Exern

Ամեն տարի այս օրը հազարավոր մեր հայրենակիցների համակում են հակասական զգացումներ:

Կորստի ցավի վերապրման, զոհերի ոգեկոչման հետ մեկտեղ՝ խորհենք ապագայի մասին:

Պատմությունը հենց նրա համար է, որ դրանից հետևություններ քաղենք: Այդ հետևությունները և ոչ թե պատմության իներցիան, պետք է դառնան այսօրվա քաղաքականության, մեր բոլորիս վարքագծի առանցքը:

Ապրիլի 24-ը պետականազուրկ իրականության, օտարին ապավինելու մեր քաղաքական անմեղսունակության, օտարների հաշվարկներում խցկվելու արկածախնդիր մտայնությության հետևանքն է:

Վերջին դարերի մեր պատմությունն ամբողջական չէ, ենթակա չէ միասնական տրամաբանության և ավելի շատ նմանվում է ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների տարբեր պատառիկների հավաքածուի:

Ապրիլի 24-ը, առնվազն դրա հետևանքները շարունակական են այնքան, քանի դեռ չունենք պետություն, որը քաղաքացու ազատության և անվտանգության հիմնական երաշխավորն է:

Առաջին Հանրապետությունը չլուծեց այդ խնդիրը: Աշխարհաքաղաքական միջավայրն էր անբարենպաստ: Բայց նաև՝ Հանրապետության ղեկավարների մաքսիմալիզմը, իրական քաղաքականությունը զգացմունքներին, էմոցիաներին զոհաբերելու մոլուցքը: Արդյունքն այն եղավ, որ դաշնակցական գործիչներն Առաջին Հանրապետության փլատակների վրա խմում էին Սևրի՝ իրականություն չդառնալու դատապարտված դաշնագրի կենացը:

Երկրորդ Հանրապետությունը որոշակիորեն լուծել էր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության խնդիրները, սակայն 70-ամյա այդ պատմաշրջանն ընդամենը խորհրդային օկուպացիայի քաղաքակիրթ քողածածկույթ էր:

Երրորդ Հանրապետությունը մեր ժողովրդի կամքի, հավաքական ձգտումների արգասիքն է: Չհաշված որոշ շեղումներ՝ 1990թ-ից սկսած պետության արտաքին քաղաքականության հիմքում, հարևան երկրների հետ հարաբերությունների առանցքում դրվել են իրատեսական մոտեցումներ: Սակայն հետևողականությունն է պակասել, գերակա է եղել կիսատ-պռատությունը:

Ու Ապրիլի 24-ի ընկալումը մեզանում, ինստիտուցիոնալ հարթության վրա, չի փոխվել: Մեր վերաբերմունքի մեջ, մեծ հաշվով, նույնն ենք մնացել՝ պետականազուրկ ժողովրդի բարդույթով, օտարից ինչ-որ բան մուրալու միամտությամբ, «թղթե շերեփի» կարծրատիպով:

Ապրիլի 24-ի հետևանքները, ցեղասպանվածի բարդույթը հաղթահարելու լավագույն միջոցը՝ մրցունակ, քաղաքակիրթ, իր քաղաքացուն արժևորող երկիր ունենալն է: Ե՞րբ Թրամփը կամ ԱՄՆ որևէ նախագահ կարտասանի «Ցեղասպանություն» բառը, դա իրենց խնդիրն է: Հարկ չկա անընդհատ թափանցել ամերիկյան քաղաքականության խոհանոց կամ՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների դաշտ՝ լավագույն դեպքում չհրավիրված դիտորդի, հաճախ՝ սակարկվող մանրադրամի կարգավիճակով:

Նմանապես, Ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին անհարժեշտ է Թուրքիային՝ իր պատմության հետ հաշտվելու, առերեսվելու, իր քաղաքակրթական ընտրությունը ճիշտ հունի, ընթացքի մեջ դնելու համար: Դա մի օր տեղի է ունենալու, այլապես իրականություն չեն դառնա Թուրքիայի բնական հավակնությունները տարածաշրջանում և գլոբալ հարթության վրա:

Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը՝ հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է: Սա պատմության ուրացում չէ՝ պատմության դաս է:

Մենք իրավունք չունենք տրվելու պատմության իներցիային, մենք պարտավոր  ենք պատմություն կերտենլ:

Սա է Ապրիլի 24-ի գլխավոր խորհուրդը:

Հատկապես` այս տարի, երբ Ծիծեռնակաբերդ ենք բարձրանում քաղաքացիական վերելքի, հասարակության սուբյեկտության վերականգնման և ռացիոնալ ինքնավստահության համատեքստում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •