Ձևով՝ նոր, բովանդակությամբ՝ հին Հայաստան

Hayastan

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկվանից Հայաստանն ամբողջությամբ անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի. ավարտվեց Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդման արարողությամբ ստանձնեց նախագահի լիազորությունները, հրաժարական ներկայացրեց գործող կառավարությունը։ 

Մեկ շաբաթ անց՝ խորհրդարանում վարչապետի ընտրությամբ այս գործընթացն ավելի ամբողջական կդառնա։ Այլ խոսքով, երեկվանից ու առաջիկայում մենք ապրելու ենք նոր Հայաստանում, քաղաքական հարաբերությունների, իշխանական համակարգի միանգամայն նոր պայմաններում։

Առաջիկա ամիսներն ու գուցե տարիները Հայաստանի համար լինելու  են անցման ժամանակաշրջան, քանի որ ապրիլի 9-ով ու ապրիլի 17-ով Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ձևով, բայց ամենևին ու տակավին՝ ոչ բովանդակությամբ։ Հայաստանը շարունակում է ու դեռևս շարունակելու է ապրել իշխանության ներքին կառուցվածքի, ներքին հարաբերությունների, քաղաքական ողջ համակարգի ներքին կապերի նախկին՝ հին բովանդակությամբ։ Առայժմ փոխվել են միայն խաղի ֆորմալ կանոնները, սակայն խաղի բովանդակությունը մնացել է նույնը ու, անկեղծ ասած, դեռևս տեսանելի հեռանկար չի նշմարվում, որ այդ բովանդակությունը կարող է էական, որակական փոփոխությունների ենթարկվել՝ համապատասխանելով նոր համակարգի ձևին ու կանոններին»։

Spread the love