Կարեն Կարապետյանը հաշտվե՞լ է տասն օրից վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալու հեռանկարի հետ

Karen Karapetyan

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Կարապետյանը Սարգսյանին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են:

Սա` իրենց այսօրվա կարգավիճակներով, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի վերջին հանդիպումն է, որի ընթացքում գործող նախագահի և վարչապետի հակիրճ ելույթներն, ըստ էության, վերջակետ են դնում ապագա վարչապետության ինտրիգին:

«Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022 թվականը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Հասկանալի է, որ պատասխանատու են գործադիր մարմնի անդամները, պատասխանատու են Հանրապետական կուսակցության խորհրդի անդամները, մեր տարածքային կառույցները, բայց այստեղ, իհարկե, անհատական պատասխանատվության մասին է խոսքը: Եվ մենք, անշուշտ, պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա»,-ասել է Սերժ Սարգսյանը` տողատակում մի քանի կարևոր արձանագրումներ կատարելով:

Սերժ Սարգսյանը Կարապետյանին առաջարկել է նոր կառավարության ձևավորումից հետո, ըստ էության, պահպանել իշխանության այսօրվա ստատուս-քվոն, որը ենթադրում է իշխանության գործող կոնֆիգուրացիայի վերարտադրությունըվարչապետ Սերժ Սարգսյան- առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյան բանաձևով: Գործող նախագահն, անշուշտ, պատահական չի շեշտում իր և Կարեն Կարապետյանի անհատական պատասխանատվության հանգամանքն ըստ էության, ակնարկելով, որ ապագա կոալիցիան լինելու է ոչ այնքան ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի, որքան` Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև:

Սամի կողմից, վերջակետ է դնում նոր իշխանության ինտրիգին, մյուս կողմից հիմք է տալիս պնդելու, որ ներիշխանական հակասություններն այս պահին միայն կոնսերվացվում են և նոր դրսևորում են ստանալու 2018-ի ապրիլից հետոորոշակի հանգուցալուծումներ ստանալով միայն 2022-ի խորհրդարանական ընտրություններում: Կարեն Կարապետյանի պատասխան խոսքի հենց առաջին նախադասությունը բացահայտում է, որ նա հաշտվել է տասն օրից վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալու հեռանկարի հետ: «Իսկապես, այսօր իմ վերջին զեկույցն է Ձեզ այս կարգավիճակով»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Կարեն Կարապետյանն, ըստ էության, համաձայնել է Սերժ Սարգսյանի` իշխանության այսօրվա ստատուս-քվոն պահպանելու և համակարգում երկրորդը լինելու առաջարկին: «Ձեր նախաձեռնությամբ նախատեսված և՛ 2030 ծրագիրը, և՛ այն թիրախները, որոնց մենք պետք է հասնենք, իրականում պետք է ամրագրենք, որ շատ հավակնոտ են, իրագործելի: Դա պահանջելու է, իհարկե, քրտնաջան, հետևողական աշխատանք և համարձակություն: Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ:

Կարծում եմ՝ հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասվում: Մոտակա երեք-չորս տարիներին, մեր կանխատեսումով, ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք են տալու, որպեսզի երկարատև, ֆունդամենտալ, խորը բարեփոխումներ իրագործենք»,-ասել է գործող վարչապետը: Կարեն Կարապետյանը, մեծ հաշվով, մարտավարական ճկուն որոշում է կայացրել: 2016-իցմինչ այսօր, նա եղել է, ըստ էության, ժամանակավոր վարչապետ չֆորմալիզացված, ինստիտուցիոնալ ձևակերպում չստացած հավակնություններով:

Առաջին փոխվարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանին թույլ է տալիս իշխանության ներսում պահպանել իր այսօրվա ազդեցությունը, մյուս կողմիցքաղաքական հարթության վրա լեգիտիմացնել իշխանության ժառանգորդի իր կարգավիճակը: 2018-ի իշխանության ինտրիգն այսպիսով հանգուցալուծվեց նոր օրակարգ և բովանդակություն հաղորդելով նոր գործընթացին, որն իր հանգուցալուծումը կստանա 2022-ի ընտրական ցիկլում: Այն ավելի դրամատիկ և բովանդակալից է լինելու` իշխանության ժառանգորդի հարցի ակտուլացման հետևանքով:

Մյուս կողմիցՍերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան այսօրվա հանդիպումն անուղղակիորեն վերացրեց Սարգսյանի հեռացումը պահանջող «հեղափոխական» ընդդիմության հաջողության վերջին տեսական շանսը: Երբ իշխանության ներսում ձևավորվում է կոնսենսուս, ապա այլևս` նույնիսկ հիպոթետիկ վարկածի մակարդակում, չի կարելի հույս դնել իշխանության յոթնօրյա վակուումի կամ ներիշխանական դավադրության ինչ-որ սցենարների վրա: Իշխանության գնացքը մեկնել է մեկ տարի առաջ:

Spread the love