ՄԻՊ-ին մտահոգում է երեկ Հերացիում տեղի ունեցած ծեծկռտուքը. ոստիկանությունից պարզաբանում է պահանջում

Arman Tatoyan

Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել։ 

«1) Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին:

Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

2) Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները հավաքի ընթացքում պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով:

3) Այսօր ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հավաքագրել ու վերլուծել է հավաքի ընթացքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերը, դրանց վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դրանց գործադրման վայրում անմիջականորեն արձանագրած դեպքերը:
Այս տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քննարկման առանձին ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած բոլոր նյութերը կուղարկվեն Դատախազություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու պահանջով:   Այս առնչությամբ առկա է համապատասխան իրավական ընթացակարգ սկսելու անհապաղ անհրաժեշտություն:

4) Հատկապես մտահոգիչ են հավաքի մասնակիցների և ոստիկանների տուժելու վերաբերյալ տեղեկությունները: Դրանք պետք է քննության առարկա դարձվեն համապատասխան միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։

Մտահոգիչ է նաև Երևանի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում ցուցարարների և նրանց գործողություններից դժգոհ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը։ Այդ առնչությամբ ակնկալում ենք Ոստիկանության պարզաբանումները։

5) Հատուկ կարևորում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և հավաքի ընթացքում ելույթ ունեցող մյուս գործիչների անընդհատ կոչերն ու հորդորները բռնությունից զերծ մնալու և հավաքի խաղաղ բնույթը պահպանելու վերաբերյալ:

Այդ կոչերի կարևորությունը պայմանավորված է նաև այն փաստով, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի գրառումների ու մեկնաբանությունների ուսումնասիրությամբ արձանագրվել են ատելության խոսք և բռնության կոչեր:

6) Ներկայում կարևոր է նաև լրատվամիջոցների բնականոն գործունեությունը: Ուստի, Պաշտպանի աշխատակազմի առանձին ուշադրության հարց է լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը: Այդ նպատակով իրականացվում է առանձին դիտարկում:factor.am էլեկտրոնային լրատվամիջոցի օպերատորի տուժելու և տեխնիկայի վնասվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխան քննության պահանջով նույնպես կուղարկվի իրավապահ մարմիններին:

7) Իրավասու պետական մարմիններն իրենց հերթին պետք է հանրությանը տրամադրեն անընդհատ տեղեկություններ հավաքների կապակցությամբ իրենց գործողությունների, հավաքների մասնակիցների տուժելու փաստերի ու դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

Պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկությունները կարևոր երաշխիք են ոչ հավաստի տեղեկությունների տարածումից ու դրանց հետևանքով ստեղծվող հնարավոր խուճապային իրավիճակներից խուսափելու նպատակով: Սա կարևոր է նաև այդ մարմինների նկատմամբ վստահության տեսանկյունից», – ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Spread the love