Ինչպե՞ս է Ռուսաստանը համաձայնել դրա ստորագրությանը

Hayastan EM

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրամիության հետ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը: Զուտ տոկոսային հարաբերակցության առումով համաձայնագիրը վավերացվեց ավելի տպավորիչ ցուցանիշով, քան ԵՏՄ անդամակցության պայմանագիրը:

ԵՄ հետ համաձայնագրին կողմ քվեարկեց 95 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չէր քվեարկել ոչ ոք: ԵՏՄ պայմանագիրը վավերացվել էր իհարկե ավելի շատ կողմ ձայնով, բայց այն ժամանակ ավելի շատ էր նաև խորհրդարանի պատգամավորների քանակը, և այդ պայմանագրին կար դեմ քվեարկած 7 պատգամավոր, ու մեկն էլ ձեռնպահ:

Իհարկե թվաբանական այս հարաբերակցությունը հետաքրքիր է զուտ վիճակագրական խորհրդանշականության տեսանկյունից, իսկ իրական քաղաքականության ռեժիմում իրավիճակը անշուշտ այլ է և ակնհայտ է, որ եվրասիա-ռուսական նժարը Հայաստանում կշռում է անհամեմատ ավելի ծանր, քան եվրոպականը կամ եվրաատլանտյանը: Մյուս կողմից սակայն, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը անշուշտ նժարների հավասարակշռությանը միտված մի քայլ է, որը կատարվում է անշուշտ նաև Ռուսաստանի հետ համաձայնեցվածության սկզբունքով, ու հենց դրանով է նաև դառնում առավել հետաքրքիր քաղաքական ռազմավարության կամ ռազմա-քաղաքականության տեսանկյունից:

Ի վերջո, Արևմուտքի հետ կոշտ դիմակայության մեջ գտնվող Ռուսաստանը ինչո՞ւ և ինչպե՞ս համաձայնեց, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին ԵՄ Ասոցացման գործընթացը իր իսկ պահանջով, հաճախ նաև շանտաժով ու սպառնալիքով տապալած Հայաստանը չորս տարի անց այդուհանդերձ նոր փաստաթուղթ ստորագրի ԵՄ հետ, թեկուզ կարգավիճակով ոչ Ասոցացման: Առաջին հայացքից պատասխանն այն է, որ Հայաստանը արդեն ԵՏՄ անդամ էր, այսինքն ստորագրել է ըստ էության ձեռնաշղթաներով: Սակայն սա իհարկե չի կարող դիտվել ամբողջական բացատրություն, որովհետև ի վերջո Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իրավական փաստաթուղթ է, որում արտացոլված է գործողությունների հստակ հաջորդականության, քաղաքական և տնտեսական, նաև անվտանգության ոլորտներում շատ հստակ հետապնդվող նպատակներով, որոնք կարող են իրավիճակ փոխել:

Հետևաբար, պատասխանը, թե ինչու է Ռուսաստանը համաձայնել դրա ստորագրությանը, թերևս առավել բարդ է իր կառուցվածքով ու բաղադրիչներով, քան կարող է թվալ առաջին հայացքից: Եվ պետք չէ բացառել իհարկե, որ այդ պատասխանի մի շարք բաղադրիչներ էլ կարող են հայտնի դառնալ ավելի ուշ: Վերջին հաշվով, Ռուսաստանը կամ համաձայնել է ինչ որ հաշվարկով, կամ գուցե ստիպված է համաձայնել, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի մեջ տեսնելով որոշակի օդանցք նաև իր համար՝ Արևմուտքի հետ հարաբերությունների ավելի ու ավելի նեղացող օղակի պարագայում: Սրանք հարցեր են, որոնք իհարկե չունեն միարժեք պատասխան, սակայն ակնառու է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ինքնին լինելով հնարավորություն, նաև հնարավորությունների աղբյուր է, ընդ որում ոչ միայն Եվրամիության, այլ նաև Ռուսաստանի հետ հարաբերություն կառուցելու տեսանկյունից: Ընդ որում, խոսքը ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության և քաղհասարակության համար հնարավորության մասին է, ու թերևս նաև աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, այդ թվում ոչ միայն Եվրոպա-Ռուսաստան ֆորմատով:

Ի վերջո անհրաժեշտ է հիշել, որ համաձայնագրի ստորագրումից մի քանի օր անց Հայաստան ժամանեց Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը, անկասկած նոր իրավիճակին օպերատիվորեն ծանոթանալու և հնարավորությունները գնահատելու համար: Ինչպիսին է եղել Իրանի եզրակացությունը, պարզ չէ, սակայն դա ևս ցուցիչ ու ինդիկատոր է, թե ինչպիսին է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իր տնտեսա-քաղաքական և ռազմա-քաղաքական ներուժի մասով: Դա ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական զինված ուժերի և հանրության գերակա ջանքով ապահովված ռազմավարական հաջողության դիվանագիտական-քաղաքական շարունակությունն էր, ու նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի շարունակություն է կախված՝ իրավիճակը կվերադառնա «ելման դիրք», այսինքն պատերազմից 5 րոպե պակաս վիճակ, թե ավելի կհեռանա պատերազմից: Այստեղ անշուշտ հույժ կարևոր է, որ համաձայնագրի հարցում հայաստանյան հասարակական-քաղաքական միտքը գտնվի ավանդական մտածողության ու կարծրատիպերից դուրս, որովհետև տրված է փաստացի գործիք, որը հնարավորություն կտա արդյունավետ ներգործել ոչ միայն իշխանության, այլ նաև արտաքին ուժային մի շարք կենտրոնների վրա:

Ավանդական քաղաքական մտածողության ռեժիմը այդ խնբդրում անջատելու հրամայականը կարևոր է նրանով, որ դա տեղի չունենալու դեպքում, փաստաթուղթը անխուսափելիորեն գործիք է լինելու արդեն այդ սուբյեկտների ձեռքին՝ հասարակական-քաղաքական, քաղաքացիական հանրույթի դեմ: Ու արդեն կարևոր չի լինի, թե հատկապես ով այդ նպատակով կկիրառի այդ գործիքը:

Spread the love