Դաշտավանում կգործի նորակառույց եկեղեցի – Լուսանկար

Արարատի մարզի Դաշտավան համայնքը նախկինում անվանել են Շոռլու, Շոռլու Դեմիրչի  և մտել է Երևանի նահանգի, Երևան գավառի մեջ:  1897 թվականին գյուղն ունեցել է 1630, իսկ այսօր արդեն՝ 2300 բնակիչ: Գյուղը Դաշտավան է վերանվանվել 1978 թվականին:

Համայնքի բնակչությունն այսօր հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ:

Այսօր Դաշտավան համայնքի ղեկավարն է՝ 2016 թվականից ընտրված, նույն համայնքի բնակիչ՝ Վարդգես Խանաղյանը: Ուսումը ստացել է տեղի դպրոցում, ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատանքային գործունեությունը սկսել է տեղի՝ Սվերդլովի անվան սովխոզից՝ տնօրենի տեղակալ, ազատված կուսքարտուղար:

Համայնքում իրականացվող աշխատանքների, ձեռքբերումների, ինչպես նաև խնդիրների մասին զրուցեցինք Դաշտավան համայնքի ղեկավարի հետ:

– Պարոն Խանաղյան, համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում, ի՞նչ կարևոր աշխատանքներ են կատարվել, որոնք թեթևացրել են բնակչության հոգսը:

 – Նշեմ, որ համայնքում գազաֆիկացման աշխատանքները վերջնականապես ավարտել ենք, այսօր արդեն ունենք խմելու ջրի 24 ժամյա՝  շուրջօրյա  ջրամատակարարում:

Մի քանի փողոցներում ցերեկային լույսերի հետ կապված աշխատանքներ ենք կատարել՝ 60-ական թվականներից մնացած հենասյուներով, մի փողոցում սյուները փոխարինել ենք նորերով, մյուս փողոցում՝ աշխատանքները շարունակվում են:

– Կրթամշակութային, մարզական, ի՞նչ կրթօջախներ են գործում Դաշտավանում:

– Համայնքում ունենք  դպրոց, գործում են պարի և մարզական խմբակներ, ինչպես նաև՝ գրադարան, բուժկետ: ԽՍՀՄ տարիներին ունեցել ենք մանկապարտեզ, սակայն շենքը սեփականաշնորհվել է, ներկայումս պահանջարկ կա, սակայն շինություն չունենք, ծնողները ստիպված երեխաներին տանում են մոտակա գյուղերի մանկապարտեզներ: Մարզպետարանը խոստացել է հնարավորության դեպքում աջակցել հարցը լուծելու համար:

– Ի՞նչ  ծառացած խնդիրներ կան hամայնքում, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:

– Ներկայումս ոռոգման ջրի հետ կապված շատ մեծ խնդիր ունենք, ջրագծերը քայքայված են, ջուրը չենք կարողանում տեղ հասցնել: Պայմանավորվել ենք ՋՕԸ-ի  հետ, խոստացել են 3 կմ կիսախողովակներ տեղադրել, ֆինանսավորման տասը տոկոսը համայնքն է վճարելու: Պայմանավորվածություն ունենք, որպեսզի աշնանը աշխատանքները սկսեն, որովհետև ոռոգման ջրի հարցը այսօր մեր համայնքի համար թիվ 1 խնդիրն է հանդիսանում:

Ունենք խնդիր ճանապարհի հետ կապված, բայց ամեն տարի ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացնում, ինչպես նաև՝ խճապատում ենք, չնայած՝ անձրևների հետևանքով նորից փոսեր են առաջանում:

Ես նշեցի, որ ունենք գրեթե շուրջօրյա խմելու ջրամատակարարում: Նախկինում արտիզյան ջրի հետ՝ նաև սարերից իջնող ջուրն էինք ստանում: Ցանկանում ենք հասնել նրան, որ սարերից իջնող ջուրը նորից միացնեն՝ մեր բնակիչների ցանկությունն է:

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ մայիս ամսին շահագործման կհանձնվի և համայնքում կգործի նորակառույց եկեղեցի, որը կառուցվում է համայնքի պատգամավոր Մուրադ Մուրադյանի և նրա ընտանիքի աջակցությամբ:

                                                           Զրուցեց՝ Մանվել  Կիրակոսյանը

Spread the love