Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ոչինչ չասող և պատմական փաստերի ճշգրիտ արձանագրումից հեռու ուղերձ է հղել պոլսահայ համայնքին, որն ընթերցվել է Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված պատարագի ժամանակ: 

Ուղերձում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Էրդողանը հերթական անգամ շեշտել է «ընդհանուր ցավի» արդեն ավանդույթ դարձած կոնցեպտը՝ նշելով. «Պատմության ընթացքում մեր հայ քաղաքացիների կրած ցավերի մասին տեղյակ լինելն ու դրանք կիսելը բխում են թուրք ազգի բարոյական ու բարեխիղճ դիրքորոշումից»:

Էրդողանը, անտեսելով փաստը, որ Թուրքիայում շարունակաբար պահպանվում է հայերի նկատմամբ ատելության խոսքն ու թշնամանքը, ուղերձում նշել է, թե «ինչ էլ լինի թույլ չենք տա, որ մեր որևէ քաղաքացի հավատամքի, կրոնի կամ հայացքների պատճառով ենթարկվի խտրականության»:

«Հավատացած եմ, որ մեր հայ քաղաքացիները շարունակելու են ավելացնել իրենց ավանդը մեր մշակույթի, սոցիալ, քաղաքական ու առևտրային կյանքում: Ես խնդրում եմ ձեզ խուսափել օգնելու նրանց, ովքեր փորձում են առաջացնել ատելություն ու թշնամանք՝ վնասելով մեր համատեղ պատմությունը: Այս մտքերով ես կրկին հարգանքով հիշատակում եմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կյանքից հեռացած օսմանյան հայերին»,- ասվում է Թուրքիայի նախագահի ուղերձում:

Նշենք, որ նմանօրինակ անհասցե և պատմական փաստերը խեղաթյուրող ուղերձները վերջին տարիներին ապրիլի 24-ին սովորական են դարձել այդ երկրի ղեկավարի կողմից:

Էրդողանն առաջին անգամ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարություն էր արել 2014 թվականին, երբ զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը: Այդ հայտարարությանվերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը (այժմ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար – խմբ.), մասնավորապես, ասել էր. «Պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները»:

Spread the love