Ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Կարեն Կարապետյանի հեռացումը

Sezh Karen

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: Հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական: 

Իհարկե, Երևանում ծավալված դրամատիկ իրադարձությունները, Սերժ Սարգսյանի հրաժարականը և Կարեն Կարապետյանի նոր կարգավիճակը Հայաստանում շեշտակի մեծացրել են նրա տնտեսաքաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի դերը: Ներդրումները, անշուշտ կարևոր են, սակայն անհամեմատ ավելի լայն և ընդգրկուն է Սամվել Կարապետյանի դերակատարությունը: Նա, ըստ էության, պետք է կանխի օլիգոպոլ համակարգի փլուզումըապահովելու համար Կարեն Կարապետյանի վարչապետությունը, նոր իշխանության ձևավորումը հին համակարգի հենքով: Եվ խիստ ուշագրավ է, որ Կարապետյանների հանդիպումը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի այսօրվա նիստը, անմիջապես նախորդում են վարչապետի պաշտոնակատարի և Նիկոլ Փաշինյանի վաղվա բանակցություններին: Կարեն Կարապետյանը փորձում է հակակշռել փողոցի հզոր էներգետիկային և, այսպես ասած, մուսկուլներ ցույց տալ:

Սակայն պալատական այս միտումները, տրամադրությունները հիմնվում են 2017-ի ապրիլի 2-ի արդեն ժամկետանց, ըստ էության չեղարկված կոնսենսուսի վրա ու հենց այդ տրամաբանության մեջ հակադրվում են, այսպես կոչված, թավշյա հեղափոխության տրամաբանությանը:

Կարևոր չէ, թե մեզանից ով և ինչ դիրքորոշում է ունեցել Նիկոլ Փաշինյանի շարժման տարբեր էտապների վերաբերյալ: Գոյություն ունի կուռ քաղաքական տրամաբանությունհիմնված ռեալ պոլիտիկի, փաստերի վրա: Իսկ իրականությունն այն է, որ թավշյա հեղափոխությունը պետք է ռեալիզացնի իր բովանդակ օրակարգը վարչապետի պաշտոնը, երկրի կառավարման ղեկը հանձնելով Նիկոլ Փաշինյանին: Երևանի վերջին օրերի դրամատիկ զարգացումներն այլընտրանք չեն թողնում:

ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը պետք է արժանապատվորեն ընդունեն իրենց պարտությունը ու, հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին, հեռանան` իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանին:

Վերջինս, իր հերթին, պետք է հրապարակավ հայտարարի, թե պատրաստ է ստանձնել պետության ղեկավարման քաղաքական պատասխանատվությունը: Հակառակ պարագայումիր սուբյեկտությունը վերականգնած, քաղաքացիական զարթոնք ապրող հասարակությունը հերթական անգամ հիասթափվելու է մտածելով, որ «Մերժիր Սերժին» շարժումը հռչակված նպատակների տողատակում ունեցել է լատենտ նպատակներ` աջակցելով համակարգային սեգմենտներից մեկին:

Մենք, իհարկե, այդպես չենք մտածում, սակայն անհրաժեշտություն ենք համարում թավշյա հեղափոխության հաղթանակի ինստիտուցիոնալացումը:

Հայաստանի հասարակությունը ապրիլի 23-ին մերժել է ՀՀԿ իշխանությունը, ինչը ենթադրում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Կարեն Կարապետյանի հեռացումը: Մյուս կողմիցեթե նույնիսկ խորհրդարանում պահպանվի հանրապետական ֆորմալ, ձևական մեծամասնությունը, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վերացել է Կարեն Կարապետյանի որևէ ինստիտուցիոնալ կապ ՀՀԿ-ի հետ, ըստ այդմ նա վարչապետ չի կարող դառնալ անգամ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հենքով:

Զուր է Կարեն Կարապետյանը փորձում իշխանությունը «վերակենդանացնել» ներդրողների ակումբով, որը նրա վարչապետության մեկուկես տարիներին կատարելապես ձախողվել է:

Իշխանության և ընդդիմության միջև կոմպրոմիսի հնարավորություն, այնուամենայնիվ, կա: Նիկոլ Փաշինյանը` վարչապետության և կառավարություն ձևավորելու ազատության դիմաց, կարող է նույնիսկ հրաժարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջից, պետք է երաշխավորի հազարավոր աշխատատեղեր բացած գործարարների սեփականության անձեռնմխելիությունը: Իհարկե, դա որևէ կերպ չի կաշկանդում Փաշինյանի ձեռքերը, որպեսզի նա վերացնի արագաչափերը, բանակում տիրող ապօրինությունները, պայքարի կոռուպցիայի և մենաշնորհների դեմ:

Արձանագրենք, որ վաղը մեկնարկող բանակցությունները` իրենց սկզբունքայնությամբ և կարևորությամբ, չեն զիջում Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացին: Սկզբունքորեն ավելի կարևոր է նոր իշխանության քաղաքական հասցեականությունը և քաղաքական բովանդակությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20