Կհաճախակիանան դիմումները Մոսկվային, Կրեմլի չեզոք դիրքորոշումը փոխելու համար

- in Կեղտոտ լվացք
Putin Vladimir

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեկնել են Մոսկվա, որտեղ կվարեն, այսպես ասած, ոչ պաշտոնական բանակցություններ: 

Կասկած չկա, որ մոսկովյան այդ այցերի առանցքային թեման լինելու է Հայաստանի ներքին զարգացումները, իսկ մնացյալ հարցերը երևի թե դրանց կոնտեքստում: Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեկնարկից ի վեր, թերևս, կար մի առանձնահատկություն՝ արտաքին գործոնների գրեթե զրոյականություն: Միևնույն ժամանակ օբյեկտիվորեն հասկանալի էր, որ իրադարձությունների ծավալման և արդեն բավական լուրջ քաղաքական տեղաշարժերի արձանագրման պայմաններում արտաքին գործոնները ի հայտ գալու են:

Ի վերջո, խնդիրը միայն հետքի հարցը չէ, այլ նաև Հայաստանի հանդեպ ուշադրության, որովհետև Հայաստանը կարևորագույն տարածաշրջանում կարևորագույն խնդիրների առնչվող պետություն է, ըստ այդմ, եթե օրակարգում հայտնվում է իշխանության հարց, ապա ուժային գեոքաղաքական կենտրոնները չեն կարող դրա հանդեպ մնալ անտարբեր: Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ, այդ կենտրոնների արձագանքները բավականին զուսպ և համարժեք էին իրավիճակին: Թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Եվրոպան հայտնում էին Հայաստանում սահմանադրական, ժողովրդավարական, ոչ բռնի մեթոդներով հանգուցալուծման ակնկալիք: Առանցքային էր իհարկե Մոսկվայի դերը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը ռուսական ազդեցության կամ պատասխանատվության գոտում գտնվող պետություն է, դուր գա դա որևէ մեկին, թե ոչ: Մոսկվայի արձագանքը այդ առումով բավական կարևոր է և, ըստ այդմ, առանձնակի ուշադրության արժանի: Ահա այս համատեքստում ուշագրավ է, որ մայիսի 1-ին ընդառաջ՝ երբ խորհրդարանում քվեարկվելու է վարչապետի թեկնածությունը, կարծես թե աշխուժանում և ուղղակի բնույթ են ստանում շփումները Մոսկվայի հետ, այդ թվում՝ արդեն այցեր՝ արտգործնախարարի և փոխվարչապետի:

Նրանք մեկնել են Մոսկվա՝ Ռուսաստանին հավաստիացնելու, որ Հայաստանում որևէ հանգուցալուծում չի պարունակում վտանգ Ռուսաստանի համա՞ր, թե՞ մեկնել են իրենց համար, կամ իշխանության այս կամ այն թևի համար վտանգները չեզոքացնելու հարցում Ռուսաստանից աջակցություն ստանալու: Մոսկվան առայժմ հայտարարել է չեզոքության մասին, ընդ որում՝ Կրեմլի մամուլի խոսնակի միջոցով: Դմիտրի Պեսկովը մի քանի անգամ, այդ թվում՝ ապրիլի 25-ին հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում են Հայաստանի ներքին գործը, և ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի: Միևնույն ժամանակ, Հայաստանի ներսում ակնհայտ է բազմաշերտ և բազմավեկտոր թեժ պայքարը իշխանության համար, որ ընթանում է թե ՀՀԿ ներսում՝ Կարեն Կարապետյանի և կուսակցության ոչկարապետյանական թևի կամ գուցե թևերի միջև, միաժամանակ «Ծառուկյան» դաշինքի ու ՀՀԿ-ի, և զուգահեռ նաև «Ծառուկյան» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի միջև՝ արդեն լատենտ հեռանկարայնությամբ:

Այս դասավորությունում մեծանում է հավանականությունը, որ հանգուցալուծմանը, այսինքն՝ մայիսի 1-ի քվեարկությանը մոտ կհաճախակիանան դիմումները Մոսկվային, Կրեմլի չեզոք դիրքորոշումը փոխելու համար: Իսկ դրա փոխելու տարբերակը թերևս մեկն է՝ հավաստիացնել, թե Հայաստանում իշխանափոխության դեպքում, եթե վարչապետի պաշտոնին չհայտնվի ՀՀԿ թեկնածուն, տվյալ դեպքում Կարեն Կարապետյանը, կառաջանան Ռուսաստանի համար խնդիրներ: Ապրիլի 25-ին Կարեն Կարապետյանը փորձեց Հայաստանում իրականացնել քաղաքական բլից-կրիգ և վերցնել իշխանությունը: Չստացվեց: Չի բացառվում, որ նա կփորձի գալ արդեն հեռվից, օգտագործելով իր և Հայաստանի, այսպես ասած, ներդրողների կարապետյանական ակումբի ռուսաստանյան կապերն ու հնարավորությունները, դրանցով Կրեմլի «վրա դուրս գալու» և չեզոք որոշումը փոխելու համար: Ինչի՞ համար են գնացել Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Գևորգյանը Մոսկվա, պարզ չէ, բայց պարզ է, որ նրանք պարտավոր են արձանագրել մի արդյունք, որպեսզի Մոսկվան շարունակի մնալ չեզոք, և Կրեմլի մոտ չառաջանան բացարձակապես անտեղի մտահոգություններ, քանի որ դրանք օբյեկտիվ մի շարք իրողություններով հանդերձ անտեղի են, և այդ ամենը բավական հստակ քաղաքական ուղիղ ազդակներով, բաց տեքստով և հրապարակայնորեն Մոսկվային փոխանցել է Նիկոլ Փաշինյանը:

Մյուս կողմից, սակայն, այստեղ կա թերևս մեկ այլ խնդիր, որ կարող է պահանջել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը: Հարցը միայն Կրեմլի չեզոքության պահպանումը չէ, այլ նաև անհրաժեշտ է հասնել նրան, որ Կրեմլը թույլ չտա ռուսական իսթեբլիշմենտի ինչ-ինչ շրջանակների միջամտել հայաստանյան իրադարձություններին՝ Կրեմլի անունից կամ դրա լռության պայմաններում: Որովհետև այդ չակերտավոր կամ առանց չակերտի ինքնագործունեությունն է հարվածելու հենց Ռուսաստանին, բումերանգի նման, ընդ որում արդեն ոչ թե ինքնագործ թևին կամ խմբին, այլ հենց Կրեմլին: Հայաստանի որևէ պաշտոնյա այս օրերին որևէ այլ անելիք չպետք է ունենա Մոսկվայում՝ հայաստանյան իրադարձությունների մասով, քան այդ իրողությունները ՌԴ քաղաքական ղեկավարությանը ներկայացնելը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20