Փաստաբան Ռուստամ Բադասյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը իրեն հայտնել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրվա ընթացքում եղել է Սևանի բաժնում, բայց տեղափոխվել է։ Աղեկյանը նշել է, որ չի կարող տեղեկություն տրամադրել պատգամավորի գտնվելու վայրի մասին։

Փաստաբանը ավելի վաղ խոսել էր քննիչ Թադևոսյանի հետ, ով, հիշեցնենք, զանգահարել է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, և հայտնել, որ պատգամավորը Սևանի բաժնում է։ Աննա Հակոբյանից ստանալով քննիչի հեռախոսահամարը՝ Բադասյանը զանգահարել էր քննիչին, ով հաստատել էր, որ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է և որ փաստաբանը կարող է տեսակցել նրա հետ։

Բադասյանն այս պահին փորձում է կրկին կապ հաստատել Թադևոսյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար, սակայն քննիչը հեռախոսազանգերին և կարճ հաղորդագրությանը չի պատասխանում։

Փաստաբանի պնդմամբ, ինքը ողջ օրվա ընթացքում փորձել է Փաշինյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալ Ոստիկանությունից, ԱԱԾ֊ից, ՀՔԾ֊ից, որի վարույթում գտնվում է գործը, սակայն դա նրան չի հաջողվել։

Բադասյանի գնահատմամբ, ստեղծված իրավիճակով կոպտորեն խախտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանության իրավունքը։

Spread the love