Դռնփակ նիստեր և բաց քվեարկություն

- in Կարծիք
Garnik Vagharshakyan

1988 թվականի ազգային զարթոնքից հետո մեր երկրում ժողովրդավարությունը իրողություն էր դառնում, և տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը կարող էր դառնալ հետխորհրդային առաջին ժողովրդավարական պետությունը:

Սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը կարելի է նրբորեն շրջանցել և այն հանգիստ թողնել թղթի վրա: Ի վերջո, բարձրագույն իշխանության համար կարևոր է, որ ամեն ինչ թղթի վրա կարգին լինի… և վերջ:

Ինչևէ, տարիների ընթացքում կոմունիզմի ուրվականի և ժողովրդավարության խաչմերուկում կանգնած հասարակությունը մի փոքր հապաղեց և շեղվեցինք: Փորձեցինք կառուցել ժողովրդավարության այլընտրանք զուգահեռ ճանապարհներ: Իշխանությունում հավանաբար գիտեն, որ զուգահեռ ուղիղները երբևէ չեն հատվում:

Ժողովրդավարության այլընտրանքն այն եղավ, որ նախագահականից անցանք կիսանախագահական, որից հետո էլ պառլամենտական կառավարման: Այստեղ են ասել` իբր բոլոր խաղերը խաղացինք, մնաց պառլամենտարիզմ խաղանք…:
Ի դեպ, պետության պառլամենտական կառավարման համակարգում ժողովրդավարության քողով պարուրված է կառավարման համակարգը:

Կառավարության նիստերի դռնփակ լինելը իշխանավորների համար ոգևորիչ է և ինչ-որ տեղ վարակիչ: Այսուհետ տարբեր մակարդակներում պետական կառավարման և ՏԻՄ-ի նիստերը կանցկացվեն միայն փակ: Իսկ սա նշանակում է, որ ժողովրդավարությունից հետքայլ է արված:

Ինչ վերաբերվում է ԱԺ-ում վարչապետի ընտրության կազմակերպմանը, ապա այստեղ բաց քվեարկությունը ցուցադրում է պատգամավորների նկատմամբ անվստահության մթնորոլտ: Քանզի չի բացառվում, որ որևէ մեկը կամ մի քանիսը ոչ միայն ձեռնպահ լինեն, այլև դեմ քվեարկեն: Ի վերջո, ամեն ինչին բոլորը կողմ էին միայն խորհրդային տարիներին, իսկ մենք շուրջ 30 տարի կոմունիզմի ուրվականից հեռացել ենք:

Ի վերջո, եթե պետության ամենից բարձր պաշտոնի ընտրության հարցում կարելի է չսեթևեթել և բաց քվեարկությամբ ընտրություն կազմակերպել ու կատարել: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է մնացած բոլոր տարատեսակ ընտրություններում ընկնել ձևականության հետևից և փակ արկղեր պատրաստել, ձայները հաշվող հանձնաժողովներ ձևավորել, հաշվարկել «կողմ», «դեմ», «ձեռնպահ» ձայները, ստորագրել այդ բոլոր փաստաթղթերը, կնիք դնել և վերջում ամբիոնից բարձրաձայնել, թե ով որտեղ և ինչպիսի արդյունքով է հաղթել:

Հանրությունը հասկացել է, որ բոլոր խաղերը սկսվում են մանուկ հասակիցմանկապարտեզներում և ավարտվում հասուն տարիքում ԱԺ-ում:

Դե ինչ, Հյուսիս-Հարավ մայրուղին կառուցելը դժվար է, քանզի մենք դեռ ժողովրդավարությանը զուգահեռ ճանապարհներ ենք փնտրում և կառուցում:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20