ՄԻՊ-ը հայտնում է բաժիններում բերման ենթարկված անձանց ժամկետից ավելի պահելու մասին

- in Պաշտոնական
Arman Tatoyan

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղեկություններ են ստացել, որ Երևան քաղաքի ոստիկանության մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի: Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների աշխատակազմից, միջոցներ են ձեռնարկվում նրանց պահելու հիմքերը պարզելու և դրա հիման վրա իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: 

«Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին: Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը այդ հարցը կուսումնասիրի, կքննարկի և լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:

ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ Փաստաբանների պալատի ներկայացուցիչն անմիջական կապի մեջ է գտնվում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների հետ:

«Փաստաբանները նշել են, որ իրենց, ինչպես լրագրողներն են բնորոշում «պատանդ» չեն վերցրել, պարզապես իրենք ցանկանում են դուրս գալ բաժնից միայն իրենց վստահորդների հետ, որոնց պահման ժամկետներն օրենքով ավարտված են: Այս պահին փաստաբանների պալատի ներկայացուցիչներն ուղևորվել են Արաբկիրի ոստիկանության բաժին հանդիպելու բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբաններին՝ տեղում խնդիրներն ուսումնասիրելու և օժանդակություն ցույց տալու համար»,- ասել է Խաչատրյանը:

Spread the love