Իշխանությունը ժողովրդի հետ իրապես անկեղծ երկխոսության անհրաժեշտություն ունի

eshelon ishxanutyun

Արցախի Պաշտպանության բանակը այսօր տարածել է տեսագրություն, որը պատկերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերը ու կուտակումները: 

Ֆորմալ առումով` ԼՂՀ ՊԲ-ը հակադարձում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությանը, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակվել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող:

Սակայն ինքնին հասկանալի է, որ ԼՂՀ ՊԲ-ի այսօրվա հայտարարությունը շատ ավելի բազմաշերտ է և ուղղված է նաև, իսկ գուցե` առաջին հերթին, Հայաստանի հասարակության այն շերտերին, որոնք զանգվածային գործողություններ են իրականացնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը օգտվելու է Հայաստանի ներքաղաքական իրավիճակիցառաջնագծում լարվածությունը մեծացնելու նպատակով: Սա աքսոմիա է ճիշտ այնպես, ինչպես 90-ականների Հայաստանն օգտագործում էր Բաքվում ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակները` պատերազմի ընթացքը բեկելու համար:

Մյուս կողմից` Ադրբեջանում նույնպես հետընտրական կրքերը չեն հանդարտվել և Բաքվում էլ ընդդիմությունը պարբերաբար հանրահավաքներ է անում Իլհամ Ալիևի վերընտրության դեմ և այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում բանը հասել է նույնիսկ բախումների:

Ահա այս համատեքստում ծնվում են մի քանի հարցեր. արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական լարվածությունը իսկապես մեծացրել է պատերազմի վերսկսման ռիսկերը և Արցախի պաշտպանության գերատեսչությունը հարկադրված բարձրաձայնում է այս մասին` մեղմ ասած, հույսը չդնելով քաղաքական համակարգի ադեկվատության վրա և ապավինելով քաղաքացիների ողջախոհությանը, թե՞ գործ ունենք իշխանության ծեծված քարոզչական հնարքի հետ, որի միջոցով փորձ է արվում վախեցնել, հոգեբանորեն ճնշել փողոց դուրս եկած մեր հասարակությանը:

Իսկապե՞ս Ադրբեջանը որոշել է պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ, որովհետև մենք այս օրերին բարիկադները տեղափոխել ենք մեր մայրաքաղաքի փողոցներ, թե՞ Հայաստանի իշխանությունները արտաքին սպառնալիքի շուրջ արհեստական քարոզչական ֆոն են ստեղծում` պատերազմի վտանգը ակտուալացնելու միջոցով հասարակության առաջնահերթությունները փոխելու նպատակով:

Համենայն դեպս, հասարակությունն այս օրերին հակված չէ հավատալ պետական հաղորդագրություններին, նույնիսկ նրանց, որոնք վերաբերվում են պատերազմի վտանգին կամ արտաքին սպառնալիքին:

Սակայն այս հարցում դժվար է հասարակությանը մեղադրելը, որովհետև առնվազն երկու տասնամյակ պետական քաղաքականությունը, օֆիցիոզ քարոզչությունը կառուցվում են կեղծիքի, ստի, մանիպուլացիայի վրա և հենց նաև դա է այս օրերի դրամատիկ իրադարձությունների հիմնական պատճառը: Հասարակությանը փողոց հանել է ոչ թե ընդդիմության որակը կամ իրական այլընտրանքի գոյությունը, այլ` Սերժ Սարգսյանի տասնամյա քաղաքականության նկատմամբ տոտալ անվստահությունը:

Իշխանությունը ժողովրդի հետ իրապես անկեղծ երկխոսության անհրաժեշտություն ունիբոլոր խնդիրների, այդ թվում պատերազմի և կարգավորման թեմայով: Այլապեսհնարավոր չէ պատերազմի վտանգի սառը ցնցուղով մարել այն հրդեհը, որը բռնկվել է Երևանում, հատկապես, որ մարդիկ վստահ են պատերազմի վտանգը մեր դուռը թակում է ոչ թե երևանյան հանրահավաքների, այլ` կոռումպացված իշխանության անտաղանդ քաղաքականության հետևանքով:

Spread the love