Երբ ժողովուրդը ընդվզել է, դուրս է եկել փողոց, մերժում է այս իշխանություններին, գա երկխոսության, որ ի՞նչ անի

- in Կարծիք
Manvel Sargsyan

«Ընդհանրապես երկխոսությունը շատ լավ բան է, բայց հիմա, երբ ժողովուրդը ընդվզել է, դուրս է եկել փողոց, մերժում է այս իշխանություններին, գա երկխոսության, որ ի՞նչ անի»,- ասաց քաղաքագետ ՌԱՀՀԿ կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ երկխոսություն կրող է լինել բացառապես պայմանով, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից և նոր վարչապետ նշանակվի։ «Սա կարող է լինել երկխոսության պայման, որ Սերժ Սարգսյանը հեռանա։ Երկխոսությունը սրա մասին պետք է լինի։ Այլ օրակարգ չի կարող լինել»,- հավելեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ առանց նախապայմանների երկխոսության գնալ կնշանակի վիժեցնել պրոցեսը։ «Ես հիմա չեմ էլ հասկանում, թե ով է երկխոսության առաջարկ անում։ Դաշնակներն են անում, թե Արմեն Սարգսյանը և պառլամենտական ուժերը։ Փաստորեն պառլամենտը անիմաստ է դարձել և ինչ-որ նոր ֆորմատնե՞ր են փնտրում։ Սրան պետք է շատ լուրջ մոտենալ, սրանք լուրջ հարցեր են։ Երկխոսել, կրկնում եմ, կարելի է միայն Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու պահանջի շուրջ»,- ասաց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը՝ երկխոսության առաջարկի մերժումը ինչի կարող է ի վերջո հանգեցնել, հնարավոր է դրա հետևանքով իշխանությունները գնան ուժի կիրառման՝ պատճառաբանությամբ, որ այլ ելք չէր մնացել, Սարգսյանը նկատեց. «Ուժի կիրառումը հարցի լուծում չի։ Սա հետընտրական բողոքարկում չէ։ Սա անհնազանդության շարժում է։ Օրեր առաջ մի թեթև ուժ կիրառեցին Բաղրամյան պողոտայում, տեսաք ինչ եղավ։ Մի հատ էլ կիրառեն, հնարավոր է ալիքը 100 անգամ մեծանա։ Ուժով ոչ ոք աշխարհում չի կարող իրավիճակ փոխել։ Ոչ ոստիկանության ուժերով, ոչ բանակով հարց չեն կարող լուծել։ Մարդիկ չեն ենթարկվում, ոստիկաններն էլ այլևս չեն դիմանում, ուժասպառ են եղել։ Թող բանակն էլ մտցնեն։ Մարդիկ նրանց հետ էլ կաշխատեն ու վերջ։ Առաջին անգամ է՝ համապետական մասշտաբող նման բան տեղի ունենում, դրա համար էլ իշխանությունները բացարձակ չգիտեն՝ ինչ անել, կրակի մեջ են ընկել։ Անհնարին բան է, անհնազանդության շարժման հետ ուժով չեն խոսում։ Դա պետք է հստակ հասկանալ»։ Սարգսյանը նաև հավելեց, որ եթե իշխանությունները, Սերժ Սարգսյանը մի քիչ խորաթափանց լիներ, մի քիչ կմտածեր և չէր նշանակվի։ Նա երկու օր առաջ ասում էր՝ շնորհավորեք ինձ, ես էլ Երևանում սեփականություն ունեցա, երկու օր հետո հրաժարվեց այդ սեփականությունից։ «Սերժ Սարգսյանը շանս ուներ հանգիստ հեռանալու, բայց նա դա չարեց, ու իր նշանակումով սրեց։ Հետևաբար, այս իրավիճակում արդեն անիմաստ է երկխոսությունը։ Բանակցել կարելի է միայն Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո նոր վարչապետի հարցի շուրջ։ Այդ պարագայում էլ գուցե փողոցը հրաժարվի երկխոսությունից և նա ասի, որ ունի վարչապետի իր թեկնածուն։ Դա արդեն բանակցային պրոցես կլինի»,-ասաց մեր զրուցակիցը։

Մանվել Սարգսյանը չի կարծում, որ Փաշինյանը գործողությունների պլան և հետագա ծրագիր չունի։ Նրա խոսքերով՝ ամեն ինչ շատ պարզ է. Սերժ Սարգսյանը իր կառավարությունը դեռ պետք է հաստատի, նրա ծրագիրը պետք է հաստատվի։ Իսկ առաջիկայում ժողովրդի պահանջով հանարվոր է, որ ոչ կառավարությունը հաստատվի, նրա կազմած ծրագիրը չեղարկվի և նոր վարչապետ նշանակվի։ «Սա է օրակարգը։ Պարզ և հստակ օրակարգ։ Սրանից ավելի հստակ օրակարգ չի կարող լինել։ Սահմանադրության ոչ մի խախտում չկա։ Թող նստեն ու մտածեն։ Ու սրանից հետո ոչ մի շենք էլ չեն շրջապատելու։ Դրանից հետո էն 77 պատգամավորին էն օրն են գցելու, որ ոռնոց են հանելու։ Ժողովուրդը ձևը կգտնի։ Հիմնականը կա արդեն»,-եզրափակեց Մանվել Սարգսյանը։

Spread the love