Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մի թեստ էր Հայաստանում հեռանկարային քաղաքական այլընտրանքի համար

- in Վերլուծական
Hayastan EM

Ընդամենը մի քանի ամիս առաջ հայաստանյան հասարակական-քաղաքական անցուդարձը լցված էր նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայագրով ու դրա կարևորության մասին տարբեր գնահատականներով:

Մի քանի ամիս անց նայելով հայաստանյան հասարակական-քաղաքական օրակարգին, այդ օրակարգի ձևավորման հավակնություն ունեցող սուբյեկտներին, դժվար է ենթադրել կամ կռահել, որ այս երկրում մի քանի ամիս առաջ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը, խոշոր հաշվով, իրենից ենթադրել է ահռելի քաղաքական, աշխարհաքաղաքական գործիքակազմ, որից օգտվելու հնարավորություն ունի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Իշխանության համար խնդիրը այս դեպքում, թերևս, բավականին պարզ է, լուծվում են ընթացիկ հարցեր, ընդ որում ոչ միայն զուտ իշխանական դիրքերի հարմարավետության, քանի որ, մեծ հաշվով, այդ ամենից բացի, իհարկե կա նաև անվտանգության հրամայականների մի ամբողջ շարք, որն ուղղակի ենթադրում է արտաքին քաղաքական հարաբերությունների դիվերսիֆիկացվածության նվազագույն մակարդակ, այլապես խնդիրները կարող են ունենալ բավականին վտանգավոր գեներացիա:

Առ այսօր, խոշոր հաշվով, անհայտ մնաց, թե ինչ էր այդ գործիքակազմը, այդ շրջանակային համաձայնագիրը ընդդիմադիր դաշտի համար, կա՞ այդպիսի դաշտ, որի համար շրջանակային համաձայնագիրը կամ պարզապես գրեթե պատրաստի քաղաքական օրակարգը ունի նշանակություն: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն առ այսօր շարունակում է դե ֆակտո մնալ իշխանության փաստաթուղթ, և ընդդիմադիր դաշտն էլ շարունակում է այն դիտարկել այդպիսին, համենայնդեպս, ցուցադրաբար լինել այդ փաստաթղթից պասիվ հրաժարման ռեժիմում: Ու դա մի դեպքում, երբ ընդդիմադիր դաշտն ինքնին ունի օրակարգի, միավորող գաղափարի, գործունեության հեռանկարայաին առանցքի խնդիր: Տեղի է ունենում հետաքրքիր մի բան՝ իշխանությունը իր շահերից ելնելով, իր խնդիրներից ելնելով, բայց ակամա, ստիպված գնացել է մի քայլի, որով գործունեության հեռանկարային առանցք և օրակարգի առնվազն կմախք է տվել ընդդիմությանը, սակայն ընդդիմությունը անտեսում է դրա գոյությունը և «վերադառնում» է անձնավորված պայքարի միանվագ տրամաբանությանն ու սկզբունքին, ընդ որում, անգամ դրա շուրջ չգտնելով որևէ ընդհանուր հայտարար և հիմք:

Մեծ հաշվով, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մի թեստ էր Հայաստանում հեռանկարային քաղաքական այլընտրանքի համար, որը փաստորեն ցույց տվեց, գոնե առայժմ ցույց է տալիս քաղաքական բացասական արդյունք: Մինչդեռ, եթե պառլամենտական կառավարման անցնող համակարգի հանդեպ հանրային-քաղաքական ճնշման երկարաժամկետ և նաև միջազգայնորեն լեգիտիմ միջոց կա, ապա դա Հայաստան-ԵՄ համաձայնագիրն է, որի իմպլեմենտացիայի քաղաքական առաջնորդության հարցում պետք է լիներ պայքարը ընդդիմության և իշխանության միջև, այդ առաջնորդության համար պետք է լիներ ընդդիմության պայքարը, որի դեպքում նվազագույնը չէր լինելու հարցը, թե լավ՝ Սերժ Սարգսյանը, ենթադրենք, դարձավ վարչապետ, չստացվեց խանգարել, բա հետո ինչ: Իսկ այդ հարցի ռացիոնալ և որևէ բովանդակալից պատասխանը տարբեր փուլերում չի ունեցել, չունի և չի ունենալու որևէ ուժ, որովհետև պատասխանի խնդիրն ուժի մեջ չէ, այլ մտածողության:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20