Մեծամորում եղբայրները դանակահարել են քրոջ նախկին նշանածին՝ վերջինիս «Ֆեյսբուքով» վարկաբեկելու համար

- in Իրավունք
facebook mobile

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է եղբայրներ Կարեն Ա.-ի և Մակար Ա.-ի գործի դատական քննությունը: 

32-ամյա Կարենը մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, իսկ 34-ամյա Մակարը մեղադրվում էր տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը թեթև աստիճանի վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Նրանց արարքներից տուժողը նույն անձն է՝ իրենց քրոջ նախկին նշանածը:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը. 2016 թվականի մայիսին Մովսես Ս.-ն (անունը փոխված է) ծանոթացել է ամբաստանյալների քրոջ՝ Էմմայի հետ (անունը փոխված է): Նրանք ամուսնության նպատակով շփվել են:

2016 թվականի օգոստոսի 28-ին տեղի է ունեցել նրանց նշանադրությունը:

Սակայն նշանվելուց հետո նրանց հարաբերությունները գնալով վատացել են: Եվ մի քանի ամիս անց՝ 2017 թվականի հունվարի 5-ին, Էմման Մովսեսին է վերադարձրել նշանադրության մատանին:

Դրանից որոշ ժամանակ անց Էմմայի կրտսեր եղբայր Կարեն Ա.-ն հանդիպել է Մովսեսին ու պահանջել է, որ նա քրոջ պատիվն արատավորող տեղեկություններ չտարածի:

Մովսեսը պատասխանել է, որ ինքը այդպիսի տեղեկություններ չի տարածում:

2017 թվականի մարտի 12-ին, ժամը 13-ի սահմաններում Կարենն ու Մակարը Մեծամորի 1-ին թաղամասում գործող ավտոտեխսպասարկման շինության հարակից տարածքում վիճել են Մովսես Ս.-ի հետ՝ վերջինիս կողմից իրենց քրոջ համբավն արատավորող տեղեկություններ տարածելու հարցի շուրջ:

Վիճաբանության ժամանակ Կարեն Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Մովսեսի ձախ նստատեղի շրջանին, աջ գոտկային հատվածին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ ձախ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերքերի, աջից՝ գոտկային հատվածի կողմնային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերքի, վերքային խողովակով՝ աջ երիկամի ստորին բևեռի վնասման ձևով:

Մակար Ա.-ն նույն վիճաբանության ժամանակ մեկ այլ դանակով հարվածներ է հասցրել Մովսեսի աջ նստատեղի, աջ ազդրի հետին մակերեսի շրջաններին, ապա դանակի բռնակով հարվածել է Մովսեսի գլխի գագաթային շրջանին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Կարեն Ա.-ն հայտնել է, որ քույրը Մովսեսի նշանը հետ է տվել, քանի որ նա «վատ մարդ էր»: Նշանը հետ ստանալուց հետո Մովսեսը սկսել է վատ արտահայտվել իր քրոջ հասցեին:

Ինքը հանդիպել է նրան, զգուշացրել է, որ «կոռեկտ պահի իրեն»: Բայց Մովսեսը շարունակել է իր վատ արտահայտությունները:

Դեպքի օրը՝ 2017 թվականի մարտի 12-ին, ինքը եղբոր հետ անցնում էր դեպքի վայրի մոտով: Նկատել են Մովսեսին: Նրան կանչել են ավտոտեխսպասարկման շինության մոտ: Ինքը հարցրել է՝ ինչո՞ւ է նա քրոջ հասցեին շարունակում վատ արտահայտություններ անել: Մովսեսը պատասխանել է, թե լավ է անում:

Ինքը բռնել է նրա շորերից, նա՝ իր շորերից: Սկսել են իրար քաշքշել: Տեսնելով, որ Մովսեսը իր շորերը բաց չի թողնում, ինքը գրպանից հանել է դանակն ու երեք-չորս անգամ դրանով հարվածել է Մովսեսի գոտկային շրջանից ներքևի հատվածին: Հարվածներից մի քանիսը դիպել են նրա նստատեղին, մեկ հարվածը՝ ոտքին: Մեկ անգամ էլ հարվածել է Մովսեսի հենց գոտկային շրջանին: Այդ քաշքշոցի ընթացքում Մովսեսը մի անգամ գլուխը խփել է շինության պատին:

Կարեն Ա.-ն պնդել է, թե Մովսեսին սպանելու դիտավորություն չի ունեցել: Եթե այդպիսի մտադրություն ունենար, դանակով կհարվածեր նրա սրտին կամ այլ կարևոր օրգաններին: Իր եղբայր Մակարը Մովսեսին ընդհանրապես չի հարվածել, նա իրենց բաժանում էր: Ինքն իր մոտ եղած դանակը հետագայում ներկայացրել է ոստիկաններին:

Մակար Ա.-ն հայտնել է, որ ինքն ու եղբայրը դեպքի վայրում Մովսեսին հարցրել են՝ ինչո՞ւ է նա իրենց «թասիբին ու ինքնասիրությանը կպնում»: Նա էլ ասել է, թե լավ է անում:

Նրա ու իր եղբայր Կարենի միջև քաշքշոց է եղել: Կարենը գրպանից դանակ է հանել ու հարվածներ է հասցրել Մովսեսին: Ինքը միայն բաժանողի դերում է եղել:

Դատարանում Կարեն Ա.-ն և Մակար Ա.-ն հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Կարենը կողմերի հարցերին պատասխանելով՝ հայտնել է, թե Մովսեսը իրականում գլուխը շինության պատին չի խփել, ինքն է նրա գլխին հարվածել: Այդ քայլին գնացել է՝ Մովսեսին մի քանի անգամ զգուշացնելուց հետո: Դեպքից մեկ օր առաջ «գագաթնակետին էին հասել նրա լկտի, հիվանդ մտքերը», որոնք ինքն է կարդացել ինտերնետում: Նրան ծեծելու միտքը հանկարծակի է առաջացել իր մեջ: Եղբայրը Մովսեսին չի հարվածել…

Տուժող Մովսես Ս.-ն հայտնել է, որ ինքը նախկին նշանածի հասցեին վատ տեղեկություններ չի տարածել: Դեպքի օրը Կարենն ու Մակարը իրեն կանչել են ավտոտեխսպասարկման շինության մոտ: Ինքը հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Կարենն ասել է՝ խոսելու բան կա:

Ինքն ասել է՝ թող մնա, հետո կխոսենք: Բայց Կարենը ձեռքը գցել է իր ուսին, ասել է՝ արի էստեղ: Ինքը հրել է նրան:

Նա դանակով հարվածել է իր աջ կողքին՝ երիկամի շրջանին: Այդ ժամանակ Կարենին միացել է նրա եղբայր Մակարը, ում մոտ նույնպես դանակ կար: Նրանք երկուսով դանակներով հարվածներ են հասցրել իր ոտքերին ու նստատեղին: Երբ ինքը փորձել է հեռանալ, Մակարը դանակի բռնակով հարվածել է իր գլխին:

Ըստ տուժողի՝ Կարենի մոտի դանակն ավելի փոքր էր Մակարի դանակից:

Տուժողը նշել է, թե իր ֆեյսբուքյան էջն ինքը փակել է Էմմայի հետ նշանադրվելուց հետո: Ինքը ինտերնետով նախկին նշանածի հասցեին վարկաբեկող արտահայտություններ չի գրել արտերկրում ապրող իր բարեկամուհուն:

Տուժողը նշել է, թե բողոքում է Կարենից ու Մակարից, ուզում է, որ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Դատարանում տուժողը նշել է, որ երբ երկու եղբայրներն իրեն հարվածներ էին հասցնում դանակներով, ինքը շոկի մեջ էր ընկել: Նրանց հարցրել է՝ ի՞նչ եք անում: Ցանկացել է փախչել, բայց չի կարողացել: Վերջում էլ Մակարը դանակի կոթով հարվածել է իր գլխին, ու նրանք հեռացել են:

Ինքը գոռացել, օգնություն է կանչել: Մարդիկ մոտեցել, իրեն օգնել են: Ինքը հիվանդանոցում պառկել, վիրահատվել է: Հիվանդանոցային ծախսերը կազմել են 180 հազար դրամ, այդ չափով քաղհայցի պահանջ է ներկայացնում ամբաստանյալ եղբայրներին:

Մինչև գործի քննության ավարտը ինքն առաջարկել է, որ իրենից ներողություն խնդրեն, նրանք չեն արել: Ինքը բողոքում է, նրանք պետք է պատասխան տան: Ակնկալում է ճիշտ ու արդար վճիռ, օրենքը թող որոշի…

Իրեն վեց տեղից հարվածել են, ի՞նչ ներողամտության մասին է խոսքը: Երկու եղբայրն էլ իրեն դանակահարել են, խառը հարվածել են: Մեկը պոչկան է վնասել, մյուսը՝ գլուխը: Իր գլուխը պատին չի դիպել: Իր բոլոր վնասվածքները հասցրել են ամբաստանյալները: Երբ նրանք իրեն հարվածներ էին հասցնում, ինքը վախից օգնություն չի կանչել, նրանց հեռանալուց հետո է կանչել:

Տուժողը պնդել է, թե իրեն անհիմն են դանակահարել, ինքը նրանց քրոջ հասցեին «Ֆեյսբուքով» ոչ մի վատ բան չի գրել:

Վկա Էմմա Ա.-ն հայտնել է, որ ինքը նշանը հետ է տվել Մովսեսին, քանի որ իրենց հարաբերությունները նշանվելուց հետո վատ են դասավորվել: Դրանից հետո ինքն անձամբ է կարդացել Մովսեսի գրած վատ արտահայտությունները իր հասցեին: Համոզվելով, որ նա ոտնահարում է իր արժանապատվությունը, այդ մասին հայտնել է եղբորը՝ Կարենին:

Տուժողը նշել է, որ ինքն ու Մովսեսը «միմյանց համար չեն եղել»: Նրանից հեռանալով՝ ինքը փրկել է իրեն: Նշանը հետ հետո իր մասին Մովսեսի գրած արտահայտությունները կարդալով՝ ինքն ընկել է սթրեսի մեջ: Լաց է եղել, դողացել է… Պատմել է ծնողներին, բարեկամներին: Վատ հոգեվիճակում է եղել: Հետո է մտածել, որ եղբորը չպիտի ասեր…

Կատարվածի մասին լսելով՝ առաջինը եղբոր մասին է մտածել…

Դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալ եղբայրներից յուրաքանչյուրին մեղսագրված արարքը: Հաշվի է առել, որ եղբայրները վատառողջ են:

Կարեն Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մարտի 12-ից:

Մակար Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու դատապարտվել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով:

Ամբաստանյալներից հօգուտ տուժողի կբռնագանձվի 180 հազար դրամ՝ որպես բուժման ծախսերի հատուցում:

Spread the love