Իշխանությունները գրեթե հարյուր տոկոսով լուծեցին իրենց խնդիրը՝ հասարակության հետ «10000 դրամանոց» առանցքով

- in Ընտրություններ
Elections 2017

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին սահմանադրական փոփոխություններից և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո:

Հարկ է հատուկ ընդգծել այս հանգամանքը, որովհետև, բացառությամբ թերևս ՀՀԿ-ի, ընտրական գործընթացի մյուս մասնակիցներն այդպես էլ չգիտակցեցին, որ ԱԺ ընտրությունները այլևս միակն են համապետական մասշտաբով, և դրանց արդյունքներով է ձևավորվելու առաջիկա տարիների իշխանությունը:

Համենայնդեպս, խորհրդարանում հայտնված և չհայտնված ընդդիմադիր ուժերից որևէ մեկն ընտրարշավի ժամանակ, ըստ էության, հանդես չեկավ իշխանափոխության, ավելի ճիշտ՝ նոր իշխանության ձևավորման օրակարգով՝ ըստ էության գերնպատակ համարելով խորհրդարանում հայտնվելը: Այս համատեքստում ՀՀԿ-ն միակն էր, որ համարժեք քաղաքական վերաբերմունք ուներ անցած տարվա ընտրությունների հանդեպ՝ դրանք դիտարկելով որպես համակարգային տրանսֆորմացիայի բազմափուլ և բազմաշերտ գործընթացի հերթական փուլ, որն ավելի է մոտեցնելու իշխանության խնդրի 2018-ի ապրիլյան հանգուցալուծմանը:

Քաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտի անհամարժեքությունն իհարկե ուներ իր բացատրությունը: Մի կողմից՝ ՊՊԾ գնդի գրավումը արմատականացրել էր հանրային տրամադրությունները՝ բարձրացնելով դրանց նշաձողը, որի փլատակների տակ մնաց ընդդիմությունը, մյուս կողմից՝ իշխանություններն ընտրական ցիկլ մտան ավելի կրեատիվ մոտեցումներով՝ հանրությանը ներկայանալով նոր վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով, ինչը հասարակության գոնե մի հատվածին ստիպեց փոփոխությունների հնարավորությունը փնտրել հենց իշխանության ներսում:

Սրան հավելենք այն հանգամանքը, որ 2016-ի օգոստոսի դրամատիկ իրադարձություններից հետո առաջացած քաղաքական վակուումը Սերժ Սարգսյանին դրդեց նոր պայմանավորվածություններ ձեռք բերել գործարար Գագիկ Ծառուկյանի հետ, ով խորհրդարանական ընտրություններից առաջ վերադարձավ քաղաքականություն՝ մի կողմից զրոյացնելով ընդդիմության՝ առանց այն էլ նվազ հնարավորությունները, մյուս կողմից՝ իշխանության և հասարակության միջև կատարելով բուֆերի իր ավանդական դերակատարությունը:

2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների որակը հեռու է գոհացուցիչ լինելուց՝ նույնիսկ ոչ այնքան խիստ չափանիշների համատեքստում: Սակայն իշխանությունները գրեթե հարյուր տոկոսով լուծեցին իրենց խնդիրը՝ հասարակության հետ «10000 դրամանոց» առանցքով ձևավորվեց կոնսենսուս, ինչի հետևանքով «անցնցում ընտրությունները» դարձան մեկ տարի առաջվա գործընթացի ապաքաղաքական բովանդակությունը՝ կանխորոշելով առաջիկա տարիների գործընթացների տրամաբանությունը, որակը: 2015-ի սահմանադրական հանրաքվեով Սերժ Սարգսյանը փակեց ընդդիմության թեման, իշխանություն վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի նույնիսկ տեսական շանսերը: Մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով ըստ էության չեզոքացվեց հասարակության սուբյեկտությունը:

Ըստ էության մեկ տարի առաջ նոր իշխանության հարցը լուծվել է. Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքն արհեստական օրակարգ էր, և եթե նույնիսկ ներիշխանական հակասությունները որոշակի տեղ ունեն, դրանք որևէ կերպ չեն վտանգում ապրիլի 2-ի հետևանքով ստեղծված ստատուս քվոն: Այս օրերին իշխանությունը ոչ թե նոր-նոր ձևավորվում է, այլ ընդամենը փաստաթղթավորվում է՝ անցյալ տարվա ապրիլի 2-ի ստատուս քվոյի տրամաբանությամբ:

Մեկ տարի առաջ ձևավորված խորհրդարանը՝ իր ֆորմալ և, այսպես կոչված, չփաստաթղթավորված մեծամասնություններով, քաղաքական տեսանկյունից, թերևս, ամենամիատարրն է Երրորդ հանրապետության պատմության մեջ: Իհարկե, ասվածը բնավ չի նշանակում, որ խորհրդարանական սակավաթիվ ընդդիմությունը ինստիտուցիոնալ, համակարգային հիմքերի վրա ձևավորվող այլընտրանք դառնալու հնարավորություն չուներ կամ չունի: Սակայն այստեղ բախվում ենք վերջին 25 տարիների մյուս տխուր օրինաչափությանը. «Ելք» դաշինքը կամ առնվազն նրան մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել նախորդ բոլոր ընդդիմություններին փակուղի հասցրած ծուղակը՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալու փոխարեն տրվելով անձնավորված քննադատության, թիրախավորման գայթակղությանը: Այսօր Նիկոլ Փաշինյանը հակադրվում է այն ստատուս քվոյին, որի մի մասն էլ, ըստ էության, կազմում է ինքը՝ իր կուսակցությունով, դաշինքով:

Ցավոք, խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց ևս օլիգոպոլ իշխանության օրակարգը, վարքագիծը շատ ավելի համարժեք, քաղաքական են, քան մարգինալացող ընդդիմության, որը նման է գնացքի հետևից անհույս վազող ուշացած ուղևորի:

Spread the love