Հայաստանը միշտ ունի այլընտրանք, ըստ այդմ՝ Ռուսաստանը միշտ կորցնելու բան ունի

Arm Rus

Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված «նախընտրական» հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է արցախյան հարցին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը սպասում է կարգավորման կոնկրետ գործողություններ, խոսքերը միայն բավարար չեն: Ալիևը դարձյալ խոսել է Ադրբեջանի աճող համաշխարհային դերի և նաև բանակի ուժի մասին:

Ապրիլի 11-ին Ալիևը հերթական անգամ կընտրվի Ադրբեջանի նախագահ, այսպես ասած՝ խանական տրամաբանությամբ: Այդ ընտրությունից առաջ ռուսական գործակալությանը տված հարցազրույցն, ըստ երևույթին, Ալիևի համար Ռուսաստանին արվող ժեստ է, որի կարիքը Բաքուն ներկայումս ունի մի շարք պատճառներով: Օրերս թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման շուրջ: Ընդ որում՝ այդ տեղեկությունը եղավ Պուտինի Թուրքիա այցի շեմին: Դրան զուգահեռ՝ այդ այցից առաջ Ռուսաստանը հայտարարեց Հայաստանում ռազմակայանի բավականին մասշտաբային զորավարժության մասին, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ուժերի և ավիացիայի ներգրավմամբ:

Պուտինի Թուրքիա այցը գնահատվեց իբրև բարեկամական, նույնիսկ նախորդների համեմատ առանց նկատելի լարվածության, ըստ ռուսական մեդիայի, այդուհանդերձ ակնհայտ է, որ ռուս-թուրքական բարեկամությունը, այսպես ասած, նյարդերի բարեկամություն է, և Ալիևը դա լավ է հասկանում, այդ թվում՝ Հայաստանից Պուտինի մեսիջները և ըստ այդմ՝ փորձում է իր հերթին մեսիջ հղել Ռուսաստանին, որ չի ուզում խառնվել Թուրքիայի հետ Ռուսաստանի նյարդերի բարեկամությանը և պատրաստ է Մոսկվայի հետ առանց ավելորդ նյարդերի գործակցության, միայն թե Ռուսաստանը քայլեր կատարի Արցախում Ադրբեջանին գոհացնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայում տեղի ունեցավ նաև Իրան, Թուրքիա, ՌԴ նախագահների ֆորմատով հանդիպում Սիրիայի խնդրի վերաբերյալ, թեև անկասկած է, որ հարցն ունի ավելի լայն համատեքստ: Իրանի նախագահը դրանից առաջ Բաքվում էր, որտեղ հայտարարեց, որ արցախյան հարցը չունի ռազմական լուծում՝ Ալիևին հստակ ակնարկելով, որ Թեհրանը չի ընդունի իր հյուսիսային սահմանին անկայունության աճը: Ալիևը փորձում է Ռուսաստանին ուղղված մեսիջով միևնույն ժամանակ հակակշռել նաև Իրանին: Ընդհանուր առմամբ, այդ հանգամանքը վկայում է, որ Ալիևի համար ռեգիոնալ իրավիճակը բավականին բարդ է, և անկախ այն ամենից, թե ինչ նպատակով է հատկապես նա առաջ տվել նախագահական հերթական ընտրությունները հոկտեմբերից մինչև ապրիլի արտահերթ, արցախյան խնդրում բեկման նպատակով դա օգտագործելը, մեղմ ասած, այդքան էլ հեշտ չէ, և ակնառու է, որ Ալիևը գտնվում է իրարամերժ հոսանքների միջև, իրեն այդօրինակ քայլերի «շքեղություն» կամ «ճոխություն» թույլ տալու համար:

Նա փնտրում է ելք և բնականաբար՝ այդ ելքը փնտրում է Ռուսաստանում, քանի որ որոնման այլ տեղ Ադրբեջանի նախագահը չունի: Այդ իսկ պատճառով նա իր հերթական վերընտրությունից առաջ Ռուսաստանին հայտնում է «միակ» ակնկալիքի մասին, որ ավելին չի ուզում՝ միայն օգնել Արցախի հարցում: Որևէ վայրկյան իսկ թերևս պետք չէ կասկածել, որ Ալիևը կստանա այդ օգնությունը, եթե Հայաստանը դա թույլ տա, այսինքն՝ եթե Հայաստանը թույլ տա Ռուսաստանին մտածել, որ գրպանում է, ինչպես 2016թ. ապրիլից առաջ:

Այդ տեսանկյունից խորհրդանշական ու քաղաքական առումով նաև հատկանշական է երկու հանգամանք՝ նախ այն, որ երբ Ալիևը հարցազրույց է տալիս ռուսական ՏԱՍՍ-ին և հայտնում ակնկալիքը Մոսկվայից, Սերժ Սարգսյանը Վատիկանում է՝ ըստ էության քրիստոնեական քաղաքակրթության պատմաքաղաքական կենտրոնում: Իսկ դրանից առաջ Մոսկվայում անվտանգության համաժողովին ելույթ էր ունենում Հայաստանի պաշտպանության նախարարն ու բավական միարժեք նշում, որ Հայաստանը անվտանգության հարցում չի պատրաստվում կատարել Արևմուտք-Արևելք ընտրություն, այլ աշխատելու է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ ըստ անհրաժեշտության և ոչ մեկը մյուսի հաշվին:
Այլ կերպ ասած՝ Երևանը ներկայումս ցուցաբերում է կամք Ռուսաստանին ասելու, որ ամենևին կասկածի տակ չդնելով ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններն ու ինտեգրացիան՝ Երևանն, այդուհանդերձ, ամենևին մտադիր չէ իրեն սահմանափակել միայն դրանով և աշխատելու է մյուս ուղղություններով ևս, ընդ որում՝ հնարավորությունների լիարժեք օգտագործման ռեժիմում: Մի բան, որ Հայաստանն անկարող գտնվեց ասել 2013-ին, ինչից հետո քայլ առ քայլ հասունացավ ադրբեջանական ագրեսիան՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությամբ:

Այստեղ է խնդիրը, և առնվազն դրա գիտակցումը Երևանում, իհարկե՝ դժբախտաբար, ապրիլյան պատերազմի զոհերի կյանքի թանկ գնով, այդուհանդերձ առկա է, և նոր պատերազմ ու զոհեր թույլ չտալու համար պահանջվող առանցքային իրողություններից մեկը Ռուսաստանի իշխանության մոտ հստակ գիտակցման ապահովումն է, որ Հայաստանը միշտ ունի այլընտրանք, ըստ այդմ՝ Ռուսաստանը միշտ կորցնելու բան ունի Հայաստանում:

Spread the love