Հայաստանի հերթական համանման քվեարկությունն է, ինչպես օրինակ Ղրիմի դեպքում

- in Վերլուծական
Serj Putin

Հայաստանում բավականին մեծ ուշադրության է արժանացել պաշտոնական Երևանի դիրքորոշումը ռուսաստանցի նախկին հատուկ ծառայության աշխատակից Սկրիպալի և նրա դստեր թունավորման աղմկոտ գործում Ռուսաստանի նախաձեռնության հանդեպ:

ՀաագայումՔիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում, Մոսկվան շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ որով առաջարկում է Սկրիպալի թունավորման գործով սկսել նոր քննություն և հրավիրել ռուսաստանցի փորձագետների էլ:

Գործը արդեն բավականաչափ հայտնի է և հանգեցրել է Արևմուտք-Ռուսաստան լարվածության նոր ալիքի: Կողմերը արդեն հասցրել են մի քանի տասնյակ դիվանագետներ արտաքսել, որպես լրտեսներ և գործակալներ: Այս դիմակայությունը Հայաստանում ուշադրության էր արժանացել առաջին հերթին բնականաբար այն համատեքստում, որ մենք վաղ թե ուշ կարող ենք կանգնել որևէ ճամբարի ընտրության առաջ, կամ Ռուսաստանը մեզ կարող է ստիպել հանդես գալ Արևմևտքի դեմ: Այդ իմաստով էլ մեծ ուշադրություն և անհանգստություն է առաջացրել Հաագայի Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի նախաձեռնությանը Հայաստանի կողմ քվեարկելը, դիտարկելով դա որպես ճամբարականացման վտանգավոր փորձ:

Նախաձեռնությանը կողմ են քվեարկել հիմնականում ԵՏՄ երկրներ, նաև մի շարք երկրներ, որոնք Արևմուտքի հետ ունեն խնդիրներ, այդ թվում Իրանը: Ի դեպ, նախաձեռնությանը կողմ է եղել նաև Ադրբեջանը: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը ոչ թե Ռուսաստանին է պաշտպանել, այլ Սկրիպալի գործում ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտելու անհրաժեշտությունը: Կընդունի՞ Արևմուտքն այդ բացատրությունը և կբավարարի դա, Հայաստանին այսպես ասած խեթ հայացքով չնայելու համար:

Հատկապես, որ այդօրինակ իրավիճակներում դա Հայաստանի հերթական համանման քվեարկությունն է, ինչպես օրինակ Ղրիմի դեպքում: Մյուս կողմից, այդուհանդերձ անհրաժեշտ է հասկանալ, իսկ Երևանի առաջ Արևմուտքն իսկապե՞ս լուրջ քաղաքական մակարդակում դնում է նման հարցադրումներ, պահանջում է հաշվետվություն նման քվեարկություններում դիրքորոշման համար, թե՞ ըմբռնում է իրավիճակը և այն, որ Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող չաջակցել Ռուսաստանի նմանօրինակ նախաձեռնությունները, հատկապես, որ դրանց միանում է նաև Բաքուն: Իհարկե այստեղ առանցքայինը ոչ թե Բաքվից հետ չմնալն է, այլ քաղաքական մի շարք նրբերանգներ, և հիմնականը՝ վերջին հաշվով Ռուսաստանին այդօրինակ հարցերում «մենակ չթողնելը» նաև Երևանի համար միջոց է թերևս Արևմուտք-Ռուսաստան դիմակայության բարձր լարման պայմաններում «կորզել» Արևմուտքի հետ աշխատանքի ծավալը չնվազեցնելու և դինամիկան պահելու հնարավորություն:

Անշուշտ մի կողմից այստեղ Ռուսաստանի այսպես ասած դժգոհություն չսրելու, դժգոհության տեղիք չտալու հանգամանքը կարող է Հայաստանի իշխանության համար լինել այսպես ասած խորամանկ խաղաքարտ Արևմուտքի հետ հարաբերություններում այսպես ասած դանդաղաշարժությունն արդարացնելու համար, սակայն մեծ հաշվով ունենք այն, ինչ ունենք և այստեղ իհարկե այդ վարկածով հանդերձ ակնհայտ է իրական խնդրի առկայությունը: Ի վերջո, անհրաժեշտ է իսկապես լինել բավականին աչալուրջ և զգույշ, դիմակայությունը բավականին լուրջ է և բազմաշերտ, ընդ որում մի շարք հակասական և հարաբերական գործոններով և այստեղ իսկապես անհրաժեշտէ արձանագրել, որ ի վերջո թե Արևմուտքը, թե Հայաստանը ոչինչ չեն շահելու Ռուսաստանի դժգոհություն սադրելու պարագայում:

Միևնույն ժամանակ, Արևմուտքի անվտանգության և ռազմավարության համատեքստում Հայաստանի դիրքորոշումը ամենևին խնդիր չէ, դրան զուգահեռ՝ Հայաստանի հետ աշխատանքի ավելորդ խոչընդոտների հարուցումը ոչ միայն Երևանի, այլև Արևմուտքի համար կարող է իսկապես ունենալ բավականին վատ նշանակություն: Ըստ այդմ, անկասկած անհրաժեշտ է առաջնորդվել օբյեկտիվ իրողությունների ընդունմամբ և գնահատմամբ և իրավիճակը դիտարկել Արևմուտք-Հայաստան հարաբերության ռազմավարական հեռանկարի պրիզմայով, այլ ոչ թե այդ կարևոր հեռանկարը դնել իրավիճակային գնահատականի հնարավոր ռիսկերի տակ:

Spread the love