ՀՅԴ-ն հակադրվում է Կարապետյանին, դիրքավորվում է Փաշինյանի ճամբարում

- in Կեղտոտ լվացք
HYD

Կանխատեսելի էր, որ կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՅԴ-ն հետ է կանչելու իր նախարարներին ու մարզպետներին: Այսօր այդ փաստը տեղի է ունեցել, ինչն անտարակույս հարված է Կարեն Կարապետյանի դիրքերին: Այնպիսի տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար է գոյություն չունեցող, փլուզվող կաբինետում, որի չորս անդամներ երկու օրվա ընթացքում հրաժարական են տվել:

ՀՅԴ-ն դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել մայիսի 1-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրության հետ կապված` թեև, մեծ հավանականությամբ, ավանդական կուսակցության ընտրությունը կլինի Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև այժմ մեր իրականությունը հիշեցնում է «սև-սպիտակի» բաժանում, ինչը ենթադրում է, որ եթե ՀՅԴ-ն հակադրվում է Կարապետյանին, ապա մեծ հավանականությամբ դիրքավորվում է Փաշինյանի ճամբարում:

Առհասարակ այնպիսի տպավորություն է, որ սկսվել է իշխանության տոտալ կապիտուլյացիայի գործընթացը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիա Կարեն Կարապետյանի վարչապետական հավակնությունների դեմ:

Առավոտյան ուշագրավ հայտարարություն է տարածել նախագահ Արմեն Սարգսյանը: «Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանի ակնարկը խիստ ուշագրավ է. նա խորհրդարանական մեծամասնությանն ըստ էության հորդորում է կապիտուլացվել Սերժ Սարգսյանի օրինակով: Գրեթե կասկածից վեր է, որ մոտավորապես նույնն է եղել նաև Սերժ Սարգսյանի և ՀՀԿ խմբակցության երեկվա հանդիպման տողատակը: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն ՀՀԿ-ն իր որոշակի ազդեցությունը և հարաբերական միասնականությունը կարող է պահպանել, եթե մայիսի 1-ին քաղաքական որոշմամբ պաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Մյուս կողմից՝ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Երևանի փողոցների շրջափակումը դադարեցնելու մասին՝ հնարավոր սադրանքներից խուսափելու ֆորմալ մոտիվացիայով: Փաշինյանի այս որոշումը նույնպես բազմաշերտ է: Թավշյա հեղափոխության առաջնորդն իրեն պահում է հաղթողի դիրքերից՝ հրապարակային մեսիջ ուղարկելով, որ մայիսի 1-ին չի կասկածում իր հաղթանակի հարցում: Մյուս կողմից՝ Փաշինյանի քայլը հուշում է, որ նրա վարչապետության շուրջ ձևավորվել է լայն քաղաքական կոնսենսուս՝ թերևս նաև ՀՀԿ-ի մասնակցությամբ, ինչն, ըստ էության, իշխանության քաղաքակիրթ կապիտուլյացիա է՝ Կարեն Կարապետյանի հավակնությունները զոհաբերելու գնով:

Ուշագրավ է նաև, որ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ու ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր առավոտյան մեկնել են Մոսկվա՝ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: Առավել քան ակնհայտ է, որ մոսկովյան այս այցը պայմանավորված է բացառապես երևանյան դրամատիկ իրադարձություններով: Արդյո՞ք Մոսկվայում քաղաքական որոշում է կայացվել, ինչի առթիվ Ռուսաստանի մայրաքաղաք են հրավիրվել կառավարության ազդեցիկ ներկայացուցիչները, թե՞ Հայաստանի փլուզվող իշխանության էլիտան ինքն է քայլերի որոշակի սցենար առաջարկում Մոսկվային:

Հետաքրքիր է՝ ի՞նչ մանդատով է Մոսկվա մեկնել Գևորգյան-Նալբանդյան զույգը: Արդյո՞ք նրանք Ռուսաստանի վերնախավում ներկայացնելու են Կարեն Կարապետյանի շահերը, թե՞ Մոսկվային հորդորելու են ընդունել Հայաստանի իշխանության ամբողջական կապիտուլյացիան՝ հնարավոր սրացումներից, գուցե արյունահեղությունից խուսափելու նպատակով:

Spread the love