Ժողովրդի համբերության բաժակը լցվել է․ ժողովուրդը չի հանդարտվելու

- in Սոցիալական

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ շատ ծանր վիճակում է ինքը․ «Մի խոսք ասեմ այս կողմ, այն կողմ, կհանդիպենք կասեմ․․․»,- նշեց նա։

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ողջունում է շարժումը․ «Սա երիտասարդության զարթոնքն է։ Որպես Սովետական Միության ծնունդ՝ ես չեմ պատկերացրել, թե ինչ է նշանակում նման խանդավառություն և երկրի տերը դառնալու այսպիսի մեծ ցանկություն։ Եվ ահա հիմա ես դրա ականատեսն եմ և ողջունում եմ երիտասարդությանը»,-նշեց զրուցակիցս։

Լևոն Թոքմաջյանի խոսքով՝ կա մի բայց․«Ես հույս ունեի, որ այսօրվա երկխոսությունը կլիներ երկկողմանի զիջումների արդյունքում, բայց, ինչպես տեսանք, չեղավ ոչ մի բան։ Ես կարծում եմ՝ նաև իշխանությունները պետք է մի քայլ անեն։ Ես միշտ մտածում եմ, որ այս բրգաձև կառավարումը, որ վերևից ներքև է, պետք է նաև ներքևից վերև լինի, միայն վերևից ներքև չի կարող շարունակվել, այլապես այսպիսի ըմբոստություններ դեռ էլի կլինեն, սա պատահական բան չէ։ Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, նրանք չեն ուզում հին ձևով ապրել, իշխանությունները գոնե կես քայլ պետք է անեն, խոսք բացեն։ Օրինակ՝ ես կուզեի, որ Սերժ Սարգսյանը, լինելով փորձառու մարդ, որ նման իրավիճակների ներկա է եղել, խոսք բացեր․․․չէ՞ որ Նիկոլը երիտասարդ սերունդ է, նա ուրիշ կերպ է մտածում։  Եվ եթե ես Սերժի տեղը լինեի, ինքս կսկսեի այդ ամենը, բայց նա  նման ուլտիմատում դրեց, նա էլ նրան, և ահա այս վիճակը»,-հավելեց քանդակագործը։ Նա նշեց, որ պետք է երկխոսություն լինի, պետք է  հաշտեցման եզրեր գտնել, այլ ելք չկա։

«Ժողովուրդը չի հանդարտվելու, էլ ավելի է գրգռվելու։ Ես Նիկոլին համեմատում եմ Դանկոյի հետ, բայց Դանկոյին ոչ ոք չբռնեց, ինչի բռնեցին, ինչ էր արել էդ տղան, ինչ է արել այս ժողովուրդը, որ իր համար խաղաղ կանգնած է, այս խաղաղությունը ձեռնտու չէ իշխանություններին>,-ասաց նա՝ հավելելով՝ Հայաստանում, լավ, ոչինչ չի փոխվելո՞ւ, ոչ մի քայլ չի կատարվելո՞ւ։

«Ես կողմ եմ երկխոսությանը, բայց ոչ թե փոխադարձ մեղադրանքներին, բայց այսօր երկխոսություն չէր, եկան իրար վախեցրին գնացին։ Առաջին քայլը չստացվեց, իսկ դա շատ վատ է»,-հավելեց Լևոն Թոքմաջյանը։

Spread the love