Թրամփն ակնհայտորեն ծաղրում է Ռուսաստանին, միեւնույն ժամանակ հասկացնում

- in Միջազգային
trump-putin

ԱՄՆ նախագահ Թրամփը զգուշացրել է Ռուսաստանին, որը խոստանում էր խոցել ամերիկյան հրթիռները. «Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռները գալիս են՝ գեղեցիկ, նոր եւ խելացի», գրել է նա Թվիթերում:

Միեւնույն ժամանակ, տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ օդ է բարձրացրել Դատաստանի օրվա օդանավը՝ Բոինգ E-4 օդանավը, որը ռազմավարական կառավարման թռչող օբյեկտ է, եւ որը կարող է ընդհուպ պատերազմ մղել եւ առանց վայրէջքի կարող է օդում մնալ մեկ շաբաթ:

Մոսկվայում փորձում են ցույց տալ, թե Թրամփի խոսքերն այնքան էլ լուրջ չեն: Սակայն Ռուսաստանը չունի այն ռազմական պոտենցիալը, որ դիմակայի ամերիկյան նոր հրթիռներին: Այս մասին խոստովանում են ռուս մասնագետներն ու ռազմական փորձագետները: Հետաքրքիր է, որ երեկ տեղեկություն տարածվեց, թե ռուսական ռազմական նավատորմը հեռացել է Սիրիայի Տարտուսի բազայից:

Իր աղմկահարույց թվիթից հետո Թրամփը մեկ այլ ուշագրավ գրառում է արել, որում ասում է. «Մենք պետք ենք Ռուսաստանին նրանց տնտեսությանն օգնելու համար, ինչը շատ հեշտ կլիներ անել: Դադարեցնե՞նք սպառազինությունների մրցավազքը»:

Թրամփն ակնհայտորեն ծաղրում է Ռուսաստանին, միեւնույն ժամանակ հասկացնում, որ առանց ԱՄՆ-ի Ռուսաստանը չի կարող վերականգնել իր տնտեսությունը, եւ առավել եւս չի դիմանա սպառազինության մրցավազքին: Հատկանշական է, որ այս իրադարձություններից մեկ օր առաջ ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին փլուզվեց, իսկ ռուսական տնտեսության հսկաներից մեկը՝ Ռուսալը, կանգնեց դեֆոլտի առաջ: Թրամփն այդպիսով ցույց է տալիս, որ բավական է իր գրչի մեկ հարվածը՝ եւ Ռուսաստանի տնտեսությունը կարող է փլուզվել:

Արդյոք ամերիկացիները կրկին կփրկեն Ռուսաստանին, ինչպես արել են բազմիցս: Երեւում է այս անգամ ոչ, սակայն առայժմ չկա նաեւ Ռուսաստանը փլուզելու խնդիր, եւ դրա «ապացույցն» այն է, որ նավթի գները բարձրացել են: Ռուսաստանին շարունակելու են «քամել», որն ունի հեռահար տնտեսական ու քաղաքական նպատակներ:

Սիրիայում ԱՄՆ-ն փորձեց Ռուսաստանին տալ «համակարգողի» դերը այդ թվում Իրանի ու Թուրքիայի մասով: Ռուսաստանը սակայն այս դերը ոչ միայն չկարողացավ կատարել, այլեւ լիովին ենթարկվեց Թուրքիային: Հատկանշական է, որ Թրամփի գրառումներին զուգահեռ թուրքերը նույնպես անցել են Ռուսաստանին քննադատելուն:

Այնուամենայնիվ, կլինի՞ հարված Սիրիային, եւ արդյոք այդ հարվածը կլինի Ռուսաստանին, թե ներկայում «թիրախն» այլ է, եւ Ռուսաստանին հասցնելով տնտեսական ու քաղաքական լուրջ հարված՝ ԱՄՆ-ն ազդարարում է նոր իրավիճակ Մերձավոր Արեւելքում, որի բուն թիրախը Ռուսաստանը չէ, այլ մեկ այլ խոշոր խաղացող:

Թուրքիա՞ն, թե Իրանը: Թուրքիան իր դերի մեջ է՝ մեկ ամերիկացիների, մեկ ռուսների հետեւում: Օրերս Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի բազային Սիրիայում: Իսրայելցի փորձագետները պնդում են, որ Թեհրանի ռեժիմը մնչեւ տարեվերջ չի գոյատեւի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20