Երիտասարդներն ազգ-բանակի զինվորներն են. Վիգեն Սարգսյանը մասնակցել է քառօրյայի հերոսների հիշատակի մոմավառությանը

- in Պաշտոնական
Vigen Sargsyan

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի այգու՝ Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարը գիշերային մթության մեջ լուսավորվել էր մոմերի լույսով:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։

Երիտասարդներին դեպի խաչքար առաջնորդեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, հոգևոր այրեր:

Նոր Նորքի հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանն առոթք հնչեցրեց առ Աստված, խաղաղություն հայցեց հերոս նահատակների հոգու համար, շնորհավորեց նաև ներկաների Սբ Հարության տոնը:

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այգում երիտասարդները կատարեցին ՀՀ օրհներգը, նրանց միացավ նաև նախարար Սարգսյանը:

«Վստահաբար, այսօր այստեղ եկած երիտասարդները որպես սգացողներ չեն՝ զոհված ընկերների շիրիմի վրա: Եկել են որպես ազգ-բանակի զինվորներ՝ իրենց վստահությունը արտահայտելու, իրենց պատրաստակամությունը հայտնելու, պայքարելու մեր արժեքների, արժեհամակարգի համար: Դա է ամենամեծ դասը այսօրվա և ապրիլյան պատերազմի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի հիմնական դասն ու խորհուրդը նրանում է, որ պատերազմները ոչ սկսվում, ոչ ավարտվում են ստորագրված փաստաթղթերով կամ կնքված պայմանագրերով, դրանք երկար դարերով եկած պայքար են՝ ժողովրդի պայքար, որը միշտ արարել է իր հողում, արարել որպես առաջին քրիստոնյա պետություն, որպես ուրույն արժեհամակարգ կերտած ժողովուրդ: Այդպիսի ժողովրդի պայքարը հարատև է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20