«Ծառուկյան» խմբակցությունն ամենևին էլ ընդդիմադիր չէ, ինչպես մինչև այժմ փորձում էին ներկայացնել

- in Կեղտոտ լվացք
Gagik Carukyan

«Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամների իրարամերժ հայտարարություններից արդեն պարզ է, որ խմբակցությունում հնարավոր չի եղել համաձայնության գալ վարչապետի թեկնածության քվեարկության հարցում, և արդյունքում որոշվել է, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ՝ ինչպես ցանկանա:

Քվեարկությունից հետո պարզվելու է, որ «Ծառուկյան» խմբակցությունն ամենևին էլ ընդդիմադիր չէ, ինչպես մինչև այժմ փորձում էին ներկայացնել այս դաշինքի անդամ որոշ պատգամավորներ: Որովհետև խմբակցության անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, այնպես, ինչպես ՀՀԿ-ականները:

Դեռևս մի քանի օր առաջ խմբակցության որոշ անդամներ, պայմանականորեն կոչված քաղաքական թևը պնդում էր, որ իրենց իմաստ չունի հարցնել թե ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ, որովհետև կա քաղաքագիտական աքսիոմա. ընդդիմությունը չի կարող կողմ քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Մենք էլ դրանից ավելի վաղ ենթադրել էինք, որ տրամաբանական չի լինի, եթե իրեն ընդդիմադիր համարող «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածուին կողմ քվեարկի, անկախ թեկնածուի անձից, քանի որ դրանով պատասխանատվություն է վերցնում այդ թեկնածուի և նրա կառավարության գործունեության նկատմամբ, և հետագայում զրկվում է այդ նույն կառավարությանը քննադատելու իրավունքից: Բայց «Ծառուկյան» դաշինքը գնաց քաղաքագիտության տարրական օրենքներին դեմ, որովհետև դաշինքի պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկելու:

Թե ինչու դա տեղի ունեցավ, միանգամայն պարզ է: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մեծամասնությունը խորհրդարան է եկել բացառապես մի նպատակով՝ լուծելու իր անձնական հարցերը: Սրա մեջ է մտնում ինչպես տնտեսական ոլորտում ինչ-որ արտոնություններ ստանալը, այնպես էլ այնպիսի կենցաղային հարցեր լուծելը, ինչպես, օրինակ, ինչ- որ մեկին կալանքից ազատելը, բանակային ծառայության, աշատանքի տեղավորման հետ կապված ամենաբազմազան խնդիրների կարգավորումը: Իսկ դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե դու իշխանության հետ ունես նորմալ հարաբերություններ: Այդ մարդկանց տրամաբանությամբ, իրենք չեն կարողանա դիմել իշխանությանը և աջակցության հույս ունենալ, եթե քվեարկեն Սերժ Սարգսյանի դեմ: Ավելին, Սարգսյանի թեկնածության օգտին քվեարկությունը համարում են միջոց՝ իրենց նվիրվածությունը ցույց տալու ապագա վարչապետին: Ընդհակառակը, քաղաքական թիմը հասկանում է, որ եթե խմբակցությունը կողմ է քվեարկում, ապա իրենք այլևս զրկվում են քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Եվ ամենևին կապ չունի՝ իրենք անձնապես դեմ են քվեարկել, թե ոչ, որովհետև իրենք մի խմբակցության մեջ են, որի մեծամասնությունը կողմ է քվեարկել: Իրենց ցանկացած ժամանակ կհիշեցնեն խմբակային կողմ քվեարկության մասին, և դրանից ոչ մի տեղ չես փախչի: Իսկ որ «Ծառուկյան» խմբակցությունում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկողների թիվմ ավելի մեծ կլինի, քան դեմերի քանակը, կարելի է չկասկածել: Ընդամենը մեկ օր հետո մենք կհամոզվենք դրանում:

«Ծառուկյան» խմբակցությունը 31 պատգամավոր ունի: Եթե այդ թվից հանենք Ծառուկյանին, որն ամենայն հավանականությամբ չի մասնակցի քվեարկությանը, այդպիսով մնալով կողմերի և դեմերի միջև, ապա կարելի է ենթադրել, որ խմբակցության պատգամավորներից մոտ 18-ը կողմ կքվեարկեն: Դեմ կքվեարկեն խմբակցության կին ներկայացուցիչները, բացառությամբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականուհի Կարինե Պողոսյանի, որը կողմ կքվեարկի՝ հանուն Աբրահամյանի: Մնացած բոլոր կին պատգամավորները դեմ կքվեարկեն, հաստատելով Գագիկ Ծառուկյանի այն տեսությունը, ըստ որի, կանայք ավելի նվիրված ու սկզբունքային են, քան տղամարդիկ: Տղամարդ պատգամավորներից դեմ կքվեարկեն Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը և էլի երկու երեք պատգամավոր, որոնք իշխանությունից այնքան էլ մեծ ակնկալիքներ չունեն, կամ սեփական դեմքը պահելու խնդիր ունեն: Սա էլ այն դեպքում, եթե ինշխանությունը շատ ճիգեր չգործադրի նրանց ազատ քվեարկության վրա ազդելու համար:

Այս քվեարկությունը ջրբաժան կդառնա խմբակցության ներսում՝ այն բաժանելով երկու մասի՝ ընդդիմադիրների և իշխանամետների: Այս թևերի մեջ լինելու է բացահայտ թշնամություն և հակամարտություն, որովհետև Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկածները այսուհետ փորձելու են բոլոր հարցերում իրենց աջակցությունը հայտնել իշխանությանը, այլևս իմաստ չտեսնելով թաքնվել կեղծ ընդդիմության քողի տակ, իսկ դեմ քվեարկածները փորձելու են ընդգծել, որ որևէ կապ չունեն իշխանամետ հատվածի հետ: Նրանք կմնան նույն խմբակցության կազմում, որովհետև օրենքը արգելում է պատգամավորներին պատգամավորական խմբեր ստեղծել, ինչը կարելի էր անել նախորդ խորհրդարաններում: Գագիկ Ծառուկյանը պետք է փորձի հաշտեցնողի և նրանց միավորողի դերում հանդես գալ, բայց հակամարտությունը այնքան սուր և դրամատիկ է լինելու, որ նա ինչ-որ պահի ստիպված է լինելու ընտրություն կատարել:

Spread the love