Թրամփը մտավ Պուտինի դաշտ. Հայաստանի դերը

- in Կարծիք
trump-putin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առկախել է հարվածը Սիրիային, ասելով, որ դա կարող է տեղի ունենալ շուտ կամ էլ ուշ: Առաջին հայացքից բանալ այդ գրառումը, որ նա արել է թվիթերյան տիրույթում, գործնականում խոսում է շատ ավելի խորքային զարգացումների մասին, որ կարող են տեղի ունենալ չհասցվող հարվածի մակերևույթի ներքո:

Թրամփը վերջին երկու օրերին վարում էր բավականին ակտիվ թվիթերյան դիվանագիտություն, նախ Ռուսաստանին հայտնելով, որ պատրաստվիր հրթիռային հարվածն ընդունելու, հետո խոսելով սպառազինության մրցավազքը դադարեցնելու անհրաժեշտության մասին, հետո ակնարկելով, թե Ռուսաստանի դրածո լինելու իրեն ուղղված մեղադրանքներն են ամեն ինչի, լարվածության պատճառ, հետո խոսելով, որ հարվածը կարող է թե շուտ լինել, թե ուշ: Որը կլինի Թրամփի հաջորդ գրառումը կամ գրառումները, երևի թե անհնար է կանխատեսել, ու թերևս իմաստ էլ չունի, քանի որ դրանք ընդհանուր առմամբ պարունակում են, կամա թե ակամա, մեկ ազդակ՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունը համաշխարհային իրավիճակը, կարծես թե, բավականին մտածված կերպով մղում է անկանխատեսելիության, լարված սպասումի դաշտ, ցույց տալով, որ ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ և օր պետք է սպասել ինչ-որ անակնկալի:

Ընդ որում, խոսքը թերևս միայն Սիրիայի ուղղությամբ հարվածի մասին չէ, այլ ընդհանրապես ամերիկյան քաղաքականության: Դա հետաքրքիր տրանսֆորմացիա է, այն իմաստով, որ մինչ այժմ այդ մարտավարությունն էր փորձում կարծես թե կիրառել Ռուսաստանը, ցույց տալով, որ իրենից սպասելի է ամեն ինչ: Իհարկե դա բերում էր նրան, որ ՌԴ-ն այդպիսով առիթ էր տալիս խորացնել իր հանդեպ միջազգային ճնշումների քաղաքականությունը, բայց այստեղ, իհարկե, կային նուրբ հանգամանքներ: Վերջին հաշվով, Պուտինը, ըստ ամենայնի, լավ էր հասկանում, որ այսպես թե այնպես, Արևմուտքը բռնել է ՌԴ պարանոցից կամ կոկորդից և բաց չի թողնելու, ու բանը միայն այն է, թե ինչ ուժգնությամբ են սեղմելու օղակը: Այսինքն՝ Ռուսաստանը լավ պահի իրեն, թե վատ, օղակը սեղմելու են, քանի որ գլոբալ մրցակցության կամ հակամարտության տիրույթում դրված է Ռուսաստանի հավակնությունը էապես նվազեցնելու և «սեփական կանոնադրությամբ ուրիշ մենաստան» մտնելու ռուսական քաղաքականությունը արգելափակելու խնդիր:

Այդ պարագայում, Ռուսաստանը նախընտրեց գոնե մշտապես ազդել Արևմուտքի նյարդերի վրա, պահել լարված վիճակում, որդեգրել վարքագիծ, երբ ամեն պահի սպասվում է որևէ տհաճ անակնկալ: Երբ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվեց Դոնալդ Թրամփը, և աշխույժ քննարկումներ ու բանավեճեր ծավալվեցին, թե նա Պուտինի դրածոն է, Պուտինն է նրան օգնել հայտնվել այդ պաշտոնում, ու այդ վեճերը շարունակվում են մինչ այժմ, անգամ ԱՄՆ իրավապահների վարած հետաքննության տեսքով, Նյու Յորքի նախկին նահանգապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որ Թրամփի թիմից էր, արեց ուշագրավ հայտարարություն: Նա հայտարարեց, որ Թրամփը Պուտինին կհաղթի, այսպես ասած՝ նրա իսկ խաղաոճով, խաղի նրա իսկ կանոններով:

Այժմ, ըստ երևույթին տեղի է ունենում հենց այդ անցումը՝ Թրամփը մտնում է Պուտինի կանոնների դաշտ և փորձում վարքագիծ դարձնել անկանխատեսելիությունը, ՌԴ գլխին կախելով «հարվածի» Դամոկլեսյան սուրը, որ ուշ թե շուտ, այսինքն՝ ամեն պահի կարող է իջնել: Կրկնենք, որ խոսքը տվյալ դեպքում ամենևին ուղղակի, թե անուղղակի ռազմական հարվածի մասին չէ միայն, և գուցե ավելի շատ դրա մասին չէ, այլ ընդհանուր քաղաքականության, որի գործիքակազմում կարող են լինել նաև տնտեսական հարվածները: Ի վերջո, մինչ աշխարհը լարված սպասում է Սիրիայի ուղղությամբ դիմակայությանը, Ռուսաստանն իրականում դե ֆակտո զգում է տնտեսական հարվածի ցավը՝ ռուբլու փոխարժեքային տենդի տեսքով, որ առաջացել է ՌԴ մի քանի խոշոր գործարարների, այդ թվում՝ Ալյումինի արքա Դերիբասկայի հանդեպ պատժամիջոցից հետո:

Ընդ որում ակնառու է, որ Թրամփի այդ վարքագիծը որոշակի շփոթություն է առաջացրել աշխարհում, քանի որ բավականին վերացական են ոչ միայն ռուսական արձագանքները, այլ արձագանքները ընդհանրապես: Կա հավանականություն, որ թիվ մեկ կամ միակ համաշխարհային գերտերության այդ վարքագիծը կշարունակվի երկար, քանի որ դրանով ակնհայտորեն լուծվում է ոչ միայն Ռուսաստանի, կամ ակնկալվում է լուծել ոչ միայն Ռուսաստանի զսպման հետ կապված խնդիրներ, այլ նաև Չինաստանի, նաև ճշգրտել Եվրամիության հետ հարաբերությունները, վերջապես հասկանալ Թուրքիայի դերը նոր աշխարհակարգում: Պատրաստ է Հայաստանը անկանխատեսելիության տևական շրջափուլ մտնող աշխարհում ոչ միայն ապրելուն, այլ նաև զարգանալուն: Այդ հարցի պատասխանը, մի կողմից, շատ պարզ է՝ Հայաստանն իր կառավարման համակարգի և բնույթի ներկայիս որակներով ու հատկանիշներով առավելագույնը կարող է միայն մակաբուծել համաշխարհային անդորրի պայմաններում, ոչ թե արդյունավետ ու նպատակային լողալ փոթորկի ռեժիմում: Մյուս կողմից սակայն, անդորրի հեռանկար չկա, հետևաբար չկա նաև փոթորկի ռեժիմին առավելագույն ադապտացվելուն և ինչպես սովորական ռեժիմ ընկալելուն այլընտրանք:

Միևնույն ժամանակ, ստեղծված համաշխարհային իրավիճակը, թերևս, առերևույթ կարող է Հայաստանի համար լինել գերռիսկային, որովհետև, վերջին հաշվով, կառավարվող անկանխատեսելիության ամերիկյան մարտավարությունը կարող է բերել նրան, որ ի վերջո ավելի կանխատեսելի վարքագծի անցնի Ռուսաստանը, ու որքան էլ տարօրինակ է, Հայաստանն օգնի այդ հարցում և առաջարկի իր մասնակցությունն այդ անցմանը, որպես ԱՄՆ հետ հարաբերության կամուրջ: Խոշոր հաշվով, Հայաստանը քիչ թե շատ իրական ներուժ ունի կամուրջ լինել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ոչ թե ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև: Ընդ որում, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ չունեն այդ կամրջի մասին «իրազեկումների» կարիք: Նրանք, խոշոր հաշվով, գիտեն, որ Հայաստանն ունի այդ հնարավորությունը, և իրենց մասով, թերևս, նույնիսկ որոշակիորեն, անուղղակի, բայց օգտագործում են այն: Հարցն այն է, թե Հայաստանն իր համար ինչպես կարող է օգտագործել այդ դերը, ինչը հնարավոր է իհարկե կառավարման որակական փոփոխությունների դեպքում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ. www.1in.am

Spread the love