ՀՀԿ-ն փորձում է Սարգսյանի վարչապետությունը ներկայացնել իբրև կուսակցության հրաման

- in Հրապարակ
HHK

Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր չենթարկվել, հայտարարում է ԱԺ օդիոզ պատգամավորներից մեկը՝ Սեյրան Սարոյանը, ասելով, թե իրավիճակն էր պահանջում նրա վարչապետությունը, նա ինչպե՞ս կարող էր չենթարկվել կուսակցությանն ու իրավիճակին:

ՀՀԿ-ն փորձում է Սարգսյանի վարչապետությունը ներկայացնել իբրև կուսակցության հրաման, որ նա պարտավոր էր կատարել: Այդ մասին հայտարարություններ Սարոյանից էլ առաջ արել են այլ ՀՀԿ-ականներ: Հետաքրքիր է, եթե Սերժ Սարգսյանն արած չլիներ 2014 թվականի հայտնի հայտարարությունը վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին, արդյո՞ք ՀՀԿ-ականները կփորձեին իրավիճակը ներկայացնել հենց այդպես, որ Սարգսյանը ստիպված ենթարկվում է կուսակցական մեծամասնության, կուսակցության պահանջին՝ անկախ իր ցանկությունից ու հավակնությունից:

Դա արվում է զուտ Սերժ Սարգսյանի համար ալիբի ստեղծելո՞ւ նպատակով, թե՞ այդուհանդերձ այստեղ կա շատ ավելի խոր տողատակ ու համատեքստ: Հանրությունն անշուշտ չի հավատում, որ Սերժ Սարգսյանն անկախ իր ցանկությունից կարող է վարչապետ դառնալ, ենթարկվելով ՀՀԿ պահանջին: Հայաստանում երևի թե կգտնվի շատ քիչ մարդ, որը կկարծի, թե Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ին ենթարկվում, ոչ թե հակառակը: Մեծամասնությունը թերևս համոզված է, վստահ, որ ՀՀԿ-ն է անվերապահ կատարում Սերժ Սարգսյանի ցանկություններն ու հրահանգները, և սա այդ դեպքն է: Ընդ որում, թվում է, որ իրականությունն էլ խոսում է այդ մասին, նկատի ունենալով այն, որ Սարգսյանի վարչապետությունը, օրինակ, հայտնի է դառնում մինչև ՀՀԿ քննարկումը, թեև կուսակցությունը հավաստիացնում էր, թե ոչինչ հայտնի չէ, և ամեն ինչ կասեն մի քանի օրից:

Բայց հանկարծ ամեն ինչ ասում է Կարեն Կարապետյանը, հայտարարելով, թե որոշել են Սերժ Սարգսյանի հետ: Այդ իրավիճակում իհարկե դժվար է հավատալ, որ Սարգսյանին ՀՀԿ-ն կարող է պարտադրել լինել վարչապետ: Սակայն ամբողջ հարցը այն է, թե արդյո՞ք դա միայն 2014-ի հայտարարությունը ինչ-որ կերպ լղոզելու, կոծկելու, ալիբիի համար է, թե՞ այստեղ կան այլ խնդիրներ ու հանգամանքներ: Նախ, ինքնին իհարկե չի կարող ամբողջապես համարժեք դիտվել այն, որ Սերժ Սարգսյանն է անվերապահ ենթարկեցնում ՀՀԿ-ին, և կուսակցական մեծամասնությունը իր հերթին որևէ ազդեցություն չունի Սարգսյանի որոշումների վրա: Վերջին հաշվով, այդպիսի հարաբերակցության դեպքում Հայաստանում իշխող համակարգը փլուզված կլիներ վաղուց, քանի որ այն չունի մեկ մարդու ուղղաձիգ ենթակայությամբ գործելու ռեսուրս, սա այսպես ասած՝ «ներհամակարգային դեմոկրատիայի» բավականին բարձր աստիճանով գործող համակարգ է և դրանում է ամրությունը, որտեղ բոլորը ունեն իրենց ձայնի իրավունքը, պարզապես հստակ մշակված ներքին մեխանիզմներով, և որևէ մեկը չի մերժվում կամ նախատվում հենց այնպես: Խնդիրն ընդամենը այն է, որ կա հստակ հիերարխիա և դերերի ու պատասխանատվության բաշխում, ու քանի որ ամեն ինչ շատ հստակ է «ներհամակարգային դեմոկրատիայի» առումով, կա այսպես ասած՝ չգրված, չբարձրաձայնված կոնսենսուս կայացվող որոշումների առումով, որտեղ Սերժ Սարգսյանը որևէ մասշտաբի որոշում կայացնելիս, անշուշտ, հաշվի է առնում տվյալ մասշտաբին հավասարազոր ներքին սուբյեկտների շահերը և դրանց չվնասելու խնդիրը, իսկ վնասելու անխուսափելիության կամ անհրաժեշտության պարագայում կամ ներկայացվում են բավական հստակ և համոզիչ փաստարկներ՝ ի տարբերություն հանրությանը ներկայացվող փաստարկների:

Ըստ այդմ, առնվազն տեսականում, հիմնվելով իհարկե ներհամակարգային կառուցվածքի և հարաբերությունների կանոնակարգի պրակտիկայի վրա, չի կարելի բացառել, որ Սարգսյանի վարչապետությունը նաև համակարգի հրամայականն է, երբ իսկապես անկախ նրա ցանկությունից և հավակնությունից, Սարգսյանը կանգնած էր նաև համակարգի հարցադրումների առաջ՝ հետագա կենսագործունեության հետ կապված, և չունենալով այդ համոզիչ փաստարկները, նա շարունակում է կրել ամբողջ պատասխանատվությունը: Չի բացառվում նաև, որ Սարգսյանն ինքն իհարկե հմտորեն սադրել է հենց այդպիսի իրավիճակ, այլ կերպ ասած՝ ներկուսակցական որոշակի խուճապ և պահանջ, ինքն իրեն այսպես ասած քշել է «անկյուն», նաև անհրաժեշտության դեպքում նույն համակարգի հանդեպ փաստարկ և զենք ունենալու համար, երբ կլինի բարդ որոշումների ու խնդիրների անհրաժեշտություն: Ես չէի ուզում, պատրաստվում էի գնալ, դուք ուզեցիք և ստիպեցիք, որ մնամ, կասի Սերժ Սարգսյանը:

Միևնույն ժամանակ, ՀՀԿ կուսակցական մեծամասնության «պահանջով» վարչապետությունը Սերժ Սարգսյանը գուցե դիտարկում է իբրև փաստարկ արտաքին հարթությունում, հետագա պաշտոնավարման ընթացքում հնարավոր անցանկալի որոշումների անհրաժեշտության առաջ կանգնելիս դրանով մանևրելու համար, երբ Սարգսյանը կարող է «բեմադրել» ՀՀԿ մեծամասնության պահանջ արտաքին իրողություններից թելադրվող այս կամ այն անցանկալի կամ անբարենպաստ որոշման չգնալու համար: Թեև, իհարկե դժվար է պատկերացնել, որ միջազգային հանրությունը այդ հարցում կարող է լինել Հայաստանի հասարակությունից դյուրահավատ: Բայց մյուս կողմից, կամ կմնա հարցերը լուծել մեծամասնության, այդ թվում, օրինակ, Սեյրան Սարոյանի հետ, կամ հանդես գալ Հայաստանի հանդեպ հակասահմանադրական պահանջով՝ անտեսել մեծամասնությանը, կամ ընդունել Սերժ Սարգսյանի փաստարկը:

Spread the love