ՀՀ ապագա վարչապետը կունենա երկու նստավայր

Davit Harutyunyan

Հայաստանի Հանրապետության վարչապետն ունենալու է երկու նստավայր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ», – ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ ևս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար:

«Ապագա վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար», – նշեց նա:

Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում կատարեց վերաբաշխում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ Նախագահի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական և տրանսպորտային սարքավորումներ, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար՝ ձեռք բերել վարչական սարքավորումներ և կատարել վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Spread the love