հանգեցնելով Շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, բայց բազմավեկտոր քաղաքականությունը Հայաստանի պարագայում այդպես էլ չբարձրացրավ ինստիտուցիոնալ մակարդակի:

Ղազախստանի երեկվա քվեարկությունը բարենպաստ ստատուս-քվո է ձևավորել եվրասիական տարածքում, ինչից պետք է կարողանա օգտվել Հայաստանը` Սառը պատերազմի «սառը ցնցուղի» տակ չմնալու համար:

Spread the love