Արևմուտքը չի աջակցում իշխանություններին

- in Հրապարակ
Hayastan EM

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները մեծ ուրախությամբ արձանագրեցին, որ երկրում հետընտրական պրոցեսներ չկան։ Այդ առումով թերևս 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին Հայաստանում, քանի որ մինչ այդ գրեթե բոլոր ընտրություններից հետո այս կամ այն մասշտաբով փողոցային զարգացումներ էին լինում, որոնք ավարտվում էին հայտնի ելքերով։ 

Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ քաղաքականապես, իհարկե, կարող ենք այսօր փողոցում ծավալվող գործողությունները համարել անցած տարվա ընտրությունների հետևանք, բայց ուղղակիորեն փողոցում մի քիչ այլ գործընթաց է գնում։ «Բնականաբար, այս գործողությունները պետք է նույն հարթության մեջ նայենք, որովհետև ապրիլին տեղի ունեցած ընտրական միջոցառման արդյունքում, երբ ՀՀԿ-ն այլ ցուցակ էր ներկայացրել, տոկոս խփեց, այլ վարչապետ նշանակեց, որը ընտրական միջոցառման ժամանակ հենց ապահովում էր ՀՀԿ-ի ձայները, հիմա ՀՀԿ-ն այլ անձի նշանակեց վարչապետ՝ իր կուսակցության ղեկավարին, որին հիմա դեմ է փողոցում հավաքված զանգվածը։ Սա քաղաքական պրոցես է, 2017-ի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն է, բայց մի քիչ այլ գործընթաց է»,- ասաց քաղտեխնոլոգը։

Մեր հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությունը՝ ՀՀԿ-ն, խաբել է իր ընտրողին, 2017-ին ուրիշ ցուցակ է ներկայացրել, մարդիկ վստահ են եղել, որ Սերժ Սարգսյանը չի լինի վարչապետ, դրա համար ձայն են տվել ՀՀԿ-ին, և հիմա փաստացի խաբվածի վիճակում հայտնվելու պատճառով են դուրս եկել փողոց, Բադալյանը նկատեց. «Խաբելը ճիշտ ընտրված բառ չէ, քանի որ դե յուրե ՀՀԿ-ն իրավունքի սահմաններում է գործում, իրենք այն ժամանակ ուրիշ վարչապետ նշանակեցին, հիմա այլ, քանի որ կոալիցիան է որոշում։ Այստեղ խաբելու որևէ խնդիր չկա»։

Արմեն Բադալյանը նշեց, որ այսօրվա փողոցում ծավալվող քաղաքական գործընթացը չունի քաղաքական բովանդակություն, այն պահպանվում է միայն տեխնոլոգիաների միջոցով։ «Սա ձևի շարժում է, որը չունի քաղաքական բովանդակություն։ Խնդիր է դրված զուտ տեխնոլոգիական առումով պահել շարժումը, բայց շարժման ղեկավարները քաղաքական օրակարգ չեն առաջարկում։ Չեն առաջարկում, ասենք, արտահերթ ընտրություններ, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, Սերժ Սարգսյանի հրաժարական։ Ոչ մի առաջարկ, պահանջ չի դրվում։ Միայն ռոմանտիկ տեխնոլոգիաներով շարժումը հնարավոր է լինում պահել։ Ստացվում է տպավորություն, որ նպատակ է դրված այս կառավարելի քաոսը ինչ-որ ժամանակ ձգել»,- ասաց Բադալյանը։

Քաղաքագետի խոսքով՝ իր ասածը փաստում է այն, որ մի քանի ուղղություններով արդեն արձագանքներ կան։ Մասնավորապես, երեք արձագանք հստակ է՝ արևմտյան երկրներից չկան շնորհավորանքներ գործող վարչապետին ընտրվելու կապակցությամբ, երկրորդ մեսիջն այն է, որ արևմտյան որոշ կառույցներ արդեն սկսել են իշխանությանը և ընդդիմությանը երկխոսության կոչ անել, և երրորդը այն է, որ նույն միջազգային կառույցները իշխանություններին կոչ են անում, որ ոստիկանությունը իր չափը չանցնի և ուժ չկիրառի ցուցարարների նկատմամբ։

Բացի այդ, քաղաքագետի խոսքով շատ կարևոր է նաև այն, որ արևմտյան լրատվամիջոցները բավականին լավ լուսաբանում են այս օրերի խաղաղ ցույցերը, որը, մեր զրուցակցի խոսքով, նշանակում է, որ նպատակ է դրված այս կառավարելի քաոսը որոշ ժամանակով պահել։ «Միգուցե հետագայում, երբ երկխոսությունը տեղի ունենա, հնարավոր լինի, որ շարժման ղեկավարները քաղաքական օրակարգ ձևավորեն, բայց հիմա այդ պահը չէ, և ինչ-որ գործընթաց է տեղի ունենում»,- նկատեց Բադալյանը։

Մեր դիտարկմանը, թե իր կողմից թվարկված կետերը կարո՞ղ ենք համարել Արևմուտքի ոչ ուղղակի աջակցություն շարժմանը, Բադալյանը նկատեց. «Ավելի շուտ՝ դա կարող ենք համարել չաջակցություն իշխանություններին։ Այսօրվա դրությամբ դա ցուցարարներին աջակցություն չէ, բայց նաև չաջակցություն է իշխանություններին։ Թե հետագայում այդ չաջակցությունը կարող է փոխվել աջակցության ցուցարարների նկատմամբ՝ դժվար է ասել»։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք այսօրվա զարգացումները հենց 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների հետևանք չե՞ն, Մուկուչյանը շատ կարճ պատասխանեց: «Ոչ, սրանք ոչ մի դեպքում հետընտրական զարգացումներ չեն։ Հաջողություն ձեզ»,- ասաց ԿԸՀ նախագահն ու անջատեց հեռախոսը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20