«Դուբայի նման եմ ապրելու…». «թափառականը» դանակահարել է 40 տարվա մանկավարժին ու գողացել վերջինիս հղի կովերը

- in Իրավունք
Danakaharutyun

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Բուրամիտ Շամոյանի գործի դատական քննությունը:

Մշտական բնակության վայր չունեցող 50-ամյա Բուրամիտ Շամոյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Բուրամիտ Շամոյանը 2017 թվականի հունիսից բնակվել է Արմավիրի մարզի Արաքս գյուղի վարչական տարածքում գտնվող լքված կիսակառույց շինությունում: Անասուններ չի ունեցել, անասնապահությամբ չի զբաղվել, հիշյալ կիսակառույցում ապրելու ընթացքում զբաղվել է հարբեցողությամբ, «դրսևորել է բացասական վարքագիծ»:

Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ Տարոն Հ.-ն՝ լինելով 40 տարվա մանկավարժ, ունեցել է մեկ հղի կով ու մեկ հղի երինջ: 2017 թվականի հուլիսի 5-ից մինչև հուլիսի 9-ը նա իր անասունները տարել է Արաքս-Հուշակերտ ավտոճանապարհի հարակից ամայի տարածք, կապել ու թողել է այնտեղ, ինքը գնացել է ծիրանի բերքահավաքի: Նշված օրերին ժամը 16-ն անց 30 –ի սահմաններում Տարոն Հ.-ն գնացել է իր անասունների հետևից՝ արձակել է նրանց, արածեցրել ու տարել է իր անասնագոմ:

Նույնը Տարոն Հ.-ն արել է և 2017 թվականի հուլիսի 9-ի առավոտյան՝ անասուններին կապել է նշված վայրում, ինքը գնացել է ծիրանի բերքահավաքի:

Կեսօրից հետո Բուրամիտ Շամոյանը գողացել է դաշտում կապված երկու անասունը՝ 280 հազար դրամ արժողությամբ հղի կովն ու 260 հազար դրամ արժողությամբ հղի երինջը: Նա անասուններին արձակել ու քշել է այդ տեղից մոտ 550 մետր հեռավորության վրա գտնվող, Հուշակերտ գյուղի գերեզմանատուն տանող դաշտամիջյան ճանապարհին հարակից վայր՝ իր ապրելավայր կիսակառույց շինությունից ոչ հեռու սկսել է արածեցնել:

Տարոն Հ.-ն 16-ն անց 30-ի սահմաններում գնացել է անասունների հետևից, տեսել է՝ չկան: Փնտրել ու որոշ ժամանակ անց տեսել է անասուններին, որոնց Բուրամիտը արածեցնում էր:

Տարոն Հ.-ն մոտեցել, պահանջել է վերադարձնել իր անասունները, բայց Բուրամիտը սկսել է վիճել, ասել է, թե դրանք իր անասուններն են: Վիճաբանության ընթացքում Բուրամիտը, ըստ դատական ակտի, սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Տարոն Հ.-ին, նրա առողջությանը ծանր վնաս է հասցրել՝ որովայնի առաջնային պատի աջ կեսի թափանցող վերքի ձևով՝ լյարդի և տասներկումատնյա աղու վնասումներով, ներքին արյունահոսությամբ:

Տարոն Հ.-ն կարողացել է փախչել, հասել է մոտակայքում գտնվող թունաքիմիկատների խանութ, որտեղ գտնվողները նրան իրենց մեքենայով տարել են հիվանդանոց:

Բուրամիտ Շամոյանն իրեն մեղավոր չի ճանաչել:Նա պնդել է, թե երկու անասունը պատկանում էին իրեն, իսկ Տարոն Հ.-ին դանակով հարվածել է պաշտպանվելու նպատակով:

Նախաքննության ժամանակ Բուրամիտը հայտնել է, թե մշտական բնակության վայր չի ունեցել, վերջին շրջանում ապրել է Արաքս գյուղի վերջնամասում գտնվող քարաշեն կիսակառույցում, որը աղբով էր լցված՝ ինքը մաքրել ու ապրել է այնտեղ: Որոշել է անասուններ գնել ու պահել, որ իր ապրուստը հոգա: Ինքը գումար ուներ խնայած, Ռուսաստանում գտնվող եղբայրն էլ տարբեր մարդկանց հետ իրեն գումարներ էր ուղարկել:

Դեպքից մոտ տասն օր առաջ ինքը գնացել է Կալինինոյից ոչ հեռու գտնվող Շահնազար գյուղ, այնտեղից գնել է մի կով ու մի երինջ: Չի ցանկանում ասել, թե ումից է գնել: Վճարել է 400 հազար դրամ: Տեղում մի «Զիլ» է վարձել՝ 50 հազար դրամով, գնած անասունները տեղափոխել է իր ապրելավայր՝ Արաքս գյուղի վերջնամաս: Թե ում մեքենան էր այդ «Զիլը»՝ չի ցանկանում ասել:

Այդ օրվանից զբաղվել է գնած անասունները պահելով: Արածեցրել է իր կացարանին հարակից դաշտերում, գիշերը կապել է կացարանի կողքին: Կովը չի կթվել՝ հղի էր:

Դեպքի նախորդ օրը անասուններին արածեցնում էր դաշտում, երբ իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ ու ցանկացել է անասունները քշել-տանել: Ասել է՝ իբր իրենն են: Ինքն ասել է, թե դրանք իր անասուններն են, ինքն է գնել, իսկ այդ տղամարդը գոռգոռացել, հայհոյել ու հեռացել է դեպի Արաքս գյուղ:

Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին, նույն տղամարդը նորից է մոտեցել, հայհոյանքներ տալով փորձել է անասունները տանել: Ինքը թույլ չի տվել: Նա քաշքշել է իրեն, ձեռքի մետաղի կտորով հարվածներ է հասցրել իրեն, ինքն էլ իր ձեռքի մետաղե ձողով է նրան հարվածներ հասցրել, որ նա հեռանա: Իր մի քանի հարվածներից հետո նա հեռացել է: Ինքը նրան հարվածել է միայն պաշտպանվելու նպատակով:

Նրա հեռանալուց հետո ինքը անասուններին կապել է իր կացարանի մոտ, քիչ հետո եկել են ոստիկաններն ու իրեն տարել են ոստիկանություն:

Դատարանում Բուրամիտ Շամոյանն ասել է, թե նստած է, բայց չգիտի՝ ինչի համար: Իր մոտ եղել են իր անասունները: Տուժողին ինքը բացատրել է, բայց նա չի հասկացել: Տուժողը, ըստ Բուրամիտի՝ ստել ու ստում է: Եթե ինքը նրանից չպաշտպանվեր, իր համար վատ կլիներ: Իր կյանքին վտանգ էր սպառնում: Իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում՝ անասուն չի գողացել, իսկ տուժողին հարվածել է միայն ինքնապաշտպանության նպատակով:

Բուրամիտ Շամոյանը պնդել է. «Ինչ արել եմ, ճիշտ եմ արել… Արդարություն եմ պահանջում… Տասը տարին էլ ա մեկ, քսան տարին էլ, ես ամեն տեղ Դուբայի նման եմ ապրելու, թող էդ տուժողը մտածի…»:

Տուժողը հայտնել է, որ 40 տարվա մանկավարժ է, միաժամանակ զբաղվել է անասնապահությամբ ու հողագործությամբ: Դեպքի օրվա դրությամբ ուներ մեկ կով ու մեկ երինջ: Ամբողջ գյուղը գիտի, որ դրանք իր անասուններն են: Դեպքի օրը անասուններին կապել է դաշտում, գնացել է ծիրանի բերքահավաքի: Անասուններին եղևնու ծառից կապել է մետաղական շղթաներով, բացառված է, որ ինքնուրույն արձակվեին ու հեռանային այդ տարածքից: Նրանց առաջ խոտ է լցրել ու գնացել է ծիրան հավաքելու:

Երբ եկել է անասունների հետևից, տեսել է՝ ո՛չ անասունները կան, ո՛չ մետաղական շղթաները:

Սկսել է փնտրել: Հասել է իրենց տուն, հետո նորից դուրս է եկել անասուններին փնտրելու: Հասել է Արաքս-Հուշակերտ ավտոճանապարհի մոտ գտնվող թունաքիմիկատների խանութ, հարցրել է՝ անասուններին չե՞ն տեսել: Ասել են՝ քիչ հեռվում մի տղամարդ անասուն է արածեցնում: Նայել է գերեզմանատուն տանող ճանապարհի կողմն ու տեսել է իր կովն ու երինջը, որոնց արածեցնում էր մի անծանոթ տղամարդ: Շղթաները անասունների պարանոցներին էին: Անասունները իրեն ճանաչելով՝ իր կողմն են եկել: Ինքը մտածել է՝ այդ տղամարդը գտել ու պահել է՝ սպասելով անասունների տիրոջը, նույնիսկ ուրախ-ուրախ ցանկացել է «շնորհակալություն» հայտնել: Բայց չի հասցրել մի բան ասել, երբ տղամարդն ագրեսիվ կերպով հարձակվել է իր վրա. «Թող էստեղից սիկտիր էղի, էկել ես կովերս տանե՞ս»:

Ինքը զարմացել է, ասել է, թե դրանք իր կովերն են, բայց այդ տղամարդը հայհոյանքներ է տվել, հարձակվել է ու ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել: Նա արագ-արագ էր հարվածները հասցնում, ինքը չգիտի՝ քանի անգամ է խփել: Հիշում է՝ մի անգամ շատ ուժեղ հարվածել է որովայնի շրջանին, ինքը այդ հարվածից ընկել է գետնին: Վեր է կացել ու փախել է դեպի Արաքս գյուղ: Հասել է թունաքիմիկատների խանութ, այնտեղ գտնվողները իրեն մեքենայով հասցրել են հիվանդանոց:

Ըստ տուժողի՝ Բուրամիտի ձեռքի դանակը արծաթագույն շեղբով էր, շեղբի երկարությունը՝ 15 սմ-ից ավելի… Իր ձեռքին ոչ մի առարկա չկար…

Դեպից հետո իր քրոջ ամուսինը գնացել է այդ վայրն ու իր անասունները տարել է իր անասնագոմ:

Տուժողն ասել է, թե կովերի անունները «Սևո» և «Ծաղիկ» է, նրանք ութ և երեք տարեկան են, դեպքի ընթացքում «Սևոն» ու «Ծաղիկը» չեն վնասվել…

Դատարանը Բուրամիտ Շամոյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և վերջին հաշվով նրան դատապարտել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 9-ից:

Spread the love