Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ միանալով Ֆրանսիայի հրապարակում նստացույց անող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին և համակիրներին։
«Հայաստանի պահպանողականներս մեր զորակցությունն ենք հայտնում մի շարք նախաձեռնող խմբերի պայքարին՝ հուսալով, որ հռչակված օրահունչ կարգախոսներն առաջիկայում կվերաճեն քաղաքական օրակարգի:
Քաղաքակիրթ աշխարհի դեմ սուր ճոճող կայսրության կողմից Հայաստանում իշխանության կարգված վերնախավն այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակից պետք է պարտավորեցվի պատերազմական ներկա շրջապատում մեր երկրի լինելությունը միակողմանիորեն չկապել մեռնող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ և ժողովրդին ազատել հակաքաղաքակրթության կործանարար ազդեցությունից: Ներկա իշխանությունների դրածո լինելը հրամայական է դարձնում քաղաքական համահունչ օրակարգի հռչակումն ու իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ:
«Ինձ թվում է, որ արդեն, այսպես ասած, շարժման գաղափարախոսությունն ու ալիքը մեծ տարածում է գտնում։ Այն Հայաստանի սահմաններից դուրս է եկել ու ակտիվ զորակցություն կա ոչ միայն ՀՀ քաղաքացիների կողմից, այլ այն մարդկանց կողմից, որոնք մասն են զգում այս գործընթացի»,- Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
Քաղաքագետն ասաց, որ շարժման ամենամեծ փիլիսոփայություններից մեկը՝ խաղաղ անհնազանդությունն է, որի մասին խոսել է Սերժ Թանկյանը․ «Թանկյանն ասել է, որ քաղաքացիական անհնազանդությունն աշխատում է կախարդանքի պես և դրան բավականաչափ մարդ է մասնակցում։ Այսինքն՝ շատ կարևոր է, որ քաղաքացիական հնազանդությունը լինի մասսայական, բոլոր քաղաքացիներն այս գործընթացի մասնիկը զգան իրենց»։
Արմեն Գրիգորյանը նաև հավելեց, որ շարժումն ուսանողներից ակնկալում է ակտիվ մասնակցություն, օրինակ, վաղվանից ուսանողները կարող են դասադուլ սկսել։