Ինչո՞ւ և ինչպե՞ս հեռացնել սպասվածից էլ լավ աշխատած վարչապետին

- in Հրապարակ
Sezh Karen

Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է վիճակագրամարտը Սերժ Սարգսյանի հետ՝ հրապարակելով մեկը մյուսից տպավորիչ տնտեսական ցուցանիշներ:

Այդ ցուցանիշների իրականությանը համապատասխանությունը ինչպես միշտ, այնպես էլ առավել ևս այժմ, անշուշտ, մնում է հանրության գլխավոր հարցը՝ հաշվի առնելով այն, որ կյանքի, կենսամակարդակի որևէ շոշափելի փոփոխություն «հաշվետու» ժամանակահատվածում հանրությունը այդպես էլ չի զգացել, սակայն Կարապետյանի խնդիրը ամենևին հանրությունը չէ իհարկե, այլ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը: Ի վերջո, հավատում են մարդիկ այդ թվերին, թե ոչ՝ վարչապետին չի հետաքրքրում:

Խնդիրն այն է, որ նա հրապարակում է թվերը, և Սերժ Սարգսյանը կամ պետք է դժգոհություն հայտնի այդ կապակցությամբ և ասի, թե միևնույն է՝ քիչ է, կամ պետք է ընդունի, որ Կարեն Կարապետյանը ցուցաբերել է սպասվածից էլ ավելի լավ արդյունք, և հետևաբար կանգնի բավական բարդ բացատրության առաջ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հեռացնել սպասվածից էլ լավ աշխատած վարչապետին:

Թվում է՝ Սարգսյանը գտել է ելքը՝ անվտանգություն, մարտահրավերներ, որոնք գերակա են զուտ տնտեսական ցուցանիշների նկատմամբ: Բայց պետք է արձանագրել, որ այստեղ իրավիճակը առավելապես տեսական է, այսինքն՝ չկան, այսպես ասած, կոնկրետ օրինակներ, որոնք կդառնային Սերժ Սարգսյանի առաջադրման հիմք: Սարգսյանն էլ, թվարկելով առաջադրվելու հնարավոր հիմքերը, հիշատակում էր առավելապես անցած իրողություններ՝ ապրիլյան քառօրյա, հուլիսյան ՊՊԾ:

Ըստ էության միակ գործնական, այսպես ասած՝ օպերատիվ կամ ընթացիկ, ներկա հիմքը կապված էր փողոցային պայքարի հետ, որ հիշատակեց Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե կան ուժեր, որոնք կոչեր են անում հակառակ քաղաքագիտության կանոնների: Իսկ խոսքն ակնհայտորեն այն մասին է, որ նրանք վիճարկում են Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը, որովհետև քաղաքագիտության և նաև սահմանադրականության տեսանկյունից այստեղ չկա որևէ խնդիր: Հետևաբար ստացվում է, որ վարչապետ լինելու հավանականության վերաբերյալ Սերժ Սարգսյանի գոնե առայժմ բերած փաստարկներից միակ «օնլայնը» հենց փողոցում նրա իսկ վարչապետության դեմ ծավալվող շարժումն է, դա է միակ «ներկա» փաստարկը, որը անցյալ ժամանակով չէ:

Համաձայնեք, որ իրավիճակը իսկապես տարօրինակ է, ինչպես հայտնի ֆիլմում՝ «նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: Նա, ով հայտարարում է Սերժ Սարգսյանին խանգարելու մասին, կամ նրանք, ովքեր հայտարարում են, ստացվում է՝ Սարգսյանին օգնում են որպես վարչապետ լինելու փաստարկ, այն էլ միակը իրական ռեժիմում:

Կբավականացնի՞ Սարգսյանին այդ փաստարկը, թե՞ մինչև ապրիլի 17 իրավիճակը նա կհամալրի անվտանգային բնույթի այլ փաստարկներով, որոնք լրացնելով փողոցում առկա փաստարկը՝ Սարգսյանին թույլ կտան նաև առավել անվրեպ կառավարել այն:

Spread the love