Կարեն Կարապետյանը փաստացի հայտարարում է, որ ինքը չի պարտվել

karen-karapetyan

Հայտարարելով Սերժ Սարգսյանի հետ վարչապետության խնդրի քննարկման ու որոշման մասին՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ առկա իրավիճակում սահուն անցում ապահովելու և մարտահրավերներին դիմագրավելու համար որոշել են պահել ներկայիս կոնֆիգուրացիան, և Սերժ Սարգսյանը կմնա Առաջին դեմքի կարգավիճակում: Կարապետյանի այս հայտարարությունը, ըստ էության, շատ կանխատեսելի էր, բոլորը սպասում էին դրան, և պարզ չէր միայն, թե ով, ինչպես և որտեղ է ասելու, որ վարչապետ կառաջադրվի Սերժ Սարգսյանը: 

Իրավիճակն ուշագրավ է, իհարկե, հետագա զարգացումների տրամաբանության մասով, և այդ տեսանկյունից տվյալ պարագայում հետաքրքիր է, թե ինչ է նշանակում կոնֆիգուրացիայի պահպանում քաղաքական իմաստով: Այսինքն՝ կոնֆիգուրացիայի պահպանումը ինչպիսի ժամանակային ինտերվալ, ինչպիսի տարածություն կամ մասշտաբ ունի, ինչ բովանդակություն է ենթադրում և այլն:

Դա իշխանության մինչև 2022 թվականի ստատուս քվոյի ամրագրո՞ւմ է, երբ խորհրդարանի հաջորդ ընտրությունից առաջ արդեն կծավալվեն քննարկումները մեծամասնության ցուցակը կազմելու և ընդհանրապես խորհրդարանի կազմը, քվոտաները որոշելու շուրջ, թե՞ ներիշխանական հրադադարն է մոտ ապագայի մասով, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, որ այդ կոնֆիգուրացիան համաձայնություն է մինչև 2022 թվական:

Մի բան, անկասկած, հստակ է, որ կոնֆիգուրացիան կրելու է գերազանցապես առերևույթ բնույթ, այսինքն՝ լինելու է մակերեսի վրա, իսկ համակարգի խորքային տրանսֆորմացիայի գործընթացը և ըստ այդմ՝ ներիշխանական ուժերի ու շահերի բախումը շարունակվելու են անխուսափելիորեն, քանի որ այն պայմանավորված է հանգամանքներով, որոնք վեր են Հայաստանի իշխանության ուժերից և ազդեցության դաշտից: Ակնհայտ է, որ համակարգը չունի և չի ունենալու փոխզիջումների նախկին ռեսուրսը, այսինքն՝ նախկին փոխզիջումների մասշտաբը պահելու ռեսուրսը, և դրանք թերևս չունեն երկարաժամկետ լինելու հավանականություն:

Ըստ այդմ՝ առավել իրական է թերևս այն, որ խոսքը կարճաժամկետ պայմանավորվածության մասին է, որը թույլ կտա անցնցում լուծել վարչապետի նշանակման ֆորմալ հարցը, Սահմանադրության պահանջին համապատասխան՝ քաղաքական, այսպես ասած, ֆորս-մաժոր չառաջացնելու համար, որովհետև իշխանությունը չունի մի կողմից երկարաժամկետ փոխզիջման ռեսուրս, մյուս կողմից՝ չի կարող իրեն թույլ տալ ներքին մրցակցության կարճ ժամկետ, քանի որ այդ դեպքում անխուսափելի կլինեն ճգնաժամն ու բախումը:

Ապրիլին կա Սահմանադրությամբ պարտադրված ժամկետ, որի ընթացքում պետք է լինի կառավարության հրաժարական և նոր վարչապետի ու կառավարության նշանակում: Այդ ժամկետը հնարավոր չէ խախտել, բայց միևնույն ժամանակ համակարգում դիմակայությունը հանգուցալուծված չէ, և որևէ կողմը չի հասել վերջնական հաղթանակի, թեև թվում է, որ Սերժ Սարգսյանն է հենց հաղթել:

Համենայնդեպս, Կարեն Կարապետյանը փաստացի հայտարարում է, որ ինքը չի պարտվել, պարզապես պայմանավորվել են պահել կոնֆիգուրացիան, այսինքն՝ եղել է հրադադար: Թեև չի բացառվում, որ այդ ձևակերպման շռայլությունը նրան թույլատրվել է, այսպես ասած, դեմքը փրկելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20