Vardan Oskanyan

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում դատապարտել է պատգամավորների ձերբակալությունը, ապա երկրորդ գրառումն է արել․ 

«Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ամբողջ իմաստն ու էությունը առաջին հերթին այն է, որ նման իրավիճակներում նա, որպես ոչ կուսակցական այր, կարողանա միջնորդել, արբիտրի դերում հանդես գալ՝ առաջնորդվելով ժողովրդի ու պետության շահերով։ Նախագահն այդ պաշտոնում ներկայացնում է ոչ թե իշխանությունը, այլ պետությունը։ Նրա այցը Հանրապետության հրապարակ ողջունելի էր, թեև դրական արդյունք չտվեց։ Սակայն դա չի նշանակում, որ նախագահն այլևս անելիք չունի:

Օբյեկտիվ գնահատելով իրավիճակը՝ Արմեն Սարգսյանը՝ որպես պետության գլուխ, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ պետք է գնան վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ՝ համոզելու նրան, որ ճգնաժամի հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է՝ բնականաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր՝ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող կազմով և ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությամբ։ Այդ փաստի ընդունումից հետո, ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ կլինի Նիկոլ Փաշինյանի մյուս երեք նախապայմանների շուրջ բանակցելը»։

Spread the love