Խորքային ու հիմնարար պատասխաններ Ծառուկյանի հետ հարաբերակցության մասով

- in Հրապարակ
Serzh Gagik

ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ի պատասխան «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանի հոդվածում եղած այն մտքի, թե Սերժ Սարգսյանը գուցե վարչապետ դառնա նաև «Ծառուկյան» դաշինքի աջակցությամբ, հայտարարել է, որ քաղաքական ուժերը թող զբաղվեն իրենց գործով, իսկ «Ծառուկյան» դաշինքի օրակարգում ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հարց չկա:

Ծառուկյանի՝ կոալիցիա մտնելու մասին տեղեկությունները հայկական մեդիամիջավայրում են հայտնվում որոշակի պարբերականությամբ: Կոալիցիան Ծառուկյանի համար կնշանակի քաղաքական գործունեության կամ ավելի շուտ՝ գործոնության ավարտ: Ըստ այդմ՝ եթե Ծառուկյանը մտնի կոալիցիա, ապա դա կնշանակի, որ նա դուրս է գալիս քաղաքականությունից վերջնականապես: Նա իհարկե եղել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայում, բայց բոլորովին այլ իրավիճակում, այլ ժամանակաշրջանում, ու նաև հենց այն, որ եղել է, ստեղծում է ներկայիս վիճակը՝ նոր կոալիցիան նրա համար կնշանակի քաղաքական գործոնության ավարտ: Ծառուկյանը մինչդեռ, համենայնդեպս՝ առայժմ, չի դրսևորում այդպիսի ցանկություն:

Ավելին, դատելով նրա գործունեության քարոզչական ապահովման տրամաբանությունից՝ նա մտադիր է լինել առաջիկա առնվազն քառամյակի տնտեսաքաղաքական առանցքային խաղացող: Դա առաջին հերթին նշանակում է, որ Ծառուկյանը չունի սեփականության անձեռնմխելիության բավարար երաշխիքներ: Խնդիրը այս դեպքում, իհարկե, լոկ այն չէ, որ նա վախենում է, թե որևէ մեկը կխլի սեփականությունը: Խնդիրն այն է նաև, որ այդպիսով Ծառուկյանը կամա թե ակամա դառնում է Հայաստանում ընդհանուր անկանխատեսելիության մասին վկայող ինդիկատոր, քանի որ նա փաստորեն չունի իրավիճակի և իրադարձությունների քաղաքական զարգացման կանխատեսելիության սպասում: Իսկ դա նշանակում է, որ չնայած Սերժ Սարգսյանի վարչապետության հարցի որոշակիացմանն անգամ՝ ընդհանուր իրավիճակը իշխանության հարցում շարունակելու է մնալ անորոշ: Իսկ դա էլ նշանակում է, որ Ծառուկյանը շարունակելու է մնալ քաղաքականության մեջ: Իսկ քաղաքականության մեջ մնալու համար նրան պետք է մնալ իշխանությունից առնվազն դե յուրե դուրս:

Բանն այն է, որ Ծառուկյանի համար իշխանական լծակ ունենալը չէ որոշակի կանխատեսելիության երաշխիք, այլ քաղաքական գործոն լինելը: Իսկ այդպիսին նա կարող է լինել իշխանությունից դուրս գտնվելով, որովհետև նա առաջին հերթին հենց իշխանությանը պետք է ստիպի հաշվի առնել իրեն:

Իր հերթին իշխանությունն ունի Ծառուկյանի դատարկ թողած տեղը լրացնելու խնդիր, և դա առավել քան ակնառու էր նրա քաղաքականություն վերադարձի պարագայում: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն էլ հազիվ թե ունենա Ծառուկյանի հետ կոալիցիա կազմելու, այլ կերպ ասած՝ նրա գործոն լինելը չեղարկելու ցանկություն, որովհետև այդ դեպքում նա պետք է լրացնի Ծառուկյանի բաց թողած տեղը: Ընդ որում, խնդիրն այս դեպքում ամենևին զուտ ֆինանսատնտեսական չէ: Թյուր տպավորություն է, թե Ծառուկյանը՝ դա քաղաքական դաշտում եղած շատ փող է: Պատկերացնենք, այդ փողը ներառվում է իշխանական կոալիցիայի կազմ, և դա բավական է, որ Ծառուկյանն այլևս չլինի գործոն: Այսինքն՝ փողը դարձյալ կա քաղաքականության մեջ, բայց այն արդեն գործոն չէ:

Հետևաբար հայաստանյան քաղաքական պատկերացումների շրջանակում առկա թյուրըմբռնումներից և սխալ ախտորոշումներից է այն, որ երկրորդ բևեռ հանդիսացող ԲՀԿ-ն ընդամենը ֆինանսական դերակատար է: Իրականում ֆինանսական ռեսուրսները ունեն մեծ դեր, սակայն անհրաժեշտ է հասկանալ «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական գործառույթն ու առաքելությունը, այսպես ասած, գաղափարական կամ հռետորաբանական փաթեթավորման տեսանկյունից՝ անկախ այդ ուժի հանդեպ գնահատականներից և մոտեցումներից: Հետևաբար Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմության հեռանկարի շուրջ դիսկուրսը բացարձակապես դատարկ կստացվի, եթե այն չներառի ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի առկայությունը և չփորձի հեռանկարային կանխատեսումները դիտարկել՝ հաշվի առնելով այդ գործոնի առկայությունն ու հնարավոր վարքագիծը:

Եվ ուրեմն ընդդիմադիր հեռանկարի վերաբերյալ դիսկուրսում առանցքային է ոչ միայն ընդդիմություն-իշխանություն հարաբերակցության նոր բնույթի, կանոնների, որակի, մտածողության և այլ համանման բաղադրակազմի խնդիրը, այլ նույն խնդիրը ընդդիմություն-Ծառուկյան հարաբերակցության մասով, համենայնդեպս՝ քանի դեռ Ծառուկյանը չունի քաղաքականությունը կոալիցիայով փոխելու մտադրություն:

Ավելին, այդ հարցը կանգնած է թերևս նույնիսկ մինչև իշխանության հասնելը, այլ իշխանությանը հասնելուց առաջ նախ պետք է ունենալ խորքային ու հիմնարար պատասխաններ Ծառուկյանի հետ հարաբերակցության մասով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20