Samvel Balasanyan

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը բարձր գնահատական են տալիս Սերժ Սարգսյանի կատարած քայլին:

«Ես կարծում եմ, այդ քայլն իր մեջ որոշակի քաղաքական համարձակություն է ենթադրում: Իհարկե, հասունության դրսևորում են հատկապես վերջին տողերը: Ընդհանրապես ընդունել սխալը և ետքայլ կատարելը խելամիտ դիրքորոշում է»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս կարևորեց Սերժ Սարգսյանի որոշումը: «Եթե Սերժ Սարգսյանն այլ քայլի գնար, անպայման արյունահեղություն էր լինելու: Մենք մարտի 1 ենք տեսել ու գիտենք, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Սա համազգային շարժում էր, և Սերժ Սարգսյանն իր մեջ ուժ գտավ ու կանխեց արյունահեղությունը: Սա ազնվության, սիրո ու համախմբման շարժում էր»,-հավելեց քաղաքապետը:

Ընդհանուր առմամբ, խոսելով կատարվածի մասին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անկեղծացավ, որ չէր սպասում դեպքերի նման հանգուցալուծման: «Ճիշտն ասած, չէի սպասում, բայց տեսանք ինչպիսի վերջաբան ունեցավ այն: Ուրախ եմ, որ նման լավ սերունդ է մեծանում: Իսկ Գյումրիում նման ուրախություն երկար ժամանակ չէր եղել»,-փաստեց Սամվել Բալասանյանը:

Spread the love