ՀՀԿ-ին գուցե արժե մտածել այդ մասին, իրավիճակից բխող կարևոր քաղաքական որոշումների համար

- in Հրապարակ
HHK

Հայաստանում նոր թափով մեկնարկած քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որ վերսկսվեցին Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցության տապալումից հետո, փաստացի չեն թողնում այլ ելք՝ ՀՀԿ-ն պետք է հայտարարի վարչապետի թեկնածուի հարցում հրապարակի պահանջը ընդունելու մասին և ձեռնամուխ լինի արդեն իշխանության անցնցում անցման իրական բանակցությունների:

Ընդ որում, այստեղ արդեն ՀՀԿ-ն թերևս պետք է բանակցի իր հետագա գործունեության, այսպես ասած, պայմանների շուրջ, ապահովագրվելով հետագա հետապնդումներից, քաղաքական վհուկաորսությունից կամ վենդետաներից:

Կրկնենք, խոսքը քաղաքականի, ոչ թե քրեականի մասին է, որովհետև ծանր հանցագործությունների քննությունն ու բացահայտումը իրավական խնդիր է, որը չպետք է պայմանավորված լինի քաղաքական իրողությամբ, և այս դեպքում իշխանափոխությունը դրա համար լոկ միջոց է, նպաստող հանգամանք: Այդպիսով, ՀՀԿ-ն պետք է այս օրակարգով ընդառաջ գնա հասարակությանը և դառնա ընդդիմություն: Այսինքն՝ այդ օրակարգի պայմաններում ՀՀԿ-ն պահպանում է թերևս ամենակարևորը՝ ընդդիմություն լինելու հնարավորությունը: Այլապես, եթե չլինի այդ օրակարգով ընդառաջ գնալու քաղաքական որոշումը, հրապարակի օրակարգը ՀՀԿ հանդեպ կարող է դառնալ շատ ավելի խիստ, և անգամ միացող նորանոր ուժերը, որոնք կարող են այդ առումով առավել ռադիկալ կամ կոշտ չլինել, կամ դիտարկվել իբրև ապահովության կամ անվտանգության բարձիկ արդեն հրապարակի և ՀՀԿ-ի միջև, օրինակ, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի, հազիվ թե կարողանան օգտակար լինել Հանրապետականին:

Ի վերջո, ՀՀԿ-ին գուցե արժե մտածել այդ մասին, իրավիճակից բխող կարևոր քաղաքական որոշումների համար, եթե պետության մասին այդ կուսակցության գերակա մեծամասնությունը մտածել չի էլ կարող: Ի վերջո, կասկաից վեր է, որ ՀՀԿ-ում կան մտածող մարդիկ և այժմ նրանց համար պատմական հնարավորություն է: Այս ֆոնին սակայն, ՀՀԿ խմբակցությունը անցկացնում է նիստ, որի ընթացքում հայտարարվում է իրենց թեկնածուին առաջադրելու հարցում միասնականության մասին: Եթե այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ապա այստեղ իհարկե այլ իրավիճակ է, բայց եթե ՀՀԿ-ն պնդելու է իր կուսակցական թեկնածուին, ապա կլինի այն Կարեն Կարապետյանը, թե այլ ՀՀԿ-ական, իրավիճակը դրանից սկզբունքորեն չի կրի որևէ փոփոխություն, բացառությամբ, իհարկե, պետությունը վտանգավոր սահմանագիծ մղելը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20