Գրիգ, Չայկովսկի, Ռախմանինով՝ մեկ համերգային երեկոյի ընթացքում

- in Մշակույթ
Erazhshtutyun

Վաստակավոր դաշնակահար Անահիտ Ներսիսյանը և նորահայտ բաս Հովհաննես Կարապետյանը հանդես եկան միասնական համերգով:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հերթական երաժշտական հինգշաբթին տրամադրվեց աշխարհահռչակ կոմպոզիտորներ Էդվարդ Գրիգի, Պյոտր Չայկովսկու և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները ներկայացնելուն: Ապրիլի 5-ի երեկոն թանգարանի հանդիսասրահում սկսվեց ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի դաշնամուրային ծավալուն կատարումներով: Մոսկվայի Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Ա. Ներսիսյանի ստեղծագործական կենսագրության ամենավառ պահերը կապված են հեղինակավոր մրցույթներում իր նվաճումների հետ. 1970-ականների սկզբներին դարձել է Անդրկովկասյան IV մրցույթի դափնեկիր, 1980-ին՝ Բախի անվ. մրջազգային մրցույթի, իսկ 1985-ին՝ Հայաստանի երիտասարդական մրցույթի դափնեկիր: ՀԽՍՀ վասըտակավոր արտիստ է, դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում: Նրա նվագին ծանոթ են աշխարհի բազմաթիվ երկրներում, հիշատակելի են Ա. Ներսիսյանի ելույթները Կոմիտասի անվ. լարային քառյակի հետ:
Դաշնակահարուհու մեկնությամբ ապրիլյան համերգին հնչեցին Գրիգի քառամաս «Սյուիտը՝ գրված հին ոճով OP 40», Չայկովսկու «Դումկան» և Ռախմանինովի երկու պրելյուդը: Գրիգի ներհուն աշխարհի խորունկ անցումներից մինչև Չայկովսկու՝ ռուսական աշխարհի երաժշտական համայնապատկերների ֆոնին անհատի մտածումները, Ռախմանինովի մեղեդիական էսքիզանկարները,- սա էր Ա. Ներսիսյանի նվագացանկում: Հենց նա էլ համերգի երկրորդ բաժնում նվագակցեց Հովհաննես Կարապետյանին, որի երգացանկում դարձյալ նույն հեղինակներից ընտրված խոսուն և խորը հուզականությամբ աչքի ընկնող գործերն էին:

ԸՆԴԳԾՎԱԾ ԱՐՏԻՍՏԱԿԱՆՈւԹՅԱՄԲ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՍԸ 

Գրիգի, Ռախմանինովի և Չայկովսկու ստեղծագործությունների հունչն ու ոգին հաղորդելու իր կերպն ունի երիտասարդ բաս Հովհաննես Կարապետյանը: Դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի հետ մինչ այս տարբեր ծրագրերով ելույթ են ունեցել Ռուսական արվեստի թանգարանում, արիաներ և ռոմանսներ կատարել Սլավոնական համալսարանում, գեղեցիկ ծրագիր ներկայացրել բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի հոբելյանական միջոցառմանը: Չնայած իր վաղ երիտասարդությանը՝ սեփական մեկնություններում հասուն է, խիստ հավաք, համակրելի- արտիստիկ, ամեն ֆրազի մեջ խորացած, ուստի և՝ համոզիչ, ունկնդրին ընդունելի ու հասկացված: Հովհաննեսը բարդ և ծավալուն ծրագիր էր պատրաստել խաչատրյանական «Երաժշտական հինգշաբթիի» համար. Անահիտ Ներսիսյանի դաշնամուրային նվագակցությամբ նրա՝ Գրիգի աշխարհիկ-սիրային բնույթի «En svane» և «Ich liabe dich» («Կարապը», «Ես սիրում եմ քեզ») երաժշտական երկերի կատարումները աչքի ընկան անբռնազբոսությամբ, զգացմունքայնությամբ, որ լուրջ ու հիմնավոր աշխատանքի արդյունք է: Երաժշտի ջանքը սքողված է դերասանական բնական պահվածքով, երիտասարդ երգչին հաջողվում է նվաճել հանդիսականի համակրանքը թե՛ թավ ձայնի հունչով, թե՛ ամեն անգամ փոփոխվող կերպավորումներով, ու սա ևս բնատուր շնորհ է… «Ոչ մի խոսք,ո՜հ, իմ ընկեր» (Ни слово о друг мой), «Օրհնյալ լինեք, անտառներ» (Благославляю вас леса) վերտառությամբ ռոմանսները՝ առնված Չայկովսկու հարուստ ստեղծագործությունից, երիտասարդ բասը հնչեցրեց նույնքան հույզով՝ հաղորդելով հեղինակի ներաշխարհի ալեկոծումն ու հանդարտությունը, սիրո տարվածությունը ու բնությամբ հիացումի զգացումը:

Տարաբնույթ էին նաև Ռախմանինովից առնված կտավները՝ սիրո տառապալից հուսակտուր կանչերով և ապրած երջանկության վերապրումով(«Օ՜, ոչ, աղաչում եմ, մի՛ հեռացիր» О нет,молю,не уходи ռոմանսում), անիրական անրջանքի պատկերներով («Երազ»), ռուսական ավանդական երաժշտարվեստի հիմնային տարրերով, տաք, արևելյան երանգներով լեցուն ռոմանսով, որ դարձյալ հուշի բերած տառապագին զգացման նկարագիրն է («Մի՛ երգիր, գեղուհի, ինձ մոտ» Не пой красавица при мне): Նաև արիա՝ նույն հեղինակի «Ալեկո» օպերայից՝ ահեղահունչ, բամբ: Սակայն համերգային ամենից զգայացունց պահը (գոնե ինձ համար) Ռախմանինովի «Քրիստոս հարյավ» ստեղծագործությունն էր, որը, սակայն հոգևոր թեմա արծարծելուն զուգընթաց տառապագին հարցում էր պարունակում՝ ինչու՞ շարունակվում է մարդկային տառապանքը: Ունկնդրին օրհնաբանությամբ և ոչ մարմնական հրճվանքի զգացումով լեցուն այլաշխարհ տեղափոխելու փոխարեն թանձր գույներով և դրամատիկ հունչով խոսվեց մարդկային չարչարանքի և դեպի խաչելություն անընդհատ ընթացքի մասին… Հասուն, ապրված սիրո ու խանդի իրարու հաջորդող պոռթկումներով Հովհաննեսի կատարմամբ հնչեց Ալեկոյի արիան համանուն օպերայից: Հանդիսականի համառ ծափողջյուններից դրդված արդեն համերգի ավարտին երգիչը կատարեց Ռախմանինովի «Գարնան ջրեր» կենսահաստատ, գեղեցիկ ստեղծագործությունը, որ բնության, կյանքի գովերգություն էր, ոնց Չայկովսկու «Օրհնյալ լինեք, անտառներ» ռոմանսն է…

Այս համերգից մի քանի օր առաջ էր, որ Հովհաննեսը հանդես էր եկել ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի համար ընթացող մրցույթի երկու փուլերում: Դրան մասնակցում են առանձնակի շնորհալի երիտասարդ երգիչ-երգչուհիներ, և այս անգամ էլ, ոնց նախկինում, մրցությունը թեժ էր: Թեև Հովհաննես Կարապետյանը երեսուներկու մասնակիցների մեջ ամենից երիտասարդների շարքում էր, սակայն քսանմեկամյա երգչի ձայնը, կատարումների որակը և բեմական ընդգծված պահվածքը հիշվեց և գնահատվեց ոչ միայն մրցութային հանձնաժողովի, այլև մասնագետ-երաժիշտ հանդիսականի կողմից:

-Արտիստիզմը, դերին ներդաշնակվելը, նրանում տարրալուծվելն անհրաժեշտ է, որպեսզի հանդիսատեսը հասկանա, թե ինչ եմ ներկայացնում,- ասում է երգիչը, – և ես էլ ցույց տամ, որ հասկանում եմ, թե ի՛նչ եմ ներկայացնում:

Եվ դա գնահատվեց մրցույթում: Առաջին փուլում իր երգած ծրագրում ընդգրկել էր բարդ գործեր Մոցարտից, Բիզեից, մի ռոմանս Սպենիարյանից («Օ՜, վարդ ջահել իմ օրերի»): Ծրագրում ներառված էր նաև կոմիտասյան «Ալագյազ բարձր սարին» երգը, որ հազվադեպ է կատարվում (հայտնի են լոկ Կոմիտասի աշակերտ Վահան Տեր-Առաքելյանի և Մկրտիչ Մկրտչյանի կատարումների ձայնագրությունները): Եվ ահա երիտասարդ երգիչը ձեռք է մեկնել այս բարդ գործին՝ դարձյալ բերելով այն բեմ: Արդյունքում՝ նա մրցութային երկրորդ փուլին մասնակցելու համար ընտրված լավագույն տասյոթի մեջ էր. և այստեղ առավել հաջողությամբ, անթերի կատարեց երեք օպերային արիա: Երեքում էլ՝ թե’ Դավիթ Բեկի (Ա. Տիգրանյան), թե՛ Իվան Սուսանինի (Գլինկա) և թե՛ Դոն Բազիլիոյի (Ռոսինի) արիաներում Հովհաննեսը կերպափոխվում էր՝ և՛ երգեցողությամբ, և՛ դերաշարժով իրական ներկայացնելով տարբեր ժամանակաշրջանների շունչը և մեկնաբանում իրարուց տարբեր կոմպոզիտորների ստեղծագործության ոգին:
Մրցութային թոհուբոհի մասին էլ սկսեցի զրույցս Հովհաննեսի հետ:

-Արժանացա ոչ միայն ուսուցչիս՝ կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի հավանությանը, այլև նվաճեցի մրցույթին ներկա հանդիսականի համակրանքը: Մասնագետները՝ փորձառու երաժիշտներ, երգիչներ, ընդգծում էին արտիստականությունը, որ հատուկ է կատարումներիս,- պատմում է Հովհաննես Կարապետյանը: – ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի համար երգեցողություն անվանակարգում մրցույթի եզրափակիչում հայտնվելն արդեն զգալի նվաճում է, բայց ունենալ ունկնդրի համակրանքը և մասնագետների գովեստը, խորհուրդը, ոգևորող և առաջնորդող խոսքը՝ պակաս կարևոր չէ:

Հետաքրքվում եմ հայ արդի վոկալ դպրոցի կարողությունից:
-Արդի վոկալ դպրոցը բավական ուժեր ունի,-պատասխանում է, – շատերը ծրագրում են արտերկրում ուսումնառությունը շարունակելու, կատարելագործվելու: Նախագահական մրցույթի եզրափակիչ փուլում հայտված տասը տղամարդկանցից յուրաքանչյուրն էլ լուրջ ու բարդ ծրագրերով հանդես եկան. այն ներկայումս մեզանում թերևս ամենահեղինակավոր մրցույթն է հենց թեկուզ ծրագրերի բարդության առումով:

Ինձ համար հայտնություն է, որ Հովհաննեսը ուշ պատանեկան հասակից է միայն լրջորեն երաժշտությամբ զբաղվել: Մինչ այդ սիրողական մակարդակով երգել է զանազան միջոցառումների, հանդիսությունների, հատկապես իր ռուսաց լեզվի ուսուցչուհու՝ Նոնա Խաչատրյանի դրդմամբ մասնակցել և հաղթել «Բարեկամության կամուրջ» հանրապետական մրցույթում: Ապագայի նախագծումները կտրուկ փոխվեցին տասնվեց տարեկանում, երբ արդեն իրավագիտություն էր ուսումնասիրում ԵՊՀ-ում: Լսեց մասնագետների խորհուրդը՝ լրջորեն զարգացնելու իր երգչական բնատուր ունակությունները: Վոկալի դասեր էր առնում Երազիկ Հարությունյանից, և վերջինս էր, որ գնահատեց պատանու բնատուր ձայնի որակը, պնդեց սոլֆեջոյի դասեր առնել, իսկ քիչ ժամանակ անց պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի երաշխավորությամբ Գյումրուց տեղափոխվեց Երևան՝ ուսանելու Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում:

Երեք-չորս տարի է, ինչ երգում է Սուրբ Զորավոր եկեղեցու և Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո գործող «Գանձեր» երգչախմբերում: Ի՞նչ ասել է աղոթքն իր համար: Խոստովանում է. «Սիրելով հոգևոր երաժշտությունը՝ թե՛ վոկալ առումով, թե՛ մարդկային, շատ բան փոխվեց հոգումս: Նրբություն ու խորք հաղորդվեց երգիս, իսկ հոգումս զիջելու ունակությունը զարգացավ, խոնարհությունը, համեստությունը,- վարքագծի ու բնավորության գծեր, որ հաճո են իմ սրտին»:

Մասնակցել ու բարձր մրցանակային տեղեր է շահել մի շարք մրցույթներում, բայց գոռոզության ոչ մի նշույլ: 2016-ի գարնանն ուսանողական ֆիլհարմոնիայի կազմակերպած մրցույթում Կոմիտասի «Մոկաց Միրզայի» կատարման համար արժանացել է առաջին մրցանակի: Մեկ տարի անց դարձել է Տաթևիկ Սազանդարյանի անվ. մրցույթի հատուկ մրցանակակիրը, իսկ 2017-ին երկրորդ տեղը գրավել Նոդար Անդգուլաձեի անվ. օպերային մեներգիչների միջազգային II մրցույթում:

Ի՞նչ են տալիս մրցույթներն իրեն՝ հարցնում եմ: Ու այստեղ հիշում է Մաեստրո Սեդրակ Երկանյանի խոսքն ու խորհուրդը: Հիմա գիտե, որ մասնակցությունը կարևոր է ինքնահաստատվելու, նաև հանդիսականին ըստ արժանվույն ներկայանալու, հիշվելու, ապագայի համար փորձառություն կուտակելու, նոր բեմեր ելք ունենալու համար: Մաեստրոյի հետ հանդիպումը 2016-ին էր, երբ առաջին անգամ իրեն ներկայանալով՝ առանց նվագակցության Կոմիտասի «Մոկաց Միրզան» երգեց : Տպավորությունը դրական էր, և ամիսներ անց Ս. Երկանյանը երիտասարդին հրավիրեց իր ղեկավարած Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի նեգրո-սպիրիչուըլների համերգում երգելու: Վկայեմ՝ այնքան ներդաշնակված էր այդ համերգին Հովհաննեսի երգեցողությունը մնացյալ երգիչ-երգչուհիների ձայներին, այնքան անկաշկանդ, որ հասարակ հանդիսականի մտքով չէր էլ կարող անցնել, որ սա իր անդրանիկ ելույթն է այս կազմով «Տաղարանի» հետ: 2016-ի տարեվերջյան համերգն այնչափ տպավորիչ էր, որ երգիչը հրավիրվեց մասնակցելու համույթի՝ Գյումրում տրվելիք համերգին: Եվ դարձյալ հաջողություն. ջերմ ծափողջյուններով գյումրեցիները ընդունեցին «Այգուն, այգունն» ու «Լուսնյակ գիշերը»՝ իրենց խոստումնալից հայրենակցի կատարմամբ: Հաջորդը մասնակցությունն էր «Տաղարանի» բարոկկո երաժշտության համերգին, որում երգեց արիա Հենդելի օպերաներից: 2018-ի փետրվարին էր նրա դերակատարումը Բախի «Սուրճի կանտատում»: Հատուկ իր ձայնաբաժնի համար Սեդրակ Երկանյանը գրեց «Իգդիրի հորովելները», որի պրեմիերան կայացավ «Տաղարանի»՝ 2017-ի տարեվերջյան համերգին: Հիմա պատրաստվում է դարձյալ իր ձայնաբաժնի համար գրված մեկ այլ՝ «Գեղարքունիքի հորովելները» կատարելուն:

Իր հանդեպ Մաեստրոյի վստահությունը պարտավորեցնող է: Հովհաննեսն ասում է՝ հորովելները մեր երաժշտության բարձրագույն ժանրերից մեկն է: «Իգդիրի հորովելը» իրեն հեշտ չտրվեց:

«Այդ երաժշտության երկանյանական զգացողությունը պիտի ընկալես, որ կարողանաս երգել,-մտորում է Հովհաննեսը: – Սկզբում ես դրան պատրաստ չէի, ահա թե ինչու նվագախմբի հետ առաջին փորձին դժվարացա: Ծանր, դժվար գործ էր իմ տարիքի համար: Բայց «Տաղարանի» երաժիշտները ՝ յուրաքանչյուրն իր հերթին պատրաստ էին աջակցելու, մասնագիտորեն ուղղորդելու… Փորձից հետո գնացի եկեղեցի, աղոթքս ավարտելով բացեցի նոտաները, փորձեցի դարձյալ, ու ներքին ուժ ու վստահություն առնելով նույն օրը վերադարձա Կամերային երաժշտության տուն և ներկայացա Մաեստրոյին: Եվ երգս ստացվեց… Պատասխանատվությունը, որ ինձ է վստահվել նման գործ, նվագախմբի սրտակից ու հոգատար վերաբերմունքը, աղոթքիս ուժը ինձ մղեցին լավ երգեցողության: Ես ներքին պայքարով հասա դրան»:

Հորովելների երկանյանական մշակումից տպավորությունն այնքան հզոր է, որ հավասարազոր է մի ողջ համերգային բաժնի: Մեղեդու մուտքը՝ առաջին իսկ նոտաներից, դրամատիկ պատկեր է մատուցում. ծանր, քրտնաթոր աշխատանքի ելած հողի մարդու հոգու ոգորումն է, ամեն կանչ ասես հուսառատ աղոթք լինի, որում «Հայր մերի» փոխարեն հույզի տարբեր հնչերանգները հաղորդող կանչեր են հնչում: Երկանյանական ստեղծագործության մի նոր թանկագին գոհար է «Իգդիրի հորովելները», որի ողջ դրամատիկ ուժն ու հմայքը հաղորդում է Հովհաննես Կարապետյանը: Նրա բասը՝ առնականության խորհրդով, մերթ նուրբ հունչ է ստանում, մերթ դրամատիկ ելևէջում, հողի մարդու հառաչ-հունչերը, կանչ-աղաչանքներն այնքան բազմաձայն են, որ ասես ոչ թե երգ հնչի, այլ բազմամաս բարդ ստեղծագործություն:

«Ես կարող եմ վստահորեն փաստել,- շարունակում է երիտասարդ բասը,- որ Մաեստրո Սեդրակ Երկանյանի հետ համագործակցության շնորհիվ իմ մեջ կրկնակի, եռակի աճ եմ զգացել: Եթե դասախոսս վոկալ առումով ինձ ճիշտ ուղու վրա է դրել, ապա Մաեստրոն այլ կերպ է ինձ երաժշտական դաստիարակություն տվել: Ինքն ինձ համար դարձավ դասախոս, երաժշտության մեջ՝ ավագ ընկեր, ավագ խորհրդատու: Երբ մտորումներ եմ ունեցել ինչ-որ երաժշտական երկ ընտրելու հարցում, իր կարծիքն եմ հաշվի առել: Իմ երաժշտական կյանքի ընթացքում ցանկացած լուրջ քայլ ձեռնարկելիս այս ընթացքում իր հետ քննարկել եմ և պիտի շարունակեմ ականջալուր լինել իր խորհրդին»:

Հասմիկ Սարգսյան

Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20