Հայաստանում ստեղծվել է միանգամայն նոր` մեզ համար անսովոր քաղաքական իրավիճակ

Hayastan

Հայաստանի նորագույն պատմության մեջ երկրորդ անգամ երկրի ղեկավարը պաշտոնին հրաժեշտ տվեց ժամկետից շուտ: 

Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ին նախագահ էր ընտրվել վիճահարույց ընտրությունների արդյունքում, ինչի հետևանքով իշխանությունը հայտնվել էր տոտալ ճգնաժամի մեջ, ինչը հանգուցալուծվեց «հայտնի ուժերի» միջամտությունից և Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Իր պաշտոնավարման վերջին տարիներին առաջին նախագահն ուներ ցածր վարկանիշ, սակայն նրա հրաժարականը տեղի ունեցավ ոչ թե հասարակության ճնշման, այլ, ըստ էության, պալատական հեղաշրջման հետևանքով:

Սերժ Սարգսյանն այսօր հրաժարական տվեցվարչապետի պաշտոնը ստանձնելուց օրեր անց: Սա Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ իշխանությունը, նրա առաջին դեմքը տեղի տվեցին հանրային ճնշմանը որդեգրելով ռացիոնալ վարքագիծ:

Հայաստանում ստեղծվել է միանգամայն նորմեզ համար անսովոր քաղաքական իրավիճակ: Սերժ Սարգսյանի հրաժարականով, սակայն, գործընթացն ոչ թե ավարտվել, այլ միայն մեկնարկել է: Անկախ փողոցում տիրող հեղափոխական տրամադրություններից իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրական և քաղաքական գործիքակազմով. քաղաքական համաձայնությունները և կոմպրոմիսները չեն կարող տեղի ունենալ լեգալ հարթությունից դուրս:

Ակնհայտ է, որ քաղաքական նոր իրավիճակում գործող խորհրդարանն ամբողջովին կորցրել է իր քաղաքական լեգիտիմությունը, մյուս կողմիցխորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան որոշակի ինստիտուցիոնալ միջավայրում նոր պերմանենտ ցնցումները բացառելու, դրանց օրինականության շուրջ քաղաքական և հանրային կոմպրոմիս ձևավորելու նպատակով:

Այժմ իշխանության նոր կոմպրոմիսը Կարեն Կարապետյանն է, որն այս պահին դեռ վարչապետի պաշտոնակատար է, սակայն ակնհայտորեն իշխանությունը փորձելու է յոթնօրյա ժամկետում ֆորմալանցել երկրի ղեկավարի նրա կարգավիճակը:

Իշխանության և ընդդիմության տրամաբանական և ողջամիտ քաղաքական կոմպրոմիսը կարող է տեղի ունենալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուրջ: Սակայն դրանց որակյալ կազմակերպման համար որոշակի ժամանակ է պետք, որի ընթացքում պետք է իրականացվեն անհրաժեշտ ինստիտուցիոնալ քայլեր:

Առաջին հերթինպետք է կազմաքանդել օլիգարխիկ համակարգը, սակայն այդ գործընթացը պետք է տեղի ունենա իրավունքի և օրենքի ուժով երկրից կապիտալի արտահոսքը բացառելու, քաղաքական և տնտեսական հարաբերություններում քաոսը, սեփականության կամայական վերաբաժանումները բացառելու համար:

Հասարակության սուբյեկտության վերականգնումը և ակտիվությունը պետք է կապիտալացվի` բարեփոխումների հզոր ազդակ դարձնելու, պետական կառավարման նոր մշակույթ ներդնելու, ընդդիմության վերահսկողության մեխանիզմները մեծացնելու, ինստիտուցիոնալիզացնելու համար:

Մյուս կողմից` պետք է բացառվի, այսպես կոչված, փողոցի դիկտատուրայի հաստատումը պետական, քաղաքական, ընտրական ինստիտուտների, Սահմանադրության նկատմամբ: Հայաստանը պետք է խուսափի այն պերմանենտ անկայունությունից, ինչի ականատեսը դառնում ենք Ուկրաինայում:

Արդյո՞ք Հայաստանի հասարակությունը, քաղաքական համակարգը կարող են օգտագործել այս պատեհ առիթըմրցունակ պետության մոդել ներդնելու համար, թե՞ հեղափոխական ներուժը ծառայեցվելու է փլուզվող համակարգի սեգմենտներից մեկին ընդամենը նոր ստատուս-քվո հաստատելու համար: Այս հարցերի պատասխանները մենք կստանանք արդեն առաջիկա շաբաթներին:

Spread the love